Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը մոռացե՞լ է «Հազարամյակի մարտահրավերներ»-ի կասեցման պատմությունը

Հոկտեմբեր 19,2012 13:08

Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հերթական գրառումն է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ խոսելով բարեփոխումների բացակայության պատճառով տնտեսական բաց թողնված հնարավորությունների մասին:

«Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից՝ այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետեւ դրանք վտանգելու են նրանց քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները: Այսօր այդ քաղաքական մենաշնորհը պահելու համար հայ ժողովուրդը շատ մեծ գին է վճարում»,- նշել է Վ. Օսկանյանը:

Նա հավելել է նաեւ, որ բարեփոխումներից են կախված Հայաստանի համար շատ անհրաժեշտ արտաքին, այդ թվում՝ սփյուռքյան օգնությունն ու ներդրումները, եւ մի շարք գործոնների շարքում առանձնացրել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը. «Ծրագիրը վերջնականապես փակվեց այս տարվա սկզբին՝ իր հետ տանելով մոտ 300 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը պետք է ներդրվեր Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ, որից հատկապես պետք է օգտվեին գյուղական եւ սահմանամերձ շրջանները: Ծրագիրը փակվեց, քանի որ Հայաստանը չկարողացավ բավարարել ծրագրի կողմից առաջադրված ճիշտ կառավարման եւ ժողովրդավարության չափանիշները»:

Հաշվի առնելով իրավապահների վերջին գործողությունները Վ. Օսկանյանի նկատմամբ, ինչպես նաեւ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում Վ. Օսկանյանի միանգամայն տրամաբանական պահվածքը, այնուամենայնիվ՝ պետք է խոստովանել, որ Վ. Օսկանյանի կողմից «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի թեմայի արծարծումը հաջողվածներից չէ, քանի որ դրա կասեցման որոշումն ընդունվել է դեռեւս Վ. Օսկանյանի իշխանավարման ընթացքում թույլ տված սխալների պատճառով:

Ինչպես հայտնի է, 2008թ. նախագահական ընտրություններից եւ մարտի 1-2-ի հայտնի իրադարձություններից հետո «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակ հղեց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում, մասնավորապես, գրել էր. «Վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա»:

Այս իրադարձություններից մեկ տարի անց՝ 2009թ. հունիսին, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել Հայաստանում իրականացվող շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհների վերանորոգման ծրագիրը՝ մոտ 68 միլիոն դոլար: Կորպորացիայի հաղորդագրության համաձայն՝ տնօրենների խորհրդի որոշման համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին: Կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը նշել էր. «Այս որոշման պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար նախատեսվող ճանապարհների կառուցման գործում, հատկապես հիասթափեցնող է, քանի որ հենց գյուղական այդ համայնքներն են ապագայում զարգացում ապահովելու»:

2008թ. մայիսի կեսերին Հայաստանում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակը եւ դրանից բխող խնդիրները քննարկվել էին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի աջակցության համակարգող Թոմ Ադամսի հետ Սերժ Սարգսյանի կայացած հանդիպմանը:

Ադամսն ասել էր, որ որոշակի մտահոգություններ ունեն՝ կապված ծրագրի հիմքում ընկած չափորոշիչների պահպանման հետ, իսկ Սերժ Սարգսյանը նշել էր. «Մեր ցանկությունն է շարունակել գործակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ»:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի կասեցման պատմությունը բավական թարմ է բոլորի հիշողություններում, այնուամենայնիվ՝ առկա ժամանակագրական փաստերը բազմաթիվ են, եւ դրանք իսկապես լույս են սփռում այդ որոշման հիմքերի վրա։

2011թ. ավարտվեց «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի իրականացումը Հայաստանում, որը ստորագրվել էր 2006թ. մարտի 26-ին: ՀՄՀ Հայաստանի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը մամուլում բազմիցս նշել էր, որ կորպորացիայի խորհրդի 2009-ի նիստերի ընթացքում մշտապես անդրադարձել են Հայաստանում իրականացվող ծրագրին եւ դրա քաղաքական երանգներին, եւ որ մարտի 1-ի իրադարձություններից հետո որոշում է ընդունվել ժամանակավորապես կասեցնել ճանապարհաշինությանը տրվող գումարները, մինչեւ դրական տեղաշարժ լինի, իրենց բարձրացված հարցերը լուծվեն: Հետագայում պարզվեց, որ Համաշխարհային բանկն է իրականացնելու Հայաստանի գյուղական ճանապարհների վերականգնումը՝ վարկային ծրագրերով:

Որ Օսկանյանը ծրագրի շարունակման հարցում այսօր պատասխանատու է համարում գործող իշխանություններին՝ հասկանալի է, սակայն այն, որ ծրագրի դադարեցման դրդապատճառների առումով պատասխանատուն իր ղեկավարման շրջանի իշխանությունն է՝ սա նույնպես անհերքելի է։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031