Ապրիլի 2-ից Վանաձորում գործող Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ մինչ օրս ընդունվել է 248 գրավոր դիմում-բողոք, բանավոր բողոքների թիվն էլ 95 է:
Գրասենյակի աշխատանքների համակարգող Սիլվա Բարխուդարյանի խոսքերով ամիս առ ամիս քաղաքացիների դիմելիության աճ է նկատվում. «Նույնիսկ ամսվա տարբերությամբ մենք իրավագիտակցության բարձրացումը զգում ենք մեզ դիմող քաղաքացիների քանակից: Շատ են դիմում, բնականաբար տեղեկացված են, իրազեկված են, դա արդեն խոսում է նրանց բարձր իրավագիտակցության մասին»:
Շուրջ 6 ամիս մարզում իրականացրած անվճար գործունեության ընթացքում քաղաքացիների հնչեցրած խնդիրները բազմաթիվ են ու բազմազան:
Գրասենյակի քրեական հարցերով իրավաբան Արթուր Սուքիասյանը նկատում է, որ հասարակության մեջ առկա բոլոր խնդիրներն էլ պատճառ են դառնում բախելու գրասենյակի դուռը: «Դիմում են մասնավորապես սոցիալական ոլորտում առաջացած խնդիրներով, Խորհրդային Միության ժամանակ բանկերում ներդրած ավանդների վերադարձման հարցերով, նպաստների հետ կապված, կենսաթոշակների, մեծ թիվ են կազմում հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից հաշվարկների հետ կապված խնդիրները, բողոքներ կան ոստիկանությունից, դատախազությունից` հիմնականում այդ ոլորտներում վարույթ իրականացնող մարմիննների կայացրած կոնկրետ որոշումներից»,-նշում է Սուքիասյանը:
Նա հիշում է դեպքեր, երբ գրասենյակի կատարած միջամտության արդյունքում վերականգնվել է քաղաքացիների խախտված իրավունքը:
«Ունեցել ենք նպաստի վերականգման դեպք: Վերջերս էլ դեպք կար ոստիկանության բաժնում քաղաքացուն առանց օրինական հիմքերի պահելու հետ կապված: Առանց ծանուցագրի, օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելու արդյունքում ` մարդը հայտնվել էր ոստիկանությունում»,-մի քանի դեպքերի մասին է պատմում իրավաբանը:
Արթուր Սուքիասյանը նույնպես փաստում է, որ մարզում իրավագիտակցության մակարդակի բարձրացում է նկատվում, ինչը մեծամասամբ դրական է ազդում հենց գրասենյակի աշխատանքի վրա:
Ավելին, հաճախ քաղաքացիներն են մեկը մյուսին խորհուրդ տալիս դիմելու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ: «Մարզում առկա ակտիվությունը իրավապաշտպանների, փաստաբանների միջոցով է առաջացել, մեր մարզը իրավական տեսակետից ավելի ակտիվ է, մարդկանց իրավագիտակցությունը բավականին բարձր է, ու դա նպաստում է մեր գրասենյակի ակտիվ գործունեությանը, որովհետեւ մարդիկ գիտակցում են, որ իմաստ ունի իրենց խնդիրները բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանին, սպասում, ակնկալում են ինչ-որ փոփոխություններ, ու նաեւ անցած ժամանակահատվածի ընթացքում ականատես ենք եղել նրան, որ խնդրի դրական լուծում ստացած մարդիկ իրենց շրջապատից այլ մարդկանց են բերում, այսինքն` դա շարունակական գործընթաց է, որ գնալով ավելի ու ավելի է նպաստում մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը»,-ասում է Ա.Սուքիասյանը:
Անուշ ԲՈւԼՂԱԴԱՐՅԱՆ