Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դրոշը, «Ապագա գոմերն» ու ՀԷԿ-ի անավարտ շինարարությունը

Հոկտեմբեր 19,2012 14:49

Բլոգեր Տիգրան Քոչարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «ՀԷԿ-երի թեման բզբզելու ընթացքում Գուգլը այ սենց նկար բերեց, Ենոքավանի հյուրանոցն ա, դեմն էլ ազեռների դրոշն ա հավեսով ծածանվում: Էս ինչ պատմություն ա, ո՞վ ա տեղյակ: Հ.Գ. Ափդեյթները կտեղադրեմ այստեղ, հույսով եմ դրոշը արդեն չկա, ուղղակի հետաքրքիր ա իմանալ այդ ժամանակվա տնօրենի անուն ազգանունը»: Հայաստանյան լրատվական կայքերից մեկն էլ թեման շարունակելով՝ գրել է, որ «Ապագա տուր» տուրիստական ընկերության սեփականատեր Արտակ Չիբուխչյանին է պատկանում այդ հանգստյան համալիրը եւ հավելում. «Արտակ Չիբուխչյանը բացի հյուրանոցից ունի ևս մեկ այլ զբաղմունք՝ «բնապահպանությունը», և հատկապես վերջին շրջանում մեզ արդեն հայտնի ակտիվիստ «բնապահպանների» հետ միասին Տավուշի մարզում ՀԷԿ-ի կառուցման դեմ ամենաակտիվ ելույթ ունեցողներից էր, կարելի է ասել՝ հրահրողը: Ահա թե ինչպիսի մարդիկ են կանգնած բնապահպանների թիկունքում և ևս մեկ անգամ բացահայտվեցին ակտիվիստների իրական դեմքն ու նպատակները և նրանց գործունեության իրական պատկերը՝ փաստորեն հանուն տարբեր երկրներից ստացվող գրանտների կարելի է ակտիվ հասարակական «պայքար» մղել, բայց եթե մի օր պարզենք, որ այդ երկրների ցանկում հայտնվել են նաև Թուրքիան ու Ադրբեջանը, արդեն չենք զարմանա»: Համացանցից վերցնելով «Ապագա տուր» ընկերության հեռախոսահամարը, զանգահարեցինք: Մեզ հետ զրուցեց «Ապագա տուր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Իրինան, ով Արտակ Չիբուխչյանի կինն է: Նա ասաց,որ 2 տարի առաջ հանգստյան տան առաջ կախված են եղել տարբեր երկրների դրոշներ: Մեր հավաստի տեղեկություններով՝ Ադրբեջանի դրոշը, ի թիվս այլ դրոշների, Գետահովտի հարեւան՝ Ենոքավանի տարածքում գտնվող «Ապագա գոմեր» կոչվող հանգստյան համալիրի առաջ կախված է եղել ոչ թե 2 , այլ՝ 3 տարի առաջ:

Մեզ հետ զրույցում Իրինան հաստատեց, որ կապ կա Գետահովտի տարածքում «Խաչաղբյուր-2» փոքր ՀէԿ-ի կառուցման դեմ լրատվական կայքերից մեկին Արտակ Չիբուխչյանի տված հարցազրույցի եւ հանգստյան համալիրի՝ Ադրբեջանի դրոշով նկարի համացանցում հայտնվելու միջեւ, ասելով. «Դուք կարող ենք նայել համացանցը, եթե այնտեղ տեղադրվում է նրա հարցազրույցը ՀէԿ-ի մասին, հետո նրա (Արտակ Չիբուխչյանի-Ո.Ս.) բնութագիրն է տեղադրվում՝ որպես ադրբեջանական լրտեսի, դուք լրագրող եք, կարող եք ձեր հետաքննությունը կատարել»:

Հավելենք, որ գետահովիտցիների եւ բնապահպան ակտիվիստների պայքարի արդյունքում առայժմ դադարեցվել է ՓՀԷԿ-ի շինարարությունը: Բնապահպանական «Թռչկան»» քաղաքացիական նախաձեռնությունը գրավոր հարցում է ուղարկել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որտեղ նախարարին հարցադրումեր անելով՝ մասնավորապես հայտնել է . «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցումն իրականացվում է երկու պետական արգելավայրերի՝ «Իջևանի» և «Արջատխլենու» տարածքում, սակայն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի բնապահպանական մասի 27-րդ էջում գրված է. «ՀԷԿ-ի կառուցման տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան»:

Մոտ 10 օր առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը գրությամբ դիմել է Գետահովտի համայնքապետարան՝ խնդրելով Աղստեւ գետի Պաղ ջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի համար հողհատկացում կատարել:

Հայտնենք, որ փոքր ՀԷԿ-ի շինարարությունը կատարվել է առանց Գետահովիտ համայնքի կողմից հողհատկացման, շինթույլտվության եւ բնակիչների շրջանում հասարակական լսումների, խախտվել են բնապահպանական մի շարք օրենքներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031