Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, դռնբաց դատական նիստում (թեեւ «Դատալեքսում» գրված է դռնփակ) այսօր վերսկսվեց Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբոր՝ Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Մեղադրողը՝ Կենտրոն համայնքի դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ասաց, որ հետազոտվել են բոլոր ապացույցները, ցուցմունքներ են տվել վկաները եւ պարզվել է, որ անցյալ տարվա օգոստոսի 2-ին, ժամը 21-ի սահմաններում, Զաքիյան փողոցում գործարար Խաչիկ Գալոյանին սպանել է ոչ թե Վահրամ Մարգարյանը, այլ Բորիս Հակոբյանը: Դատախազն ասաց, որ դատաքննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք մինչ այդ հայտնի չեն եղել:
Նա ասաց, որ վկա Աշոտ Ֆրանգուլյանը նախաքննության եւ դատաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը մինչ ժամը 20.00 գտնվել է Աբովյան փողոցում, ապա երբ լսել է կրակոցներ, Զաքիյան փողոցի ցայտաղբյուրի մոտ տեսել է Վահրամ Մարգարյանին: Սակայն մեկ այլ վկա՝ Հրաչիկ Թումասյանը դատարանում ցուցմունք է տվել, որ դեպքի օրը, մինչ ժամը 21.30-ը, ինքը գարեջուր է խմել Ֆրանգուլյանի հետ Աբովյան փողոցում, ապա Ֆրանգուլյանը հեռացել է Սայաթ-Նովայով: Այսինքն՝ չէր կարող գտնվել Զաքիյան փողոցի ցայտաղբյուրի մոտ:
Կարդացեք նաև
Ֆրանգուլյանի դեմ ցուցմունք են տվել նաեւ տաքսու վարորդները: Ֆրանգուլյանը ցուցմունք էր տվել, թե տաքսի մեքենայով իրեն ոստիկաններն ուղեկցել են բաժին, սակայն վարորդները ցուցմունք են տվել, որ իրենցից բացի, այլ մարդ չի եղել:
Մեղադրողը նաեւ ասաց, որ Վահրամ Մարգարյանին ճանաչման են ներկայացրել դեմքի, գլխի տեսանելի վնասվածներով եւ որ նա էականորեն տարբերվել է ճանաչման ներկայացված շարքում կանգնածներից եւ Ֆրանգուլյանը չէր կարող ճանաչել մեկին, ով արդեն իսկ վնասվածքներով էր: Ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքը դատախազը թողեց անփոփոխ, նա սպանության մեղադրանք առաջադրեց Բորիս Հակոբյանին, փոխարենը սպանության հատկանիշներով Վահրամ Մարգարյանի դեմ հարուցված մեղադրանքից հրաժարվեց: Ի դեպ, մեղադրողը հաստատված համարեց Վահրամ Մարգարյանի ասածը, թե ինքը սպանության մասին տեղեկացել է հեռուստացույցից:
Պաշտպանական ճառերին պատրաստվելու համար պաշտպաններ Կրոմվել Գրիգորյանը եւ Վահագն Բաբայանը ժամկետ խնդրեցին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 23-ին:
Ռուզան Մինասյան