Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. «Մենք թատրոնի մարդիկ ենք»

Հոկտեմբեր 19,2012 15:50

Հոկտեմբերի 21-27-ը «Մետրո» թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանում, եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվելու է «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնը: Այն իրականացվում է 12-րդ անգամ: Աջակիցը ՀՀ. մշակույթի նախարարությունն է: Փառատոնը նվիրված է Հայ գրատպության 500-ամյակին:

«Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «Նռան հատիկին» մասնակցելու է 36 թատերախումբ. «Մասնակիցներից երեքը` Լեռնային Ղարաբաղից են, մեկը` Իրանից, մյուսը` Վրաստանից, 15-ը` ՀՀ. Մարզերից, իսկ 16-ը` Երեւանից: Եթե նախկինում միայն հայաստանյան խմբեր էին մասնակցում փառատոնին, ապա արդեն աշխարհագրությունը ընդլայնվել է: Այս տարի առաջին անգամ կմասնակցեն Նոր Գեղիի, Բալահովիտի, «Բում բումիկ», «Արլեկին» եւ «Կրակե շոու» թատերախմբերը:

Ասոցիացիայի նախագահը համոզված է, որ այն, ինչին իրենք են ձգտել` հասել են. «Մեր նպատակն էր աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձեւավորմանը, համախմբել եւ համակարգել գործող մանկապատանեկան թատերախմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը»:

Aravot.am-ի հարցին, թե 12 տարիների ընթացքում, որն է եղել փառատոնի կազմակերպիչների ամենակարեւոր ձեռքբերումը, Ղազարյանը պատասխանեց` «Խաղացանկը: Դրա մեջ եղել են ոչ միայն հայ դրամատուրգների, այլ նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող գրողների ստեղծագործությունները: Դա եմ կարեւորում, քանի որ մարդու դաստիարակության վրա այն մեծ դեր է կատարում: Ապերոիզմը, որ կա մեր եթերում, մենք պետք է խաչ քաշենք դրա վրա»:

«Նախաբեմ» հասարակական կազմակերպության նախագահ Երվանդ Մանարյանը գտնում է` լավ մտածելու դեպքում կհասկանանք, որ շատ ծանր աշխատանք է դրված եղել կազմակերպիչների վրա. «Մենք կազմավորվել ենք այն ժամանակ, երբ մեր պետությունում դժվար էր ինչ որ մի բան անելը, սակայն մենք հաղթահարեցինք դա: Թատերական փառատոնը մեզ` հայերիս համար, շատ ընդունված է: Մենք թատրոնի մարդիկ ենք, ու սիրում ենք այն: Եթե հայերի առաջացման բուն արմատներին նայենք, ապա կտեսնենք, որ առաջին իսկ օրվանից այն մեզ հետ է եղել»:

ՀՀ  մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը կարծում է , որ 12-ամյա փառատոնը արդեն իսկ շատ մեծ գործ է կատարել: Այն մեծ դեր է ունեցել մանուկների գեղագիտական զարգացման վրա. «Փառատոնը լայն տարածում է գտել հատկապես պատանիների շրջանում: Անելիքներ շատ կան: Ցավոք այսօր այն վիճակում չենք, որ անհրաժեշտ միջոցները կարողանանք շատացնել, բայց ուրախալի է, որ գաղափար կա, որը գնում է դեպի միջազգայնացման»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031