Հայ գործարարին ո՞ր ոլորտներն եք առաջարկում ներդրումների համար, հարցին՝ Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվարոն ասաց. «Չենք ասում կոնկրետ հենց այսօր ներդրումներ անեն հայ գործարարները, այլ առաջարկում ենք ուսումնասիրել արգենտինյան շուկան, որից հետո կարող են հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, արդի տեխնոլոգիաների ոլորտներում կատարել իրենց ներդրումները»:
Դեսպանը եւ մի խումբ հայ գործարարներ այսօր մասնակցեցին
ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կազմակերպած Հայ–արգենտինյան առեւտրատնտեսական ֆորումին: Գործարարներից մեկը, վստահեցնելով, որ մեր երկրում «արախիսի» մեծ պահանջարկ կա, դեսպանից հետքրքրվեց, թե արդյոք հնարավոր չէ՞ Հայաստանում արգենտինական «արախիսի» արտադրություն հիմնել` չօգտագործվող հողերն էլ տրամադրել դրա աճեցման համար. «Ստիպված Դուբայից ու այլ երկրներից ենք ներկրում»:
Դեսպանն ու պալատի նախագահ Մարտին Սարգսյանը խոստացան քննարկել այդ առաջարկը: Մարտին Սարգսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արգենտինացի գործարարներին ի՞նչ ենք առաջարկել: Պարզվեց, այն ամենը՝ ինչ առաջարկել ենք իրաքցի, ֆրանսիացի եւ այլ օտարերկրացի գործարարներին` հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, նոր տեխնոլոգիաների ոլորտները:
Կարդացեք նաև
Ներկայիս դրությամբ, արգենտինացի գործարարների ներդրումները մեր երկրում սահմանափակվում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատեր Էդուրադո Էռնեկյանի կատարած ներդրումներով: Ըստ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի, Հայաստանում իրենց նեդրումներն ընդհանուր առմամբ կազմում են մոտ 300-350 միլիոն դոլար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ