Հայ ազգային կոնգրեսը փաստորեն ավելի ու ավելի է որոշակիանում «Բարգավաճ Հայաստան»-ի հետ նախագահական ընտրություններում միասնական մասնակցության հարցում: Դրա պարզ վկայությունն է Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը ԲՀԿ-ի նախագահի սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքով, որտեղ նա պարզ հայտարարել է, որ Կոնգրեսը ԲՀԿ-ի հետ համագործակցելով` կկարողանա հրաժարական պարտադրել Սերժ Սարգսյանին:
Այսինքն` այս մասին արդեն խոսվում է հստակ ու բացահայտ, և Կոնգրեսը պարզ ասում է, որ առանց ԲՀԿ-ի ինքը անզոր է Սերժ Սարգսյանի դեմ: Այն, որ Զուրաբյանը նաև խոսում է ԲՀԿ-ի առանձին անզորության մասին, դա ընդամենը հավասարակշռությունը պահելու թույլ փորձ է, որովհետև իրականում «Բարգավաճ Հայաստան»-ը Սերժ Սարգսյանի հետ ունի իր խնդիրները, որոնք պայմանավորված են ընդամենը հայաստանյան կարկանդակի բաժանման շուրջ անհամաձայնություններով: Եվ այս ուժի հետ Կոնգրեսը Հայաստանում իշխանափոխության հույսեր է կապում և դեռ մի բան էլ այդ հույսերի ընդդիմախոսներին մեղադրում ծախվածության և պատվեր կատարելու մեջ:
Իսկ ո՞ւմ և ինչքանո՞վ ծախեց Կոնգրեսը այն համաժողովրդական շարժումը, կամ ինչպես ծախսվեց շարժումը, որը չորս տարի առաջ Հայաստանում աննախադեպ հզոր ալիքով իշխանությանը ստիպել էր հայտնվել գրեթե անելանելի վիճակում: Ինչպե՞ս հաջողվեց Կոնգրեսին չորս տարվա ընթացքում այնպես փոշիացնել այդ շարժումը, որ այսօր մնում է ընդամենը շարժման մնացած փշրանքներին համոզել, որ ճիշտը ԲՀԿ-ի հետ միասնական լինելն է: Կոնգրեսի ո՞ր գործիչն է պատասխան տալու ժողովրդական շարժման ալիքը մսխելու համար, հսկայական շերտեր Կոնգրեսից վանելու համար: Ո՞վ է պատասխան տալու Մարտի 1-ի օլիգարխների ցուցակում Գագիկ Ծառուկյանի անվան հայտնվելու համար, կամ ցուցակից նրա անունը ըստ էության այսօր հանելու համար:
«Բարգավաճ Հայաստան»-ը միգուցե ՀԱԿ-ի հույսն է, սակայն նա չի կարող լինել քաղաքացիական Հայաստանի հույսը, որովհետև ԲՀԿ-ն և՛ երեկ, և՛ այսօր այնքան հակաքաղաքացիական ուժ է, որ ուղղակի ճակատագրական մոլորություն կլինի այդ ուժը դիտարկել որպես վաղվա քաղաքացիական Հայաստանի հույս: Համենայնդեպս, դրա համար «Բարգավաճ Հայաստան»-ը մեկ առ մեկ պետք է դիրքորոշում հայտնի ու պատասխան տա այն բոլոր հակաքաղաքացիական իրադարձությունների համար, որ եղել են մինչև այսօր, որպեսզի հասարակությունը երաշխիք ունենա, որ դրանք չեն լինի վաղը:
Կարդացեք նաև
Սակայն ԲՀԿ-ն խուսափում է այդ պատասխաններից, իսկ փոխարենը պատասխանների մղում ՀԱԿ-ին` ստիպելով այդ ուժին ավելի ու ավելի բաց ծառայել իրեն, իր համար ըստ էության կատարելով այն դերը, ինչ ՕԵԿ-ը` ՀՀԿ-ի համար: ՕԵԿ-ն էլ առանց ՀՀԿ-ի չի կարող իշխանություն ունենալ Հայաստանում:
«Ժամանակ»