Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքում կայացան ՏԻՄ ընտրություններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրությունների ժամանակ կատարած իրենց աշխատանքի համար պետք է ստանան մոտ 30 , իսկ հանձնաժողովների նախագահները՝ մոտ 60 հազար դրամ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների մի քանի անդամ, ցանկանալով , որ իրենց անունը չհրապարակվի, «Առավոտի» թղթակցին բողոքեցին, որ դեռեւս չեն ստացել իրենց աշխատավարձը , ասելով, որ 30 հազար դրամով իրենց ընտանիքների որոշ հարցեր կլուծեն: Նշենք, որ ավագանու եւ համայնքի ղեկավարի թեկնածուները նույնպես չեն ստացել որպես ընտրական գրավ մուծած գումարները: Ավագանու անդամների թեկնածուների համար դրանք կազմում են 10-30 հազար, իսկ համայնքների ղեկավարների թեկնածուների համար՝ 50-300 հազար դրամ (կախված համայնքի բնակչության թվից): Ըստ օրենքի ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ընտրական գրավը պետք է վերադարձվի ԸԸՀ նրանց դիմումից հետո մի շաբաթվա ընթացքում, սակայն Տավուշի մարզում թեկնածուները նման դիմումներ չեն ներկայացրել, քանի որ ծանոթ չեն ընտրական օրենսգրքի այդ դրույթին: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ իրենք անհրաժեշտ փաստաթղթերն իրենք ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով, հաջորդ շաբաթ սպասում են գումարների փոխանցմանը:
Թիվ 40 ԸԸՀ-ից տեղեկացրին , որ գումարների փոխանցման ուշացման պատճառն այն է, որ ԿԸՀ-ն պետք է ուսումնասիրի ընտրատարածքներից ուղարկված բոլոր փաստաթղթերը, իսկ դա ժամանակ է պահանջում: Ընտրական գրավի գումարները թեկնածուներին կվերադարձվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձի հետ :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ