Հոկտեմբերի 19-ին մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը` նվիրված Տ. Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին: Եռօրյա նստաշրջանի ընթացքում արվեստագետները հանդես կգան արվեստի տարբեր բնագավառներին առնչվող 40 զեկույցներով:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, թե գիտությունը Հայաստանում ծերանում է։ ՙՎերջին շրջանում շատ է խոսվում գիտության ծերացման մասին, որ երիտասարդները հեռանում են գիտությունից ցածր ֆինանսավորման պատճառով։ Մեր ամենամյա գիտաժողովները հաստատում են, որ նման խոսակցություններն այնքան էլ տեղին չեն։ Համենայն դեպս, արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում։ Մենք ամեն տարի տեսնում ենք, թե ինչ կարող, պատրաստված հերթափոխ ունենք։ Նրանք շատ շնորհալի, տաղանդավոր երիտասարդ արվեստաբաններ են։ Ամեն անգամ հաճելիորեն զարմանում ենք՝ տեսնելով, որ նման ներուժ ունենք՚,- ասում է Արվեստի ինստիտուտի փոխտնօրենը՝ շեշտելով նաև, որ նման միջոցառումները շատ լավ հնարավորություն են՝ շփվելու և կապեր հաստատելու արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող երիտասարդ մասնագետների համար։
Աննա Ասատրյանը տեղեկացրեց նաև, որ Արվեստի ինստիտուտը նպատակ ունի Տ. Չուխաճյանի ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված ևս մեկ գիտաժողով գումարել 2013թ. գարնանը։
Կարդացեք նաև
Երիտասարդ ճարտարապետ, Նովոսիբիրսկի ճարտարապետության և գեղարվեստի պետական ակադեմիան ներկայացնող Դավիթ Նահատակյանն ակնկալում է երիտասարդների ակտիվ մասնակցություն նստաշրջանի աշխատանքներին, շահագրգիռ քննարկումներ և արդիական խնդիրների արծարծում։
Եռօրյա նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են ինչպես Արվեստի ինստիտուտի, այնպես էլ հանրապետության այլ գիտակրթամշակութային օջախների երիտասարդ գիտնականներ: Ներկա են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, Գերմանիան, Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող երիտասարդ արվեստաբաններ:
Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 7-րդ նստաշրջանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել են ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն