Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 19,2012 17:33

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ յոթերորդ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Եվ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով Ներսիսյանին ասաց՝ «որ չես ուզում, էլ կենաց չեմ ասի», եւ Ներսիսյանը թարս նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «անցյալ անգամ էլ խոստացաք, պարոն անուղղելի կենացասաց», եւ Ֆերեշեթը կմկմալով ասաց՝ «էլ չի կրկնվի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կապրենք եւ կհուսանք» եւ Վարդանի ձեռքի թերթին նայելով ավելացրեց՝ «իսկ հիմա այդ թերթը մի կողմ դրեք, գնացեք լոգարան եւ համապատասխան գործիքը բերեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եւ մենք համապատասխան գործիքի օգնությամբ կփորձենք հավաքել տարաբախտ ափսեից մնացած այս տխուր հիշողությունները» եւ ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «հուսով եմ՝ համապատասխան գործիքը գիտեք որն է», եւ Ֆերեշեթն ամոթխած ժպտալով ասաց՝ «սավոկը», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Ֆերեշեթին ու աչքերը ճպճպացնելով ասաց՝ «կեցցե՛ք, պատվելի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պարզվում է՝ ոչ միայն համաշխարհային գրականության գծով եք տեղեկացված, այլեւ՝ կենցաղային առարկաների», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «սաղն էլ գիտեն, որ դրա անունը սավոկ ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Վահանին նայելով ասաց՝ «ես չէի համարձակվում այդ տխրահռչակ առարկայի օտարահունչ ու օտարաշունչ անվանումը կրտսեր Իշխանյանի ներկայությամբ արտաբերել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ցավոք սրտի, որոշ անհեթեթ առարկաների անհեթեթ անվանումների հոմանիշները մեր ոսկեղենիկ լեզուն չունի», եւ Ֆերեշեթն ամոթխած ժպտալով ասաց՝ «քանի համարժեք հայեցի անվանումը չենք գտել, սավոկ կասենք», եւ Ներսիսյանը ներողամտորեն Ֆերեշեթին ժպտալով ասաց՝ «ոչ թե պիտի ասենք, այլ պիտի գնանք եւ լոգարանից բերենք», եւ Ֆերեշեթը ժպտալով գնաց ու լոգարանից սավոկը բերեց, եւ երբ ուզում էր ափսեի փշրանքները հավաքել, Ներսիսյանն անսպասելի գոռաց՝ «չհամարձակվե՛ք», եւ Ֆերեշեթը զարմացած նայեց Ներսիսյանին, եւ Ներսիսյանը Ֆերեշեթի վրա գոռաց՝ «անմիջապես զիջեք կրտսեր Իշխանյանին», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը զիջեմ», եւ Ներսիսյանը սավոկին նայելով ասաց՝ «այդ օտարանուն, բայց չափազանց օգտակար առարկան», եւ Ֆերեշեթն ավելի զարմացած հարցրեց՝ «ինչի՞ զիջեմ», եւ Ներսիսյանն ինքնագոհ ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «տիար Ստախանով, դուք մոռանում եք, որ ձեր կենաց խոսքի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրտսեր Իշխանյանն իր վրա վերցրեց» եւ մի  քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընդ որում՝ միանգամայն կամավոր կերպով» եւ Վահանին նայելով ասաց՝ «եթե պատասխանատվությունն ստանձնել եք, պարտավոր եք անձամբ հավաքել այս տխրահռչակ փշրանքները», եւ Վահանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հաճույքով» եւ Ֆերեշեթի ձեռքից ավելն ու սավոկը վերցնելով՝ արագ հավաքեց ջարդված ափսեի կտորտանքները, տարավ թափեց եւ երբ վերադարձավ, Ներսիսյանը ժպտալով Վահանին ասաց՝ «իսկ հիմա նստեք եւ անցեք ձեր հիմնական պարտականությանը», եւ Վահանը զարմացած հարցրեց՝ «հիմնական պարտականությունս ո՞րն ա», եւ Ներսիսյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «լսելը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ասողին լսող է պետք, բարեկամս» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «նամանավանդ կենա՛ց ասողին է լսող հարկավոր», եւ Ֆերեշեթը վախեցած հարցրեց՝ «ի՞նչ կենաց», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «դուք կենացների ձեր լիմիթն արդեն սպառել եք, պարոն գերագույն կենացասաց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ցավոք սրտի եմ այդ փաստն արձանագրում», եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «այնպես որ, կարող եք ձեր տեղում միանգամայն հանգիստ նստել, երիտասարդ հրաշափառ» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «քիչ առաջ դուք ձեր խոնարհ ծառայի կենացը խմեցիք, ձեր խոնարհ ծառան պատասխան խոսքով հանդես եկավ, իսկ հիմա կանցնենք նորանոր եւ առավել իմաստալից կենացների», եւ Ֆերեշեթը մի քիչ  մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «բայց իմ առաջարկած կենացը չենք խմել», եւ Ներսիսյանը թարս նայեց Ֆերեշեթին, այնուհետեւ նայեց սեղանին դրված ափսեներից մեկին, հետո նորից նայեց Ֆերեշեթին ու գոռաց՝ «եթե կարծում  եք թե՝ այս օջախի  ափսեների  քանակությունն անսահման է, չարաչար սխալվում եք», եւ Ֆերեշեթը կմկմալով ասաց՝ «դուք չգիտեմ, բայց ես էդ կենացը պիտի խմեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց եւ ներողամտորեն ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «խմիչքը չի փախչի, բալիկ ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «խմիչքը գայլ չի, որ անտառ փախչի», եւ Ֆերեշեթը բաժակը բարձրացնելով՝ քթի տակ փնթփնթաց՝ «մեկ ա՝ ես էդ կենացը պիտի խմեմ», եւ Ներսիսյանը ձեռքն ափսեին գցելով ասաց՝ «այսպիսի դեպքերում մեր քաջարի նախնիք ասում էին՝ ղալա՛թ կանես» եւ մի քիչ մտածեց ու գոռաց՝ «եթե կարծում եք թե՝ ես այս ափսեներն ափսոսում եմ, չարաչար եք սխալվում» ու էդ ասելով՝ ափսեն բարձրացրեց, բայց Ֆերեշեթը հասցրեց Ներսիսյանի ձեռքից ափսեն խլել, եւ Ներսիսյանը հանգստացած շունչ քաշեց ու ժպտալով ասաց՝ «վերջապես հասկացա՜վ», եւ Վահանը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «ո՞վ հասկացավ», եւ Ներսիսյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «անհուսալի անհասկացողը», եւ Վահանը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «ի՞նչ հասկացավ», եւ Ներսիսյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հասկացավ, որ այս անգամ արդեն իր արարքի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնի», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «մի անգամ հավաքեցի՝ հերիք ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ եմ այդ կարծիքին» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «խմելու հարցում միանգամայն ավելորդ շտապողականություն եք հանդես բերում, մեծարգո պատվելի», եւ Ֆերեշեթը նեղսրտած ասաց՝ «ես կարամ ընդհանրապես չխմեմ, մեծարգո գերապատվելի», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «ես ձեզ խորհուրդ եմ տալիս մակդիրների հարցում որոշակի զգուշավորություն հանդես բերել», եւ Ֆերեշեթը քթի տակ խնդալով ասաց՝ «խոսքի ազատություն ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «խոսքի ազատությունը շողոքորթության ու քծնանքի հետ որեւէ առնչություն չունի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ես էլ քծնանքի ու շողոքորթուրյան հետ որեւէ առնչություն չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե դու ինձ պատվելի ես անվանում, ուրեմն՝ դու առնվազն գերապատվելի ես» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «կամ վերապատվելի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «ես ընդամենը պրոֆիլակտիկայի նպատակով եմ ձեզ պատվելի անվանում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «եթե քեզ բարձր եմ գնահատում, էդ չի նշանակում թե՝  շողոքորթում կամ քծնում եմ», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթին ու ժպտալով հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ ով է ձեզ այդ իրավունքը տվել», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ո՞ր իրավունքը», եւ Ներսիսյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ինձ հետ դու-ով խոսելու իրավունքը», եւ Ֆերեշեթը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «դու» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուրիշ վախտ որ հետդ դուք-ով եմ խոսում, վրես գոռում ես», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «ես ընդամենը պրոֆիլակտիկայի նկատառաումներով եմ այդ իրավունքը ձեզ շնորհել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ես էլ պրոֆիլակտիկայի նկատառումներով էդ իրավունքից օգտվում եմ», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Ֆերեշեթին, հետո նայեց մեզ ու ժպտալով ասաց՝ «խմիչքի չարաշահումը որոշ դեպքերում որոշ մարդկանց չափից ավելի հանդուգն է դարձնում», եւ Ֆերեշեթը ժպտալով ու արդարանալով ասաց՝ «էսօր համարյա բան չեմ խմել», եւ Ներսիսյանը նայեց Ֆերեշեթին ու ժպտալով ասաց՝ «խե՜ղճ երեխա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «այդ պատճառով էլ ավելորդ շտապողականություն եք հանդես բերում» եւ մի քիչ էլ մտածեց ու Մերուժի տված շշին նայելով՝ Ֆերեշեթին ասաց՝ «բայց ստիպված եմ ձեզ խորապես վշտացնել, հիշեցնելով, որ մեր տրամադրության տակ ընդամենը այս մեկ շիշն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժամացույցին նայելով ավելացրեց՝ «բայց հոգ չէ. շուտով աղջիկս ու փեսաս կհամենան, եւ ձեր խոնարհ ծառայի սեղանին նորանոր  եւ զարմանազան շշեր կհայտնվեն», եւ Վահանը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «կես շիշ էլ Վարդանի վերարկուի ծոցագրպանում կա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «փորձենք մոռացության մատնել մեր կյանքի վատագույն դրվագները» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին նայելով ավելացրեց՝ «եթե երիտասարդ պատվելին խմիչքի նկատմամբ դիմադրողականությունն ամբողջովին է կորցրել, ես պատրաստ եմ անմիջապես անցնել իմ կենաց խոսքին», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու քթի տակ դժգոհ փնթփնթալով ասաց՝ «խմիչքներով  ու ամեն ինչով  լիքը սեղանը թողել՝ էկել ենք էստեղ», եւ Ներսիսյանը հարցական մեզ նայեց, եւ Վահանը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «էդ մեկը ճիշտ ա ասում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «խի ո՞ր մեկն եմ սխալ ասել», եւ Ներսիսյանը հիացած նայեց Ֆերեշեթին ու ժպտալով հարցրեց՝ «կարելի՞ է ձեզ մի հարց տալ, երիտասարդ պատվելի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընդամենը մեկ հարց», եւ Ֆերեշեթը ժպտալով ասաց՝ «տվեք», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ հարցը հետեւյալն է. կարելի՞ է իմանալ՝ ինչու եք խմիչքներով ու ուտեստներով լի սեղանը թողել եւ եկել այստեղ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ուզում էինք քեզ տենանք», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «չափազանց սահուն եւ չափազանց վարպետորեն փորձում եք վերստին դու-ի անցնել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուզում էինք ձեզ տեսնել» եւ մի քիչ էլ մտածեց ու մեզ նայելով ավելացրեց՝ «տղերքն էլ կհաստատեն», եւ Վահանը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «ճիշտ ա ասում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու անսպասելի գոռաց՝ «ես  ձեզ համար տեսարժան վա՞յր եմ, թե՝ Գառնի-Գեղարդ», եւ Ֆերեշեթը նախ ինձ ու Վահանին նայեց, այնուհետեւ նայեց Ներսիսյանին ու վախվորած ասաց՝ «իրանց համար չգիտեմ, բայց իմ համար համ տեսարժան վայր ես, համ Գառնի ու Գեղարդ ես, համ էլ՝ ամեն ինչ», եւ Ներսիսյանն անսպասելի փափկելով՝ Ֆերեշեթին հարցրեց՝ «վերստի՞ն դու-ի անցաք» ու ժպտալով ավելացրեց՝ «սահուն քայլերով եւ աննշմար», եւ Ֆերեշեթը դժգոհելով ու փնթփնթալով ասաց՝ «ուրիշ վախտ որ հետդ դուք-ով եմ խոսում, կռիվ ես սարքում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «կարեւորն այն է, որ ձեր խոնարհ ծառան զգոնությունը չկորցնի եւ ձեզ հետ առնչվելիս դու-ի չանցնի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու Ներսիսյանին նեղսրտած ասաց՝ «ես քեզ հազար անգամ  խնդրել եմ, որ հետս դուք-ով չխոսաս, բայց էդ հասարակ խնդրանքս չես կատարում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդ արարածն ի վերուստ եւ ի ծնե ազատ է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ ոք ոչ ոքի չի կարող որեւէ բան խնդրել» եւ ինձ նայելով հարցրեց՝ «այդպես չէ՞, տիար Շեկունց», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով արտասանեց՝ «Անվերջանալի անձրեւ տեղաց / Անպաշտպան սիրտն ու հոգին թրջող,/ Բայց մեր շարքերում մարդիկ եղան,/ Որ ապրեցին ու մնացին չոր» եւ ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ես էլ տիար Շեկունցից մի աննշան բան խնդրեցի, բայց մեծահոգաբար մերժեց», եւ ես արդարանալով ասացի՝ «կյանքը դեմներս ա, պարոն Ներսիսյան», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «համարեք, որ ձեր խոնարհ ծառան ձեզնից որեւէ բան չի խնդրել, տիար Շեկունց», եւ  Ֆերեշեթը Ներսիսյանի  խոսքի վրա փռթկացրեց, եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ տիար պատվելին ինչու է խնդմնդում», եւ Ֆերեշեթը փռթկացնելով Ներսիսյանին ասաց՝ «որ Արմենին Շեկունց ես ասում, ծիծաղս գալիս ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասված է՝ ծիծաղը լավ է մարդուն» եւ  մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին սեւեռուն նայելով ավելացրեց՝ «մարդո՛ւն» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց ինձ ու Վահանին եւ ժպտալով ասաց՝ «այնպես որ, կարող եք ծիծաղել, պարոնայք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընդ որում՝ միանգամայն լիասիրտ եւ միանգամայն լիաթոք»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031