Արդեն հինգերորդ տարին է՝ մարգահովիտցին գյուղի հիմնախնդիրների մասին տեղեկանում է սեփական լրատվամիջոցից: Գյուղում սեփական թերթ ունենալու միտքը երիտասարդ լրագրող Հովհաննես Սարդարյանինն էր. «2004 թվականն էր: Մարգահովիտի միջնակարգ դպրոցում սկսեց լույս տեսնել դպրոցական «Լույս» թերթը, իհարկե՝ ոչ տպարանային արտադրության: Ես շարունակ մտածում էի՝ այն գյուղը, որը գրչի այդքան մշակներ ունի, որտեղ ականավոր շատ մարդիկ են ծնվել, մեծացել, պիտի անպայման ունենա իր թերթը»: Երեք տարի անց արդեն երազանքն իրականություն էր. սկզբում սովորական համակարգչային ձեւաչափով տպվող թերթը գոյության մի քանի ամսում արդեն «Մարգահովիտցիների «Զորավիգ» հայրենակցական հ/կ-ի ֆինանսական հովանավորությամբ ու գլխավոր խմբագրի հոժարակամ հասարակական հիմունքներով աշխատանքի արդյունքում սկսեց լույս տեսնել տպարանային տարբերակով: «Որպես խմբագրական աշխատանք՝ բավականին դժվար ճանապարհ ենք անցել, սակայն հաղթահարել ենք դժվարությունները: Սկզբում վաճառում էինք, սակայն հետո սկսեցինք տարածել անվճար»,- ասում է գլխավոր խմբագիր Հովհաննես Սարդարյանը:
Թեեւ գյուղական պարբերաթերթը մարզում միակն է, այնուամենայնիվ, ինչպես նշում է խմբագիրը, դա առավելություն չէ: «Մարզում միակ գյուղական թերթ լինելը ավելի շատ թերություն է, քան առավելություն: Թերությունն այն է, որ զարգանալու ավելի քիչ հնարավորություններ կան: Սակայն չենք սահմանափակվում միայն գյուղի շրջանակներով, ամեն ինչ անում ենք, որպեսզի թերթը շրջանակներից դուրս գա, աշխատում ենք Վանաձորի շունչը եւս բերել Մարգահովիտ»,- ասում է 23-ամյա խմբագիրը: Նա նշում է, որ մարգահովիտցին սրտի թրթիռով է սպասում թերթի լույսընծայմանը՝ իրեն ու իր համագյուղացիներին թերթի էջերում գտնելու ակնկալիքով: «Գյուղացիները հպարտանում են, ուրախանում, որ գյուղը թերթ ունի, որտեղ կարող են կարդալ թե գյուղի հիմնախնդիրների, թե ճանաչված համագյուղացիների մասին»: Չնայած գյուղացիների ոգեւորությանը՝ Հովհաննես Սարդարյանը նկատում է՝ մարդիկ դադարել են թերթ կարդալ: «Ընդհանրապես մենք նահանջել ենք կարդալուց: Պատճառները շատ են, նախ՝ համացանցը, հետո՝ կարծես կարդալու նկատմամբ ներկա սերունդը ոչ համարժեք վերաբերմունք ունի: Արդյունքում ընթերցող-լրատվամիջոց կապն է թուլանում, եւ հանգում ենք նրան, որ ավելի քիչ ընթերցողներ կան, քան պետք է լիներ բաժանորդագրության միջոցով թերթի ծախսերը հոգալու տեսակետից»:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ