Ինչպես հայտնի է, էկոտուրիզմը զարգացնելու նպատակով ՀՀ կառավարությունը Գերմանիայի Դաշնության կառավարության հետ համատեղ 2008-2009 թվականներին Ամասիայի ամենածայրամասային ու ցուրտ գյուղում` Բերդաշենում (այն անվանում են նաև Կովկասի Սիբիր, ձմռանը ջերմաստիճանը հասնում է մինչև մինուս 46-ի), հիմնեց «Արփա լիճ» ազգային պարկը, որպեսզի տուրիստները գան, շնչեն թթվածնով հարուստ օդը, վայելեն ջրաշուշաններն ու կենդանական աշխարհը:
Մի քանի տարի է` այստեղ շինարարարական աշխատանքներ են ընթանում, այսօր վերջապես շահագործման հանձվեց ազգային պարկի վարչական շենքը: Այդ նպատակով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որին բավականին հետաքրքիր ընդունելության արժանացրեցին այս գյուղում. նրան դիմավորեցին ձիերով. նախարարի պատվին բացեցին նաև ազգային պարկում տեղադրված մեղուների փեթակը: Մի խոսքով, ամեն ինչ արեցին քարուքանդ, սարսափելի ճանապարհներից հոգնած նախարարին լավ ընդունելու համար: Պարոն Հարությունյանն էլ իր ելույթում հիշեցրեց, որ Արփա լճի ափին անդրսահմանային պահպանվող տարածքներ ստեղծելուց բացի, ամեն ինչ անում են մերձակա համայնքները զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, էկոլոգիական արտադրանք թողարկելու ուղղությամբ, մասնավորապես հիմնել են մեղվապահների ասոցիացիա:
Կարդացեք նաև
Եվ մինչ նախարարը շրջում էր վարչական շենքում, մենք գյուղացիներից հետաքրքրվեցինք, թե որևէ տուրիստ այցելե՞լ է ազգային պարկ Բերդաշեն բերող քարուքանդ ճանապարհներով . նշենք, որ 40 կիլոմետր երկարությամբ ճանապարհը հնարավոր է անցնել միայն 2-3 ժամում` ընդ որում գլխապտույտներով : Գյուղացիները սկզբում կատակեցին, թե առաջին տուրիստները եղել են կովերն ու գայլերը, իսկ ավելի լուրջ գյուղի նախկին գյուղապետ Միշա Չապանյանն ասաց. «Սա էն գյուղն է, որտեղ 1991 թվականին մարտի 21-ին կինը ծննդաբերեց, երեխան ծնվեց, բայց մայրը մահացավ, որովհետև ճանապարհները փակ էին, չկարողացանք հասցնել քաղաք` հիվանդանոց: Էդ օրվանից ի վեր էս գյուղում ոչինչի չի զարգացել, ու էդ ճամփեքով ուզո՞ւմ են տուրիզմ զարգացնել, մի ֆրանսիացի եկավ որպես տուրիստ, բայց փախավ ու փախավ, հիմա ճիշտն ասեք ` դուք, որ էդ ճամփեքով էկաք, էլ երկրորդ անգամ կգա՞ ք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ