Արձագանքելով նախօրեին մամուլով տարածված այն տեղեկությանը, թե քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, քանզի վերջինս չի հետաքրքրվում իր անվան հետ առնչվող Ազգային գրադարանի գործով, ԲՀԿ-ական նախկին պաշտոնյան մեր հարցին ի պատասխան ասաց. «Գագիկ Ծառուկյանը և ես ոչ միայն կուսակից ընկերներ ենք, այլ նաև հարազատներ և մեր ընկերությունն ու հարազատությունը տարիներով է փորձված: Ինչ վերաբերում է Ազգային գրադարանի հետ կապված գործին, ապա մեր պարբերական հանդիպումների ժամանակ ես մշտապես Ծառուկյանին տեղյակ եմ պահում գործի բոլոր մանրամասներին և զարգացումներին: Իսկ եթե ոմանք կարծում են, որ նման հրապարակումներով կարող են փչացնել իմ և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, ապա մեծապես սխալվում են: Եվ ես անչափ շնորհակալ եմ Գ. Ծառուկյանից ու իմ կուսակից ընկերներից` իրենց աջակցության համար»:
Իսկ Ազգային գրադարանի մասով հարուցված քրեական գործի վերաբերյալ պարոն Վարդանյանն այս պահին չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել, քանզի գործը նախաքննության ընթացքում է: «Չէի ցանկանա, նախաքննական շահերից ելնելով որեւէ բան մեկնաբանել: Սակայն, պատեհ պահի ես անպայմանորեն հանդես եմ գալու հստակ պարզաբանումներով»- հավելեց Վարդան Վարդանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ