Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը նամակով դիմել է մեզ:
2 տպագիր էջից բաղկացած նամակում նա անդրադառնում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ ընթացող դատական գործընթացին:
Կալանավորը հայտնում է, որ ճգնաժամի պատճառով խնդիրներ են առաջացել 3 շենքերի շինարարության ժամանակ,ուստի իրենք, սկսել էին միջոցներ փնտրել, շինարարությունն ավարտին հասցնելու համար:
«Գտնվեցին մարդիկ, որոնք տվեցին գումարներ, բայց ոչ սովորական պարտքի տեսքով, այլ՝ տոկոսադրույքով, ինչը համարվում է վաշխառություն»,- գրում է կալանավոր Ա.Թադեւոսյանը:
Ա.Թադեւոսյանը հայտնում է նաեւ.«Որպես գումարների վերադարձելիության երաշխիք, կոոպերատիվի կիսակառույց բնակարանների առքուվաճառքի ձեւական պայմանագրեր ենք կնքել պարտատերերի հետ: Այլ կերպ ասած՝ կոոպերատիվի շահառուների ապագա բնակարանները, որպես գրավ տրվել են գումար հատկացնող մարդկանց, պայմանով, որ շահառուների վերջնական մուծումներից հետո բնակարանները պետք է սեփականության իրավունքով փոխանցվեն այդ անձանց»:
Ըստ կալանավորի, իրենց գործի վարույթը պետք է կասեցնել: Ըստ նրա, իրենց կալանավորումը մեկ նպատակ է հետապնդել՝ իրենցից գույքը խլել:
Նա գրում է, որ այս գործում խառնված են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ ՊԵԿ աշխատակից Դավիթ Բեգլարյանը, ՊՆ աշխատակից Վիտալի Մանուչարյանը, Վայոց ձորի ԱԱԾ վարչության պետ Գագիկ Առաքելյանը, ՊՆ աշխատակից Արթուր Պողոսյանը, ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Ռազմիկ Ավագյանը, «Էսքո» կոնցեռնի նախագահ Սարգիս Աղաբեկյանը եւ ուրիշներ:
«Իմ խնդրանքն է՝ օգնել ետ ստանալ իմ ու բնակիչների մեզնից խլված գույքը, որոնք որպես գրավ գտնվում են վերոհիշյալ անձանց մոտ» եզրափակում է ՔԿՀ կալանավորը: