Սյունիքի մարզի բարձր լեռնային Սառնակունք գյուղում ավելի քան 500 բնակիչ է ապրում: Դաշտավարությունն ու անասնապահություն է գյուղացիների հիմնական զբաղմունքը: Հացահատիկ են մշակում, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ պահում, մեղվաբուծությամբ զբաղվում, ամբողջ տարվա իրենց չարչարանքով հոգում ապրուստները: Տարվա ընթացքում բազմաթիվ խնդիրների են բախվում, որոնք քիչ թե շատ կարողանում են լուծել:
Սառնակունքում, ինչպես եւ մյուս գյուղերում, հոգսերն ու խնդիրները քիչ չեն: Սառնակունքցիները բացի առօրյա այդ խնդիրներից, այլ դժվարությունների առջեւ էլ են կանգնում: Գյուղացիների համար մեծ դժվարություններ են առաջանում ուշ ժամերին գյուղում ազատ տեղաշարժվելիս: Գյուղի տները ցաքուցրիվ են, համայնքն էլ բավականին մեծ է, մութ ժամերին մի ծայրամասից մյուս ծայրամասը գնալը խիստ դժվար է ու վտանգավոր:
Գյուղը լուսավորված չէ, Խորհրդային միության փլուզումից ի վեր Սիսիանի տարածաշրջանի այս գյուղը փողոցային լուսավորություն չի ունեցել: Գյուղացիները պատմում են, որ դեպքեր են եղել, երբ ուշ ժամերին գայլերն ազատ ելումուտ են արել գյուղում, անասունների վնասել, ուստի գյուղում ազատ տեղաշարժվելը վտանգավոր է դարձել:
Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը գտնում է, որ փողոցային լուսավության հարցը շատ կարեւոր է գյուղի համար, բայց այն լուծելը խիստ դժվար է տեղական բյուջեով: «Լուսավորության հարցը կարեւոր է համայնքի համար, բայց փողոցային լուսատուների տեղադրումն ու հոսանքի ծախսի հոգալու հարցը մեծ ֆինանսների հետ են կապված, այսօրվա դրությամբ տեղական բյուջեում համապատասխան գումար չկա: Այդ հարցի լուծման համար դրսից միջոցներ են պետք, քանի որ համայնքի բյուջերի եղած գումարով նույնիսկ ընթացիկ հարցերը հնարավոր չի լինում լուծել», – նշեց Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ