Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կլինի կառավարությունը կանոնակարգի ոլորտը»

Հոկտեմբեր 19,2012 13:50

Ըստ եվրոպացի փորձագետի, կրկնուսուցումից չպետք է «փախչել»

Մարկ Բրեյը (ձախից) եւ Արայիկ Նավոյանը:

Ադրբեջանում սովորողների 90%-ից ավելի դիմում է կրկնուսույցների օգնությանը, Վրաստանում այդ ցուցանիշը 75% է, Ուկրաինայում՝ շուրջ 70, Ղազախստանում եւ Լեհաստանում՝ 50 եւ այլն: Իսկ Հայաստանում կրկնուսույցների ծառայություններից օգտվում է 47%-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության պլանավորման ինստիտուտի տնօրեն Մարկ Բրեյը «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում փաստում է, որ ամբողջ աշխարհում կրթությունը ծրագրավորող մարմինների ու կրթական քաղաքականություն մշակողների ուշադրությունը կենտրոնացած է միայն կրթության ֆորմալ համակարգերի վրա, մինչդեռ, չնայած ոչ շահեկան կարծրատիպերին, փոքր չէ նաեւ ստվերային կրթության՝ կրկնուսուցման համակարգերի դերը: Նա տեղեկացրեց, որ 1999 թվականից ուսումնասիրություններ է կատարել կրկնուսուցման վերաբերյալ, որի արդյունքում ծնվել է «Դիմակայում կրթության ստվերային համակարգին» գիրքը, որ հայերեն տարբերակի շնորհանդեսը կկայանա այսօր՝ Ֆրանսիական համալսարանում: Գրքի թարգմանիչն ու խմբագիրն է բուհի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը:

Մարկ Բրեյը համոզված է, որ իր ուսումնասիրությունը պիտանի կլինի նաեւ հայաստանցիների համար: «Տան ֆասադից երեւում է, որ կրթությունն անվճար է, բայց նաեւ ներսից պետք է նայել՝ ամբողջական պատկեր ստանալու համար»,- ասում է մեր զրուցակիցը ու հավելում, որ ի տարբերություն այլ երկրների, հայաստանյան ստվերային կրթության համակարգի վերաբերյալ ինքը տեղեկություններ չունի, բացի ՄԱԿ-ի այն տվյալից, որ մեր երկրում 47 %-ն է կրկնուսույցի մոտ պարապում: Նաեւ տեղյակ է, որ հայաստանցի մանկավարժները կրկնուսուցությամբ զբաղվելը պատճառաբանում են իրենց ցածր աշխատավարձերով եւ այդ միջոցով հավելյալ եկամուտ ստանալով:

«Ես հույս ունեմ, որ թեմայի շուրջ մանրամասն կխոսենք ԿԳ նախարարության եւ Կրթության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ, որին ներկա կլինեն նաեւ ավագ դպրոցների տնօրեններ»,- ասում է փորձագետը:

Մեր զրույցի ժամանակ հետաքրքրվեց՝ արդյոք որպես աշակերտ երբեւէ ստացե՞լ եմ մասնավոր կրկնուսուցում, ապա համաձայնեց դիտարկմանը, որ մասնավոր կրկնուսուցումը խորթ զավակի նման մղված է մի կողմ: Նա նշում է, որ բոլոր երկրների համար չի կարող ունիվերսալ լուծումներ առաջարկել, բայց իր աշխատությամբ կարող է հուշել, թե մասնավոր կրկնուսուցման ո՞ր կողմերն են դրական, որոնք՝ բացասական: Նրա համոզմամբ, մասնավոր կրկնուսուցումն օգնում է աշակերտներին յուրացնել ծրագիրը, ապահովում նրանց կազմակերպված զբաղվածությունը դասերից ազատ ժամերին եւ եկամուտ բերում ուսուցիչներին: Մյուս կողմից էլ, եթե կրկնուսուցումն ուղղորդեն միայն շուկայական հարաբերությունները, ապա այն կարող է մեծացնել հասարակական շերտավորումը եւ հանգեցնել աշակերտների չափից ավելի ծանրաբեռնվածության, զրկել նրանց հանգստի կամ այլ հետաքրքրությունների համար ունեցած ժամանակից: Հատկապես խնդրահարույց են իրավիճակները, երբ հիմնական դպրոցի ուսուցիչներն իրենց դասավանդած առարկաներից վճարովի կրկնուսուցում են տրամադրում այն աշակերտներին, որոնց դասավանդում են:

«Առաջին հերթին ինքներդ պետք է հասկանաք հիմնախնդիրը, դրանից հետո միայն փորձեք լուծում գտնել, եւ անպայման պետք է հարց տաք՝ ինչո՞ւ ունենք այսպիսի հիմնախնդիր: Ստվերային կրթությունը որակի՞ խնդիր է, թե՝ մրցակցության բացակայության»,- ասում է պարոն Բրեյը:

Նա նշեց, որ, օրինակ, Ադրբեջանում եւ Վրաստանում դպրոցում կրկնուսուցությունը թույլատրված է, իսկ Հոնկոնգում՝ արգելված: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում է, որ քանի դեռ ստվերային կրթության համակարգը զարգացած չէ, չկան խանգարող հետաքրքրություններ եւ կազմակերպություններ, լավ կլինի կառավարությունը կանոնակարգի ոլորտը եւ ուղղորդի նախընտրելի ճանապարհով. «Օրինակ՝ Թուրքիայում անցյալ օգոստոսին կառավարությունը որոշեց կրկնուսուցումն արգելել եւ հանդիպեց շատ լուրջ դիմադրության»: Գրքի թարգմանիչ եւ խմբագիր, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը տեղեկացրեց, որ աշխատության էլեկտրոնային տարբերակը կլինի ԿԳ նախարարության, ԿՏԱԿ-ի եւ ԿԱԻ-ի պաշտոնական կայքերում: «Գրքի նպատակն այն է, որ լրացվի հետազոտությունների պակասի եւ մեթոդաբանության բացը, ներկայացնենք, թե դա ինչպես է տեղի ունեցել ուրիշ երկրներում: Գիրքը ներկայանում է 3 բաղադրիչով՝ ախտորոշում, դրսեւորումներ եւ հնարավոր պատասխաններ, ու քանի որ սա շատ սոցիալական ոլորտ է եւ շատ գործոններ են մտնում խնդրի մեջ, հարկ է զգույշ լինել եւ համակողմանի ուսումնասիրել: Գիրքը չի ասում՝ կրկնուսուցումը վատ է կամ լավ է, հետեւությունները թողնված են մասնագետներին: Գիրքը ավարտվում է «Ստվերային կրթության դասերը» մասով, որտեղ ինչպես կրթության ցանկացած մասնագետ, այնպես էլ կրթությունը պլանավորող մարմինները կարող են համապատասխան դասեր քաղել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031