36-ամյա Մարիամ Քոչարյանը չարաշահել էր ծնողական վստահությունը: 2011-ի դեկտեմբերից մինչև 2012-ի մարտը Նելլի Սարգսյանի և Անուշ Սարգսյանի վստահությունը չարաշահելու եղանակով, Մ. Քոչարյանը խոստացել էր Ն.Սարգսյանի որդուն` Հ.Ղազարյանին ազատել է «Էրեբունի» ՔԿՀ-ից: Այդ պատրվակով Մարիամը Ն.Սարգսյանից պահանջել և մաս-մաս ստացել է 499.000 ՀՀ դրամ, 425.939 ՀՀ դրամին համարժեք 1100 ԱՄՆ դոլարի գումար, 77.700 ՀՀ դրամին համարժեք 6000 ՌԴ ռուբլի կանխիկ գումարներ:
Դա բավական չէ, երիտասարդ խաբեբան որոշել էր նաև տիրանալ 190.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա խաչին և ոսկյա երկու զույգ ականջօղերին: Այնուհետև Ն. Սարգսյանի որդուն ազատել խոստացող երիտասարդ Մարիամը նշված ժամանակահատվածում նույն պատրվակով Ա.Սարգսյանից պահանջել և մաս-մաս ստացել է 20.000 ՀՀ դրամ, 19.343 ՀՀ դրամին համարժեք 50 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 255.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ երկու ոսկյա մատանի, ոսկյա շղթա` խաչով, ոսկյա թևնոց` կուլոնով:
Պարզվել է, որ ի սկզբանե մտադիր չլինելով մատուցել իր իսկ կողմից նախապես խոստացված ծառայությունը` Մ. Քոչարյանը խաբեությամբ տիրացել է այդ գումարներին և տարատեսակ ոսկյա զարդերին` Ն.Սարգսյանին պատճառելով 1.142.638 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ Ա.Սարգսյանին` 294.434 ՀՀ դրամի գույքային վնաս:
Կատարված խարդախության առիթով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթանում է դատավարություն: Մարիամ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու կապակցությամբ: Խափանման միջոցն է՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ