«ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների երեւանյան համաժողովի ընթացքում որոշում է կայացվել, ըստ որի՝ ստեղծվելու է կրթական միասնական ցանցային քոլեջ»- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա կարծում է, որ ԱՊՀ տարածքում ստեղծվող միասնական ցանցային քոլեջը կնպաստի կրթական գործընթացին եւ մեթոդապես կնպաստի համակարգի զարգացմանը: Համաժողովի ընթացքում որոշվել է նաեւ ստեղծել ԱՊՀ տարածքում գործող ազատ ռեյտինգային գործակալություն, որը օբյեկտիվ տեղեկատվություն կտրամադրի տարածաշրջանի բուհերի գործունեության մասին: «Դա հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել այս կամ այն բուհի գործունեությունը, խթանել կրթական ծրագրերի առկայությունը»,- ասում է նախարարը: «Նորմատիվ փաստաթղթերի ընդունումից հետո մենք բավականին արագ կսկսենք աշխատել միասնական ցանցային քոլեջի շուրջ եւ ավելի օպտիմալ ձեւով կիրականացնենք կրթական ծրագրերը», -նշեց Ղազախստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ակադեմիայի նախագահ Ալմա Աբիլկասիմովը: Համաժողովի առաջին օրը պատվիրակությունները քննարկել են նոր կրթական ծրագրեր եւ գաղափարներ, ինչպես նաեւ երկդիպլոմներ տրամադրելու եւ արվեստի ոլորտում կրթություն ստանալու խնդիրները: Համաժողովի ընթացքում ԱՊՀ նախարարների ուշադրության կենտրոնում է եղել նաեւ «Եվրոստուդենտ» կրթական ծրագիրը, որի նպատակն է ուսանողների կյանքի ուսումնասիրությունը: «Համաժողովն աշխատանքային օրգան է, բոլոր այն ծրագրերը, որոնք ներգրավված են օրակարգում, հիմնված են այն խնդիրների վրա, որոնց քննարկելու պահը հասունացել է»,- նշեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իրինա Զայցեւան: ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների եւ ուսուցիչների հաջորդ համագումարը կանցկացվի 2014 թվականին՝ Մինսկում, որտեղ կքննարկվեն ավագ դպրոցին վերաբերող խնդիրներ:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ