Լրահոս
Օրվա լրահոսը

Կա մեկ հանդուրժողա կանություն

Հոկտեմբեր 20,2012 12:54

Առավոտյան աշխատանքի գնալիս ես տեսնում եմ, թե ինչպես են դպրոցներից մեկում տաքսիով բերում հաշմանդամ երեխային, որը շենք է մտնում առանձին մուտքից: Պարզ է. հաշվի է առնվում մեր մշակույթի մակարդակը՝ մի քանի հարյուր դպրոցականներից եւ նրանց ծնողներից դժվար է ակնկալել, որ նրանք կդրսեւորեն պատշաճ նրբանկատություն այդ երեխայի նկատմամբ, եւ միանգամայն ճիշտ քայլը՝ հասարակությանը նրան ինտեգրելը չի վերածվի այդ աշակերտի համար ողբերգության: Ամերիկյան կամ եվրոպական դպրոցում նման խնդիր չէր առաջանա՝ նման երեխաները բոլորի հետ շարք են կանգնում եւ մտնում դպրոց ընդհանուր հոսքի հետ: Որովհետեւ այնտեղ մնացած երեխաներին, նրանց ծնողներին եւ պապերին սովորեցրել են, հասկացրել են, որ մարդիկ կարող են տարբեր լինել, եւ այդ տարբերություններն ինքնին ոչ մի բանի մասին չեն խոսում՝ ո՛չ առավելությունների, ո՛չ թերությունների. ամեն ինչ պայմանավորված է յուրաքանչյուր մարդու անհատականությամբ, նրա մտավոր եւ հոգեւոր ունակություններով: Օրինակ՝ ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպիսի աթոռին է նստած ու ինչպես է տեղաշարժվում տվյալ գրողը կամ նկարիչը, եթե նա բարձրրժեք կտավներ է ստեղծում: Դա չի խոսում այդ մարդու ինչ-որ «հերոսության» մասին, պարզապես Աստված նրան տվել է այդ շնորհքը: Հայաստանում դա քիչ է՝ չեն հասկանում շարքային մարդիկ, դա դժվարամարս է մեր իշխանավորների համար, որոնք ստորագրել են խտրականությունը բացառող եվրոպական հազարումի կոնվենցիաներ եւ բառերի մակարդակով կարծես թե կողմ են այդ գաղափարներին: Բայց արի ու տես՝ նրանք նույնքան տոլերանտ են, որքան Օսվենցիմի բանտապետերը, եւ չեն էլ կարողանում զսպել իրենց սահմանափակ մտքի «արտանետումները»: Բնականաբար, նրանք մատը մատին չեն խփում՝ հաշմանդամների նորմալ տեղաշարժվելու հնարավորություններ ստեղծելու համար՝ համարում են դա «ավելորդ շքեղություն»: Չեն հասկանում, որ դա պետք է ոչ այնքան հաշմանդամներին, որքան մեզ՝ բոլորիս, որովհետեւ խոսում է մե՛ր բարոյական որակների մասին:

Ավելին՝ պաշտոնյաներից հետ չեն մնում նրանք, ովքեր պետք է որ դրականորեն ազդեն հասարակական կարծիքի վրա: Բայց, այսպես կոչված, մտավորականներից քչերն են հանդգնում դեմ գնալ հոսանքին եւ ասել, որ կա ՄԵԿ հանդուրժողականություն՝ քեզնից տարբերվող ցանկացած էակի նկատմամբ: Այդ տարբերությունը կարող է արտահայտվել ֆիզիկական առանձնահատկություններով, մաշկի գույնով, ազգությամբ, կրոնով, սեռական կողմնորոշմամբ, քաղաքական հայացքներով եւ այլն: Մտավորականները դա չեն ասում՝ գերադասում են «միավորներ հավաքել» ամբոխի մոտ:

Ռեյ Բրեդբերիի հերոսներից մեկն ասում է՝ դեռ պարզ չէ, թե ով է նորմալ, իսկ ով՝ աննորմալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով ում է փակում վանդակում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031