Լրահոս
Օրվա լրահոսը

60-ամյա դոկտորը՝ գյումրեցի մարմնավաճառուհիների կնքամայր

Հոկտեմբեր 19,2012 13:27

Դատարանը շարունակում է լսել գյումրեցի կանանց տրապիզոնյան արկածները

Մոտ մեկ ամիս է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձած 31-ամյա գյումրեցի մատուցողուհի Հրանուշ Մ.-ի բողոքը մարմնավաճառուհի Նարինե Մ.-ի եւ առեւտրական Սուսսաննա Մ.-ի դեմ: Նարինեն ու Սուսաննան կալանավորված են՝ կավատությամբ զբաղվելու եւ Հրանուշին մարմնավաճաության մեջ ներքաշելու մեղադրանքով:

Ըստ Հրանուշի բողոքի՝ գյումրեցի Նարինեն դայակությամբ զբաղվելու նպատակով իրեն տարել է Տրապիզոն քաղաք, որտեղ եւ 2-րդ օրվանից խաբել ու հրամցրել է մարմնավաճառի գործը, իսկ Նարինեի մտերիմը՝ Թուրքիայում բնակվող Սուսաննան, թանկ գներով շորեր է վաճառել իրեն ու այսպես հարկադրել է զբաղվել մարմնավաճառությամբ ու իր փողերը փակվել:

Նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ կանայք պնդում էին, որ Հրանուշը խաբվողներից չէ, նա ինքն է գնացել Նարինեի տուն, խնդրել իրեն եւս տանել մարմնավաճառության, այնուհետ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում բնակվող Սուսաննայից շքեղ կամ, այսպես ասած, «էստի համեցեք»-ի շորեր է գնել, սակայն նրան խաբել ու փողը չի տվել: Եվ երբ Սուսաննան պահանջել է իր փողը, Հրանուշը գնացել է ոստիկանություն, դեպորտ է խփել տվել իր անձնագրում ու վերադարձել է Հայաստան:

Այսօր դատարանը լսեց Հրանուշին, ով, ի դեպ, մեկ ամիս է՝ չէր ներկայանում դատական նիստերին՝ Հայաստանում չգտնվելու պատճառաբանությամբ, եւ ըստ էության դատարանն այդպես էլ չէր կարողանում կողմնորոշվել, թե երեք մարմնավաճառ տիկնանցից ով է ճիշտ եւ ով՝ սխալ: Երեկվա դատական նիստը անցավ բավականին լարված, քանի որ մարմնավաճառ տիկնայք երբեմն հուզվում ու ամենավերջին բառերով (շուն, լկտի, փողոցային…) միմյանց անպատվում էին: Երբեմն էլ մեկը մյուսի սիրեկանների մասին այնպիսի դրվագներ էին պատմում, որ նստածների մոտ սրտխառնոց էր առաջանում: Նույնիսկ դատավոր Էդուարդ Մանուկյանը, լսելով, թե տիկնայք ինչպես էին ծաղրում մեկը մյուսի սիրեկաններին, դիտողություն արեց զսպվել ու դատը չխանգարել:

Նշենք, որ ամբաստանյալ տիկնանցից Նարինեն երիտասարդ է, անչափահաս երեխա ունի, նա Գյումրիում եւս մարմնավաճառությամբ է զբաղվել, Գյումրու բիստրոներից մեկում աշխատել է որպես մատուցողուհի, հավաքարար, աման լվացող: Իսկ Հրանուշը, որին դոկտոր էին անվանում մարմնավաճառ կանանց 15 օրը մեկ սրսկելու ու սեռավարակումից փրկելու համար, տարեց կին է, 5 թոռներ ունի եւ վաղուց է Երեւանից տեղափոխվել բնակության Թուրքիա: Զոհը՝ Հրանուշը, ամուսնալուծված է, փոքրահասակ տղա ունի, որը, սակայն, իր ասելով՝ ոչ թե ամուսնուց է, այլ ընկերոջից: Ի դեպ, Հրանուշի պատմելով՝ ամուսնալուծվելուց հետո ինքը մի անգամ եղել է Դուբայում, որտեղ նրան խաբեությամբ տարել են մարմնավաճառության, բայց քանի որ ինքը չի զբաղվել, հետեւաբար եւ այժմ հետախուզման մեջ գտնվող կավատը՝ Նելլին, նրան 3-րդ հարկից վայր է շպրտել, ողնաշարը կոտրել, այնուհետեւ առանց անձնագրի ճանապարհել Աստրախան: Երիտասարդ կնոջ գլխին եկած տրապիզոնյան արկածներն էլ փաստորեն չէին տարբերվում Դուբայի արկածներից, միայն թե այստեղ տիկինը ստիպված զոհ էր դարձել: Հրանուշը պատմեց, որ ինքը զանգահարել է իր ընկերոջ հեռախոսին, սակայն մի կին է պատասխանել՝ Աննա անունով, եւ սա դարձել է ծանոթության պատճառ: Տեղեկանալով, որ Աննան դայակությամբ է զբաղվում Թուրքիայում, խնդրել է իրեն եւս տանել փող աշխատելու, քանի որ Գյումրիում պարտքերի տակ թաղված է: Աննայի անձնագրում այդ պահին դեպորտ է խփված եղել, հետեւաբար եւ նա առաջարկել է այդ հարցով գնալ իր ընկերուհու՝ Նարինեի տուն: Նարինեն էլ, իր հերթին, առաջարկել է Թուրքիա գնալու համար փող ճարել, ու Հրանուշին խաբել է, թե սկզբում դայակություն անելու համար կվճարվի համեմատաբար ցածր՝ 500 դոլար, քանի որ լեզու չգիտի: Պայմանավորվել են գնալ Թուրքիայի Կոնյա քաղաք, սակայն 7-8 ժամ Վրաստանում սպասելուց հետո մեկնել են Տրապիզոն, իսկ հաջորդ օրվանից Հրանուշին տեղեկացրել են, որ իրեն բերել են մարմնավաճառության: Նա առաջին իսկ օրով առեւտուր է արել դոկտոր Սուսաննայից ու ընկել է պարտքերի տակ, իսկ երբ իմացել է, որ իրեն բերել են մարմնավաճառության, հետ է տարել շորերը, սակայն Սուսաննան չի վերցրել՝ հարկադրելով աշխատել ու իր պարտքերը տալ: Ավելին՝ Հրանուշին ոչ մեկը պարտքով գումար չի տվել հայրենիք վերադառնալու համար, ու այսպես նա 4 ամիս մնացել է Թուրքիայում: «Առաջին օրը գնացինք դոկտորենց տուն, դոկտորը գնաց խանութ, առեւտուր արեց, փողը ես տվեցի, գնաց գազ լցրեց, փողն էլի ինձանից գանձեցին, հեռախոսահամար վերցրեցինք, որ տուն զանգենք, փողն էլի ես տվեցի, էս կինը ինձ անընդհատ թալանել է, օրական 100 դոլարի չափով ձեռքիցս խլել է: Առաջին օրը ինձ մոտ մնաց 15 դոլար, էդ 15 դոլարով ես ի՞նչ պիտի անեի, երբ լեզու ու ճանապարհ չգիտեի: Ես 3 ամիս դոկտորի մոտ եմ մնացել, գնում էր խանութ՝ ուտելիք բերում, փողը կրկնակի թանկ ինձանից էր գանձում, շորերը թանկ գնով ծախում էր, երբ հարցնում էի՝ ինչքա՞ն եմ քեզ պարտք, չէր ասում, հետո մի ահռելի գումար էր հանում վրաս: 60 տարեկան կին է, բայց էլի մարմնավաճառությամբ էր զբաղվում բիձեքի հետ. սաղ կյանքդ գաղութ նստես, լույսի երես չտեսնես: Աննան ինձ գցեց Նարինեի ճանկը, Նարինեն էլ գցեց դոկտորի ճանկը»,- այսպես ներկայացրեց իր տրապիզոնյան կյանքը Հրանուշը:

Կանայք մեկը մյուսին ամենավերջին անեծքներն էին տալիս, այնպես էին բորբոքվում, կարմրում, որ դատավորը անընդհատ կարգի էր հրավիրում: Էդուարդ Մանուկյանը նույնիսկ խնդրեց ցածր ձայնով խոսել, քանի որ այդ անբարո պատմություններից գլուխն արդեն ցավում էր: Հրանուշի պատմելով՝ ինքը մի անգամ գնալով շուկա՝ հայտնաբերել է, որ շորերը դոկտոր կոչվածը կրկնակի թանկ է վաճառել իր վրա, այդ օրվանից նրանք կռվել են, ինքը առանձնացել է, գնացել հյուրանոցում բնակվելու, այնուհետեւ այնպես է արել, որ ոստիկանությունը դեպորտ խփի իր անձնագրում ու վերադառնա հայրենիք: Ըստ նրա՝ ինքը ավելի վաղ վախեցել է գալ Հայաստան, քանի որ Սուսաննան ամեն վայրկյան սպառնացել է շորերի փողը չտալու դեպքում գնալ Հայաստան ու մորը խաբար տալ, թե ինչով է զբաղվում իր աղջիկը, նրան խայտառակել շրջապատում:

Դատավորի այն հարցին, թե՝ ճիշտն ասա, քեզ Նարինեն խաբե՞լ է, թե՞ ինքդ ես նրան խնդրել տանել Թուրքիա՝ մարմնավաճառության, տուժողն ասաց. «Ձեռքս սրտիս եմ դնում ու ասում՝ եթե սուտ եմ խոսում, թող իմ երեխան Աստծուց գտնի, եթե ինքն է սուտ խոսում, ուրեմն թող իր երեխան պատժվի, նա է ինձ խաբել»: Իսկ դոկտորը նստած տեղից բղավում էր. «Հո ես քեզ չասի՝ արի Թուրքիա մարմնավաճառ աշխատի, հո ես քո հետ պայմանագիր չէ՞ի կնքել, գնայիր դայակ աշխատեիր, ինձանից առած շորերի փողը տայիր, դա իմ ի՞նչ գործն էր ինչ կաշխատեր»:

Ի դեպ, Սուսաննայի դեմ գաղութից ցուցմունք էր տվել նաեւ 8 տարվա ազատազրկման դատապարտված մեկ այլ մարմնավաճառուհի՝ Կարինե անունով, ով պնդում էր, թե դոկտորը աղջիկներին Տրապիզոնում ծախում էր: Դատարանը շուտով կորոշի մարմնավաճառուհիների ճակատագիրը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031