Լրահոս
Օրվա լրահոսը

Դելիկատեսը՝ ուրիշին, իսկ տանը՝ մի կտոր սեւ հա՞ց

Հոկտեմբեր 19,2012 13:54

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը չի արդարացնում փառատոներին առօրյայից տարբեր ներկայանալը

Վերջին շրջանում հայաստանյան մշակութային կյանքում թատերաշրջանի մեկնարկը համընկնում է փառատոնային աժիոտաժի հետ: Արդեն ավարտվել են «Հայֆեստը», «Արմմոնոն», «Թատերական Լոռին», «Թատրոն X»-ը եւ «Թումանյանական հեքիաթը»: «Առավոտին» հետաքրքիր է՝ արդյո՞ք փառատոնային իրողություններից զատ   թատրոններն ունեն հստակ քաղաքականություն եւ այդ միջոցառումները նպաստո՞ւմ են քաղաքականության իրականացմանն ու հարստացմանը: Մեզ հետ զրուցած թատրոնի մարդիկ հավաստիացնում են, որ փառատոներին ներկայացվում են հիմնականում խաղացանկային, երբեմն էլ հոգնած, մաշված ներկայացումներ: Այս ամենը չի՞ վերածվում սովորական ու ինքնաբավ ձեռնարկի:  Եվ քանի որ տեղական ու միջազգային փառատոներին բոլորից շատ մասնակցում է Տիկնիկային թատրոնը, նպատակահարմար գտանք զրուցել ռեժիսոր, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի հետ:

Մեր զրուցակիցն ասաց, թե ճիշտ չի համարում այն ընտրությունը, որ թատրոնները փառատոնի համար հատուկ «դելիկատես» են ներկայացնում, իսկ իրենց «տանը» մի կտոր սեւ հացով  էլ յոլա են գնում: «Նվաճած նշաձողը երբեք չի կարելի իջեցնել, հակառակ դեպքում հայտնվում ես «բարիեր գարդում», ոչ թե ավանգարդում: Այս տեսակետից չպետք է լինի հակասություն փառատոնային կամ տեղական օգտագործման ներկայացումների միջեւ: Տարվող քաղաքականությունը յուրաքանչյուր թատրոնի համար պետք է լինի գեղագիտական»,- ասաց պարոն Բաբայանը: Ռեժիսորը համոզված է, որ փառատոներից հետո դրական ու բացասական արձագանքները միանշանակ օգտակար են: Նա հիշեց այս տարի «Հայֆեստի» շրջանակներում վրացիների ու ճապոնացիների հետաքրքիր ելույթները: «Մշակույթը, մասնավորաբար՝ թատերարվեստը, անոթների պես մի բան է, երբ կարողանում ես ընկալել այլ մշակույթ, սիրտդ մի տեսակ լավ է աշխատում: Իսկ եթե փակում ես ընկալելու ունակությունդ, ակամայից ստեղծում ես մշակութային թրոմբ»,- հայտնեց պարոն Բաբայանը:

Ճանաչված մասնագետի ցանկությունն է, որ հայաստանյան փառատոների կազմակերպիչները քանակը փոխարինեն որակով: Բաբայանի խոսքերով՝ տարեցտարի գլուխ են գովում, թե այսինչ կամ այնինչ փառատոնի մասնակից երկրների թիվն ավելացել է, մինչդեռ  կայացած փառատոների համար  առաջնայինը որակն է: Հարցին, թե հայրենական թատրոնները պատշա՞ճ են ներկայանում փառատոներին, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Մեր թատրոնների մեջ պասիվություն եմ տեսնում, փոխարենը նկատելով պարգեւի հասնելու մոլուցք: Արվեստի տեսանկյունից պարգեւները գին չունեն, ու սա այն դեպքն է, երբ գերագնահատվում է մասնակցությունը»: Ռեպլիկին էլ՝ այնուամենայնիվ, պարգեւներից շոյվում եք  եւ դուք, եւ ձեր կոլեգաները, մեր զրուցակիցն ասաց. «Նախ՝ եկեք տարբերակենք արվեստի գեղագիտությունը, զարգացումը՝ շոյվելու հաճույքից: Չեմ ժխտում, շոյվելը հաճույք է, բայց դա այնքան էլ արդյունավետ չէ, այլ արդյունավետ է հենց մասնակցությունը, միմյանց հետ շփվելը, ինչ-որ բան վերցնելն ու տալը, եւ այլն»: Հավելեց նաեւ, որ իր համար գերագույն հաճույք է բեմադրության փորձերը, հիշելով Մոսկվայում ուսանած տարիներին իր ղեկավար, պրոֆեսոր Անատոլի Էֆրոսի «Փորձ իմ սեր» գիրքը: Միայն անցյալ տարի, բացի հայրենական փառատոներից,  Մոլդովայում, Կոստա Ռիկայում, ԱՄՆ-ում անցկացված նման միջոցառումների մասնակից Բաբայանի ղեկավարած թատրոնը պատրաստվում է օրերս իր արվեստը՝ Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխան» ներկայացումը ցուցադրել նաեւ Ռումինիայում կայանալիք  փառատոնին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031