Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալբերտ Մկրտչյանը` Յուրի Երզնկյանի մասին. Այդ ապշելու անձնավորությունը չէր կարող չստեղծել ապշելու ֆիլմեր

Հոկտեմբեր 20,2012 11:54

Անիտա Երզնկյան

«Խաթաբալա», «Առաջին սիրո երգը», «Այս կանաչ, կարմիր աշխարհը » … 60 ավելի ֆիլմ է ստեղծել անվանի ռեժիսոր Յուրի Երզնկյանը, ում հոբելյանը երեկ  Հայաստանի ազգային կինոկենտրոնի  «Կինոաշուն» նախագծի շրջանակներում նշվեց ծննդավայր Ալավերդիում: «Միջոցառմանը  մասնակցում էր կինոկենտրոնի թիմը` տնօրեն Գեւորգ Գեւորգյանի գլխավորությամբ, ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանն ու Հովհաննես Գալստյանը, Երզնկյանի ընտանիքի անդամները` դուսրը` կինոգետ Անիտա Երզնկյանը, որդին` Ռուբենը, թոռնուհին:

Կինոռեժիսորի սանը` Հովհաննես Գալստյանը բացեց միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեց նաեւ  «Խաթաբալան»: Նա փաստեց, որ արդեն երրորդ տարին է Հայաստանի ազգային կինոկենտրոնն իրականացնում  է «Կինոաշուն»  ծրագիրը, որի նպատակներից մեկն էլ Հայաստանի մարզերում նոր կինոն, հայկական կինոն եւ նրա սյուներին ներկայացնելն է: «Այն ազգը, որ չի կռվում իր հանճարների եւ նրանց թողած արժեքների համար, չի պահպանում ու հիշում դրանք, վերածվում է մարդկանց սովորական խմբի»,-նշեց Գալստյանը: Նա փաստեց, որ օրինակ, երզնկյանական «Առաջին սիրո երգը» ունեցել է 26 մլն հանդիսատես, մի բան, որը երազանք է այսօրվա շատ ռեժիսորների համար: «92-93 թվականներին, երբ  ամեն մութ էր ու անհույս, Յուրի Արամայիսովիչը  թերթ էր տպում կինոյի մասին եւ մեզ` իր սաներին ստիպում ժապավենի վրա ֆիլմ նկարել»,-հիշեց ռեժիսորը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ Ալավերդու մշակույթի տանը հավաքված հանդիսատեսին ասաց. «Այս երեկոն կփորձենք Ձեզ համար տոն դարձնել, որովհետեւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող այս ծրագիրը հենց այդ նպատակին է միտված: Այսօր կրկնակի տոն է, որովհետեւ նշում ենք ձեր հայրենակից, ականավոր կինոգործիչ Յուրի Երզնկյանի ծննդյան հոբելյանը: Ու ինչքան երջանիկ պիտի լինեինք, եթե նա մեզ հետ լիներ»:

Պարոն Գեւորգյանը հայտնեց, որ պաշտոնապես դիմելու են մարզի ղեկավարությանը` Ալավերդիում որեւէ մշակութային հաստատություն կամ փողոց հայ կինոյի երախտավորի անունով կոչելու համար:

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը նշեց, թե միայն գրքերից չէ, որ ծանոթ է Յուրի Երզնկյանին ու նրա ընտանիքին, նաեւ պատրաստակամություն հայտնեց աջակցել կինոկենտրոնի բոլոր հետագա միջոցառումներին:

Ալբերտ Մկրտչյանը զուգահեռներ անցկացրեց երզնկյանական կինոյի եւ նրա ծննդավայրի գեղեցկության միջեւ. «Ես առաջին անգամ եմ Ալավերդիում եւ մի բան եմ նկատել` ինչքա~ն նման է Յուրի Երզնկյանը իր ֆիլմերով էս լեռներին, էս ծառոտ երկրին: Ապշելու անձնավորություն էր, իսկ ապշելու անձնավորությունը չէր կարող չստեղծել ապշելու ֆիլմեր»:

Ռեժիսորի դուստրը` Անիտա Երզնկյանը հիշեց, որ հայրը սիրում էր իր ծննդավայրը ու հենց տեղի հանդիսատեսն էլ հաճախ դառնում էր նրա պրեմիերաների առաջին հանդիսատեսը: Նա հիշեցրեց, որ Յուրի Երզնկյանը որդին է ականավոր քաղաքական գործիչ Արամայիս Երզնկյանի, որն իր տանը մշտապես հյուրընկալել է ոչ պակաս ականավոր այլ անհատների ու մտավորականների, իսկ նրանց ներկայությունը չէր կարող իր հետքը չթողնել կինոգործչի աշխարհընկալման ու կինո գեղագիտության վրա:

Ի դեպ, Յուրի Երզնկյանը ժամանակին  սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց),  ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Մ. Ռոմմի արվեստանոց):

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031