«Առավոտ» օրաթերթի ս.թ. հոկտեմբերի 16-ի «Մահացածից ու անհայտ բացակայողից էլ են ջրի վարձ ուզել» հրապարակմանն ի պատասխան՝ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը:
«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեության մեջ ղեկավարվում է ոչ թե սեփական հայեցողությամբ, այլ գործող օրենսդրությամբ, որի կատարումը պարտադիր պայման է ինչպես ընկերության, այնպես էլ վերջինիս ծառայությունից օգտվողների համար, այդ թվում՝ Հ. Էմինի փողոցի 7 շենքի 4 բնակարանի բնակիչ Սուսաննա Գրիգորյանի, որը պարտք է ունեցել նաեւ մինչեւ «Երեւան Ջուր» ՓԲԸ գործունեւթյունը (2006թ. հունիս ամիս): Առաջացած պարտքի դիմաց դատարանի կատարողական ակտով առ 20.01.2005թ. պետք է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ օգտին բռնագանձվեր զգալի գումար: Հետագա տարիներին արդեն «Երեւան Ջուր» ՓԲԸ գործունեության ընթացքում եւս նա հրաժարվել է վճարումներ կատարելուց, որի արդյունքում առաջացած նոր պարտքը ներկայումս գերազանցում է 400 հազար դրամը:
2011թ. փետրվարի 15-ին Սուսաննա Գրիգորյանը դիմել է մեզ՝ խնդրի կարգավորման նպատակով: Չնայած ներկայացված փաստաթղթերի իրարամերժ լինելուն, հաշվի առնելով նրա սոցիալական պայմաններն ու ջրաչափական սարքով արձանագրված ծախսերի միջին ցուցանիշը՝ նշված անձի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կատարելս որոշակի վճարում, որից հետո պարտքի վերանայման հարցը պետք է քննարկվեր ընկերության համապատասխան հանձնաժողովում: (Այս առնչությամբ նրան գրավոր պատասխան չի ուղարկվել, քանի որ, բանավոր պայմանավորվածության համաձայն, համապատասխան վճարումից հետո պետք է վերահաշվարկվեր պարտքի մեծությունը): Սակայն հաջորդ երկու ամիսների ընթացքում Սուսաննա Գրիգորյանի կողմից վճարում չի կատարվել, հեռախոսազանգերի միջոցով նրա հետ հնարավոր չի եղել կապվել, արդյունքում՝ դիմումին ընթացք չի տրվել: Հարց է առաջանում՝ որքանո՞վ է ճիշտ նման պայմաններում հայտարարել, որ տարիներ շարունակ վճարումներից խուսափող անձը միայն օրերս է պարզել, որ ջրամատակարար կազմակերպությանը մեծ պարտք ունի: Առավել եւս, որ ս. թ. հոկտեմբերի 3-ի ընկերությանն ուղղված դիմումի մեջ նա ուղղակիորեն իր դժգոհությունն է հայտնում դատարանի՝ դեռեւս օգոստոս ամսին կայացրած որոշումից:
Ցավոք, քիչ չեն մեզանում սոցիալապես ծանր վիճակում գտնվողները, որոնք դժվարանում են կոմունալ վճարումներ կատարել, սակայն ընկերությունը դատարան է դիմում միայն ծայրահեղ դեպքերում: Մենք նախ՝ փորձում ենք հասկանալ մեր բաժանորդներին, քննարկում ու, որպես կանոն, համատեղ ուժերով գտնում ենք առկա խնդիրների լուծման ուղիները, որի կարեւորագույն նախապայմանը, սակայն, բաժանորդի շահագրգռվածությունն է ու համագործակցելու ցանկությունը: Հակառակ պարագայում «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն, որպես առեւտրային կառույց, ստիպված է լինում ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ սեփական շահերը պաշտպանելու համար:
Կարդացեք նաև
«Երեւան Ջուր» ՓԲԸ
հաղորդակցության բաժին
«Առավոտ» օրաթերթ