Սեպտեմբերի 10-ին մեկնարկած Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 20-ին` աշխարհահռչակ կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար, կենդանի լեգենդ Միշել Լեգրանի համերգով: Այն նվիրված կլինի կոմպոզիտորի 80-ամյակին: Համերգին կմասնակցի նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նրանք կատարելու են Լեգրանի երգերը:
«ՀՊՖՆ-ն շատ լավ նվագախումբ է: Ես այստեղ չէի լինի, եթե նրանք վատը լինեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհահռչակ երաժիշտը:
Նա չի փոշմանում տարիների ընթացքում կատարած իր ոչ մի քայլի համար: Հպարտ է այն ամենով, ինչ արել է: Ասում է` իրեն ամենեւին էլ ծեր չի զգում: Համաձայն չէ, որ տարիքը զարդարում է մարդուն: Իր երջանկությունը երաժշտությանը նվիրվելն է:
Ինքն իրեն համարում է կրքոտ երաժիշտ. «Նախ պետք է ասեմ, որ ունեմ 250 soundtrack եւ 800 հեղինակային երգ: Դրանք բոլորը իմ երեխաներն են ու հավասար են իրար: Քիչ թվով հայկական ֆիլմեր եմ դիտել ու երբեք մտքովս չի անցել գրել երաժշտություն դրանց համար: Եթե առաջարկ լինի, ապա կհամաձայնվեմ: Հաջորդ տարի նախատեսում եմ գրել երաժշտություն մի ֆիլմի համար, որի հեղինակը ես եմ: Մեծ նախագիծ է ու այն իր ժանրով մյուզիքլ է»:
«Երաժշտության եւ կինոյի հանդիպումը հենց այնպես չի լինում»,- կարծում է դաշնակահարը: Իր խոսքով` դա մեծ աշխատանք է: Նա նայում է ֆիլմը, ուսումնասիրում ու մտածում, թե ինչ կարող է անել այդ ֆիլմի համար. «Այդպես էլ ծնվում է երաժշտությունը»:
Լեգենդար երաժիշտի պապը եղել է հայ: Լեգրանը 10 տարի ապրել է նրա մոտ ու շատ է լսել Հայաստանի մասին. «Նա մեծ թախծոտ սեր ուներ Հայաստանի հանդեպ»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ