Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում գլխավոր ախտաբանանատոմը

Հոկտեմբեր 19,2012 13:52

Վերջերս մամուլն անդրադարձավ ախտաբանաանատոմիական ծառայությանը։ Ծառայություն, որ ենթադրվում է՝ լուրջ դերակատարում պետք է ունենա առողջապահական համակարգի համար, ինչու ոչ, նաեւ վերահսկի բժիշկների ու բուժհիմնարկների մասնագիտական աշխատանքն ու վեր հանի նրանց թերացումներն ու բժշկական սխալները։ Այն, սակայն, այսօր անհասկանալի կարգավիճակում է եւ ավելի շատ հանդես է գալիս որպես բժշկական սխալները քողարկող օղակ կամ օժանդակ կառույց։ Առավել եւս սա վերաբերում է սեփականաշնորհված եւ սեփական ախտաբանաանատոմիական բաժանմունք ունեցող բուժհաստատություններին: Երեւանի գլխավոր ախտաբան-անատոմ Ռուբեն Խանդանյանից փորձեցինք որոշակի հարցեր ճշտել ախտաբանաանատոմիական ծառայության «մութ» կողմերի վերաբերյալ։

– Պարոն Խանդանյան, օրերս ՀՀ կառավարությունն ընդունեց Ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը, դրանց անցկացման եւ դրանց արդյունքները պետական մարմիններին եւ այլ անձանց տրամադրելու կարգը հաստատելու մասին եւ Ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման կարգը հաստատելու մասին որոշումները։ Դուք՝ որպես այդ ոլորտի մասնագետ, ինչպե՞ս կգնահատեք այդ փաստաթղթերը։ Արդյոք այդ որոշումները կկարողանա՞ն արդյունավետորեն կանոնակարգել ամբողջ ոլորտը։

– Այդ որոշումների վերնագրերն էլ խոսում են իրենց մասին։ Առաջին անգամ փորձ կատարվեց սահմանել «պատանատոմիական հետազոտություններ» հասկացության ծավալը, որը մենք նախկինում չունեինք։ Մինչ այս ախտաբանաանատոմիական ծառայություն ասելով հասկանում էին մի մասնագետի, որը կատարում է հերձում, բայց թե ախտաբանաանատոմիական հետազոտությունները դա ինչ ծավալի աշխատանք է, քչերն էին պատկերացնում: Այս որոշումներով ախտաբանաանատոմիական հետազոտությունների մեջ գոնե 5 կետով առանձնացվեց աշխատանքների ծավալը։ Բայց իրականում այդ ծավալը շատ ավելին է, քան նշված է փաստաթղթերում։ Նույնը վերաբերում է փորձաքննությանը։ Կարծում եմ՝ ընդունված որոշումները հետագայում կկատարելագործվեն, ես շատ ուրախ եմ դրանց ընդունման համար։ Մնում է, սակայն, որ գործեն եւ թղթի վրա չմնան։

– Աշխարհում, որպես կանոն, ախտաբանաանատոմիական ծառայությունն անկախ է, անգամ առողջապահական համակարգից։ Չե՞ք կարծում, որ Հայաստանում նույնպես այն պետք է անկախ լինի, ինչից գուցե բուժհաստատությունների տերերը, ոչ բարեխիղճ բժիշկները կտուժեն, բայց հանրությունը հաստատ կշահի։

– Իսկ որտեղի՞ց գիտեք, որ ամբողջ աշխարհում պատանատոմիան անկախ ծառայություն է։

– Համացանցն այլ երկրների փորձին ծանոթանալու հնարավորություն տալիս է։

– Ես չեմ ուզում այս թեմայի շուրջ խոսել։ Այս հարցում ինքս ինձ դատապարտել եմ լռության։ Ժամանակին առողջապահության նախարարությունում այդ մասին քննարկումներ եղել են, շատ կուժուկուլա է այդ հարցով մեր գլխին կոտրվել։

– Ներեցեք, իսկ ո՞րն է Ձեր լռելու դրդապատճառը։

– Ոլորտի անկախության հարցով, բացի վերջին երկու նախարարներից, ես զրուցել եմ բոլոր նախարարների հետ, բայց եկել եմ եզրակացության, որ այդ հարցի շուրջ պետք է լռություն պահպանեմ։

– Այսինքն՝ Դուք չե՞ք ցանկանում, որպեսզի ախտաբանաանատոմիական ոլորտում առաջընթաց գրանցվի։

– Հիմա որ ասեմ՝ շատ եմ ուզում, ի՞նչ կփոխվի։

– Իսկ ի՞նչն է պատճառը, որ պատանատոմիան Հայաստանում չի կարեւորվում։ Նշանակում է՝ բժիշկներն ու բուժհաստատությունները ստվերային կերպով նպաստո՞ւմ են, որպեսզի այն ինքնուրույն չլինի։

– Դուք հարցեր եք տալիս, որոնք ես չգիտեմ, թե որտեղից եք վերցրել։ Հիմա եթե ես պատասխանեմ այդ հարցին, պատասխանը բումերանգի պես ինձ է հարվածելու։

– Ի՞նչ է նշանակում՝ Ձեզ է հարվածելու։ Կարելի՞ է ենթադրել, որ որեւէ մեկն անզո՞ր է պայքարել բժշկական մաֆիայի դեմ։

– Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ բժշկական մաֆիա։

– Դատելով երկրի նախագահի եւ վարչապետի վերջին ելույթներից, տրված գնահատականներից ու նույնիսկ բացահայտումներից՝ կարող ենք ասել, որ կա։ Եթե հաշվի առնենք, թե ինչ գումարներ են պտտվում, ասենք, դեղերի շուկայում, միանշանակ կարելի է ասել՝ կա։

– Դա պատանատոմիային կա՛մ մասնակի է առնչվում, կա՛մ ընդհանրապես չի առնչվում։ Բայց իմ տեսակետն այն է, որ ձեր կողմից նշած բժշկության առաջադիմության, բուժման արդյունավետության, ճիշտ ու սխալի հարցերը բարձրացնելիս պետք է սկսել հենց ախտաբանաանատոմիայից։

– Պարոն Խանդանյան, չեմ հասկանում Ձեր խուսափողական պատասխանների իմաստը։ Բոլորս գիտենք, որ այս երկրում կան տարատեսակ մաֆիաներ, այդ թվում՝ բժշկական, որի մասին նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն են խոսում։

– Խուսափում եմ, որովհետեւ վաղը-մյուս օրը հանկարծ կպարզվի՝ այդ մաֆիայի պարագլուխը ես եմ։

– Այսինքն՝ Դուք խաղում եք համընդհանուր խաղի կանոններով՝ փորձելով հարմարվել իրավիճակին։

– Ես գլուխս կախ, պարզապես փորձում եմ աշխատել, անել իմ ամենօրյա աշխատանքը։ Մեջս կուտակված ասելիք շատ կա, բայց ես ինքս ինձ խոստացել եմ լռություն։ Երբ թոշակի կանցնեմ, կսկսեմ գրել մենագրություններ, որոնք ինչ-որ մեկին գուցե հետաքրքրեն։

– Ոլորտում կան խնդիրներ, Ձեր լռությունն էլ այդ մասին է վկայում։ Նշանակում է, որ Դուք ոչ բարեխիղճ աշխատող եք։ Դուք պարտավոր եք ուղղակի եղած հարցերը բարձրացնել։

– Ես պատրաստ եմ ոչ բարեխիղճ աշխատողի պիտակն էլ վերցնել ինձ վրա, միայն շատ հարցերի չպատասխանեմ։

– Լավ, ինձ մնում է եզրակացնել, որ իրոք շատ լուրջ խնդիրներ կան եւ ստիպող հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս Ձեզ խոսել այդ մասին ամբողջ ծավալով։

– Ես չգիտեմ Ձեր հարցազրույցի նպատակը։ Խնդիրներ, այո՛, կան։ Դրանք կան բոլոր ոլորտներում էլ։ Պարզապես պետք է աշխատել դրանց լուծման ուղղությամբ։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031