Երեկ երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված տոնական երեկոն, որին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀԲԸՄ 300 պատվիրակներ սփյուռքից :
Հիշեցնենք, որ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը սփյուռքի համաժողովրդական հնագույն կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1906 թ Կահիրեում: ՀԲԸՄ հիմնադիր նախագահն է Պողոս Նուպար փաշան: Այն գործում է աշխարհի 26 երկրներում, ունի 36 միլիոն դոլար բյուջե: Ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում ՀԲԸՄ-ն շուրջ մեկ միլիարդ դոլար է տրամադրել հայ ժողովրդի կարիքներին՝ մարդասիրական, սոցիալական, կրթական, առողջապահական, երիտասարդական:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ողջույնի խոսքը ՀՀ նախագահին փոխանցելիս շփոթմունքից արտասանեց ոչ թե Սերժ Սարգսյան, այլ Սերժ Սեդրակյան:
ՀՀ նախագահն իր ողջույնի խոսքը սկսելուց առաջ ՀԲԸՄ նախագահի շփոթմունքին պատասխանեց.«Սեդրակյան ազգանունն էլ վատը չէ, բայց Սարգսյանի հետ չեմ փոխի»:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահը բարձր գնահատեց ՀԲԸՄ ազգանպաստ ու հայապահպան գործունեությունը:
«ՀԲԸՄ-ն առաջին կառույցներից էր, որն արագ արձագանքեց Սիրիայում ստեղծված ճգնաժամին և ֆինանսական աջակցություն ցուցաբերեց մեր հայրենակիցներին: Կարծում եմ՝ սա այն տեղն է, ուր կարելի է հայտարարել մենք չենք խրախուսում արտագաղթ Սիրիայից, բայց մենք տերն ենք յուրաքանչյուր հայի, ով կգա Հայաստանի Հանրապետություն »,- ասաց Սերժ Սարգսյանը:
Մելանյա Մելքումյան