Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական խոստումները եւ Գալուստ Սահակյանի ցնցող պատասխանը՝ հաշմանդամ մարդկանց մասին (ձայնագրություն)

Հոկտեմբեր 19,2012 23:26

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ապշեցուցիչ պատասխան տվեց մեր հարցին, թե ինչու գոնե Ազգային ժողովի շենքը չեն հարմարեցնում հաշմանդամություն ունեցող մարդկանց:

Բանն այն է, որ ՀՀԿ-ն դեռեւս նախորդ խորհրդարանական ընտրություններին նախընտրական խոստում էր տվել, որ պետք է վերացնեն մեր երկրում անհավասարություն ծնող պատճառները, աշխատունակ խոցելի խավերի համար հասանելի դարձնեն կրթությունը, աշխատանքը, հաշմանդամություն ունեցողների համար ստեղծեն մատչելի պայմաններ եւ այլն: Սակայն մի քանի օր առաջ ԱԺ-ում տեսանք, թե ինչ մեծ դժվարությամբ է «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյանը սայլակով փորձում բարձրանալ ԱԺ-ի աստիճաներով, որովհետեւ վերելակները նեղ են, եւ սայլակը չի մտնում: Մեր հարցին՝ ի՞նչ եք անում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար եւ ինչո՞ւ չեք կատարում ձեր նախընտրական խոստումները՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այն, որ այդ ոլորտում բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, որեւէ մեկը չի կարող հերքել»: Մենք խնդրեցինք օրինակներ բերել, թե կոնկրետ ի՞նչ են արել. «Բազմաթիվ, կարող եմ թվարկել, բայց այն, որ  էլի կա կատարելու՝ բնական է: Դա անընդհատ գործունեություն է»:

Մեր դիտարկմանը, որ մեր երկրի հաշմանդամություն ունեցող մարդիկ առանձապես փոփոխություն չեն զգում, երկիրը չի դառնում մատչելի, օրինակ, բերվում են  Wi Fi-ով ավտոբուսներ, բայց դրանք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցողների համար՝ Գալուստ Սահակյանը  պատասխանեց. «Տարիներ առաջ հաշմանդամներն ընդհանրապես չէին կարողանում տանից դուրս գալ: Հիմա բավականին հետաքրքիր է: Նախ, իրենց սայլակների խնդիրն է լուծվել: Նախեւառաջ որոշակիորեն  կարողանում են միջազգային արենայում հանդես գալ: Դրա համար ասում եմ՝ բազմաթիվ աշխատանքներ կատարվել են: Իսկ Ազգային ժողովում, որ ասում եք, դա հարմարեցնելու խնդիր չկա, որովհետեւ շատ հանգիստ սայլակով կարելի է մտնել, լիֆտով բարձրանալ»: Երբ տեղեկացրինք պարոն Սահակյանին, որ ԱԺ-ի վերելակները նեղ են, սայլակը չի մտնում՝ նա հակադարձեց. «Այսինքն մտածում եք նոր լիֆտե՞ր դնենք: ԱԺ ես չեմ հիշում, որ էս տարիների ընթացքում…ընդամենը մեկ-երկու հաշմանդամ է եկել: Մեկ էլ լսումների ժամանակ են գալիս: Դուք  կարող եք շատ անդրադառնաք խանութներում, հիվանդանոցներում ինչու չկա»: Մեր դիտարկմանը, որ թեկուզ միայն 1-2 հոգու համար, միայն Արման Մուշեղյանի համար չարժի՞ նման ծախս անել, չէ՞ որ այսօր ոչ մեկս ապահովագրված չենք հաշմանդամությունից, իհարկե, Աստված չանի, բայց դուք էլ եւ մյուս պատգամավորներն էլ կարող են հաշմանդամություն ունենալ՝ պարոն Սահակյանը պատասխանեց, որ ԱԺ-ում նաեւ ոչ հաշմանդամներ կան, իրենք պիտի ոչ հաշմանդամների կարիքներն էլ բավարարեն: «Խնդիրը հետեւյալում է, որ դրան քաջ տեղյակ ենք, զգում ենք: Հնարավորությունների խնդիր է, իսկ այդ հնարավորությունները ոչ այնքան առատ են, ոչ էլ կարելի է շուտափույթ լուծել»:  Մենք հուշեցինք, որ դա մեծ ծախսերի հետ կապված չէ, կարելի է գոնե թեքահարթակներ դնել՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Լիֆտը պիտի փոխենք, թեքահարթակը որտե՞ղ դնենք, աստիճանների վրա այդ տարածքով թեքահարթակը դնես ի՞նչ անի, չի կարող բարձրանալ»:

Galust

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններին կոնկրետ խոստումներ էր տվել հաշմանդամություն ունեցող մարդկանց, որ պիտի զբաղվեր նրանց մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ աշխատանքի տեղավորման հարցերով: Սակայն երբ հետաքրքրվեցինք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի ընկերություններում՝ «Մուլտի ռեսթ հաուսում», «Մուլտի կոնցեռնի» մաս կազմող «Մուլտի սիթի Հաուսում» նմուշի համար հաշմանդամություն ունեցող ոչ մի մարդ չի աշխատում: Մեր հարցին, թե ի՞նչ քայլեր է հիմա անում ԲՀԿ-ն՝ նախընտրական խոստումը կատարելու ուղղությամբ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք նախագծեր ունենք հիմա շրջանառության մեջ դրված: Հետո, Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի ջանքերով բազմաթիվ հասարակական վայրերում թեքահարթակներ են տեղադրվել: Դրանք արդեն արված են»:

Ինչ վերաբերում է ԱԺ շենքը հարմարեցնելուն՝ տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ԱԺ շենքում թեքահարթակ տեղադրելու թույլտվություն Գագիկ Ծառուկյան հիմնադրամին կտան: Եթե տան, մենք սիրով այդտեղ էլ կտեղադրենք: ԱԺ շենքի որ մուտքի մոտ մեզ թույլտվություն տան դնելու՝ մենք սիրով կտեղադրենք: Բայց ես, իհարկե, չեմ կարծում, որ այդ թույլտվությունը մեզ կտան: Մենք պատրաստ ենք մեր այդ ծրագիրը շարունակելու: Բայց  գիտեք, միայն դրանով հաշմանդամություն ունեցողներին խնդիրը հնարավոր չէ լուծել: Կարեւորագույն խնդիրը մնում է նրանց ինտեգրելը հասարակությանը: Մեր ֆրակցիայի տնտեսական թիմը հիմա աշխատում է առնվազն 2-3 օրենսդրական նախաձեռնությունների վրա, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք համալրված են բացառապես հաշմանդամներով, նրանց հարկային որոշակի արտոնություններ տան: Մոտ 2-3 նախագծերի վրա մեր խմբակցությունն աշխատում է, եւ մոտ ապագայում մենք դրանք կդնենք շրջանառության մեջ: Իսկ մյուս  առաջնային խնդիրները, թեքահարթակների տեղադրումը, որպեսզի հաշմանդամ մարդիկ տնից դուրս գան եւ օտարված չլինեն հասարակությունից, բազմաթիվ տեղերում այդ խնդիրը հիմնադրամը լուծել է»:

Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը մի շարք սեփական ընկերություներ ունի, այնտեղ ինչո՞ւ չի փորձում տեղավորել գոնե մի քանի հաշմանդամություն ունեցող մարդու՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, հիմնադրամի գործունեությամբ ես չեմ զբաղվում: Չեմ կարող պատասխանել՝ աշխատո՞ւմ են հաշմանդամներ, թե՞ ոչ: Բայց եթե կան մարդիկ, որոնք հաշմանդամության այս կամ այն կարգը ունեն, բայց ունակ են աշխատելու, ես չեմ կարծում, որ Ծառուկյանի որեւէ ընկերությունում, «Մուլտի գրուպին» պատկանող որեւէ ձեռնարկությունում նրանց հանդեպ ինչ-որ բացասական վերաբերմունք լինի: Դա բացառվում է»:

ՀՀԿ պատգամավոր՝ Հովհաննես Սահակյան

Ի տարբերություն Գալուստ Սահակյանի, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեր հարցին, թե ինչո՞ւ հաշմանդամություն ունեցողերի համար մատչելի պայմաններ չեն ապահովում՝ պատասխանեց. «Դա իսկապես շատ կարեւոր խնդիր է: Ես ինքս, լինելով աղետի գոտու ե՛ւ ծնունդ, ե՛ւ բնակիչ Սպիտակի, թեքահարթակները մենք  տեսնում ենք, որ բավականին լուրջ խնդիր են հաշմանդամություն ունեցողների համար եւ ոչ միայն Սպիտակում, այլեւ ամբողջ մեր երկրում: Քաղաքակիրթ երկրներում մենք գիտենք, որ նույնիսկ քաղաքային տրանսպորտն է հարմարեցված, որպեսզի լիարժեք, որպես հասարակության անդամ կարողանան ինտեգրվել: Շնորհակալություն մեզ հուշելու համար: Մենք դրանով կզբաղվենք»:

Մեր դիտարկմանը, որ մեր երկիրը վաղուց միացել է միջազգային կոնվենցիաներին եւ նման խնդիրները պետք է վաղուց լուծված լինեին՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ընդունում եմ, բայց դա բավականին լուրջ խնդիր է ե՛ւ նյութական, ե՛ւ նաեւ կազմակերպչական: Եթե վերցնենք միայն Ազգային ժողովում թեքահարթակներ կառուցելը, մենք կարող ենք կազմակերպել, որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց  խնդիրը նաեւ վերաբերում է ամբողջ հանրապետությունով մեկ պետական կառույցներին, բնակելի շենքերին: Փորձենք որոշակի քայլեր անել»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է: Մատչելի պայմաններ ստեղծելու հետ կապված մեր հարցին նա պատասխանեց. «Լուծումները շատ պարզ են, ընդամենը պետք է տեխնիկական միջոցներ ներդրվեն կամ շինարարական ինչ-որ գործընթաց սկսվի, որպեսզի սայլակներով մարդիկ նույնպես կարողանան մտնել ԱԺ եւ այստեղ ազատ տեղաշարժվեն: Գիտենք, որ այս շենքը շատ հին շենք է եւ սովետական ժամանակներից կառուցված է: Ես, այո, դա համարում եմ լուրջ խնդիր, եւ ինքս, որպես հանձնաժողովի փոխնախագահ,  եթե նման նախաձեռնություն կա, իսկ ես գիտեմ, որ «Ժառանգությունն» ունի նման նախաձեռնություն, ես սիրով կմիանամ այդ նախաձեռնությանը»:

 Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

«Դուք քանի՞ անգամ եք եղել ԱԺ շենքում, պարո՛ն նախարար»,- բյուջեի կատարողականի քննարկումից հետո ԱԺ-ում Aravot.am-ի այս հարցին նախարարը պատասխանեց՝ «Շա՜տ եմ եղել, ինչի՞ համար եք հարցնում»: Մենք նախարարին խնդրեցինք ուշադրություն դարձնել ու գնալուց հաշվել, թե քանի աստիճան է հաղթահարում կամ վերելակից է օգտվում այդ շենքում՝ ասենք, ԱԺ 334 սենյակ հասնելու համար: Մեր հարցին՝ Դուք երբեւէ մտածե՞լ եք, որ այս շենքն օրինակ, հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդու համար՝ նախարարը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չէ: Ես համարում եմ՝ այո, առաջին հերթին պետք է սկսենք պետական հիմնարկներից: Պետական շենքերը հարմարեցնենք: Վերջերս, եթե տեղյակ եք, ընդունված ռազմավարությունը, որի մեջ նշված է միջոցառումների ցանկը կառավարության կողմից, նաեւ առարկայացրել է այս խնդիրը»: Նախարարը խոստացավ առաջիկայում անպայման այդ հարցը ներկայացնել եւ լուծել:

Նշենք, որ ԱԺ-ն դեռեւս 2010-ի մայիսի 17-ին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը ուժի մեջ է մտել 2010-ի հոկտեմբերի 22-ին: Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, «ՙՀաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու եւ կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ, որպեսզի նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովեն ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, ինչպես նաեւ այլ հարմարությունների եւ ծառայությունների մատչելիությունը»: Կոնվենցիայում հստակ նշված է, որ խոսքը վերաբերում է կառույցների, ճանապարհների, փոխադրամիջոցների, բացօթյա և փակ հաստատությունների, այդ թվում` դպրոցների, բնակելի տարածքների, բժշկական հաստատությունների եւ աշխատավայրերի մատչելիությանը: Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը եւս արգելում է խտրականություն՝ կախված մարդու հաշմանդամությունից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

«ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի համաձայն, կառավարությունը պետք է ապահովի հաշմանդամ մարդկանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի եւ կառույցների մատչելիության եւ պետք է իրականացնի տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջները, որոնք նույնպես չեն իրականացվում մեր երկրում:
Կառավարության` Հաշմանդամների և հասարակության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին 2006 թվականի մարտի 31-ի N 392-Ն որոշմամբ նույնպես ամրագրված է, որ մեր իշխանությունները պետք է հոգ տանեին, որ շենք-շինությունները, կանգառները մատչելի լինեն հաշմանդամություն ունեցողների համար՝ նրանց անարգել տեղաշարժն ապահովելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ.- Aravot.am-ին տեղեկացրին, որ այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է աշխատակազմին խնդրին լուծում տալ, որպեսզի այսուհետեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ ԱԺ-ում հնարավորություն ունենան ազատ տեղաշարժվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031