Լրահոս
Օրվա լրահոսը

Հումորիստ Սամվել Բաղդասարյանը սկայպով «խոսել» է Վանո Սիրադեղյանի հետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2012 15:46

 «Ծանոթներիցս մեկի պապիկը բավական երկար ժամանակ ասում է, որ հեռուստացույցով Ազգային ժողովի աշխատանքին է հետեւում եւ չի հասկանում, թե այնտեղ ով ում բարեկամն է: Այդ պատճառով ներքին ցանկություն ունեցա թեկնածությունս առաջադրել նախագահական ընտրություններում: Բացի այդ ՝ պատգամավորների 131 թվի վերջին նիշը գրավիչ է. հասարակության մեջ մշտապես առաջինը լինելու ձգտում կա, ինչից ի հայտ են գալիս բոլոր խնդիրները: Դեմ չեմ մրցակցությանը, բայց պետք չէ երեւույթը վերածել առաջինը լինելու մոլուցքի»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց հումորիստ Սամվել Բաղդասարյանը, ապա հավելեց. «Պապիկի օրինակով ցանկանում եմ խնդիրը ցույց տալ: Նա ասում է, որ լուրեր նայելուց լսում է նույն բանը, կարծես բոլորը նույնը նկարահանած լինեն: Միաժամանակ՝ սերիալների դերասանները հրաշալի են խաղում, բայց պապիկը կարծում է, որ սցենարներն են կրկնվում: Այս ամենը հանգեցնում է ընկճախտի եւ ճգնաժամի: Անընդհատ ասում են, որ մարդիկ Հայաստանից գնում են, վերջին տարիներին անգամ վարչապետն է ասում, բայց նրա պարոդիան անելուց հետո ինձ մոտ էլ ճգնաժամ սկսվեց»:

Առաջադրվելու ցանկության եւ իր անձնական PR-ի միջեւ կապի շուրջ հումորիստն ասաց, որ բոլորը նեղանում են PR բառից, մինչդեռ այն առկա է յուրաքանչյուր տեղ. «Մեր օրերում քաղաքական PR-ը վերածվել է, այսպես կոչված, արտիստական PR-ի. Օրինակ, տեսեք, թե ինչ է կատարվում ԱԺ-ում՝ մեկը մեկից մանդատ է խլում: Առհասարակ, հիմա հումորի պակաս չկա. ժողովուրդն ասում է, որ ամեն երկրորդ «պադյեզդում» երգիծաբան կա: Իմ մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրին ես խնայողաբար եմ վերաբերվել, քանի որ ժամանակները փոխվում են: 90-ականներին շատ էին հետաքրքիր քաղաքական կերպարները, ինչը չի կարելի ասել վերջին 5-7 տարվա մասին, որովհետեւ քաղաքական գործիչները գործում են «մեկը մյուսին», «մեկը տակից» կամ «մեկը կողքից» սկզբունքներով: Ընդդիմադիրներն ասում են, թե Հայաստանից գնացած հարյուր երեսուն հազարը իրենց մարդիկ էին, ես էլ նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ դա իմ հանդիսատեսն էր»:

Սամվել Բաղդասարյանի խոսքով՝ ինքը քաղաքական սատիրայի մարդ է եւ քաղաքական փորձ չունի: Կարծում է, որ եկել է մի շրջան, որ քաղաքական սատիրան, որպես ապրանք, այլեւս պիտանի չէ: Այնուամենայնիվ, հումորիստը ներկայացրեց ՀՀ երեք նախագահների եւ մի շարք քաղաքական գործիչների պարոդիաները, անգամ՝ սկայպով «խոսեց» Վանո Սիրադեղյանի հետ:

Այնուհետեւ Բաղդասարյանն ասաց, որ իրականում մտադիր չէ թեկնածություն դնել. «Եթե ես մի օր որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, ապա դա այս ձեւով չի լինի: Պարզապես քաղաքական գործիչներին կխնդրեմ լուրջ վերաբերվել իրենց գործին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031