Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարաձգվում է զինծառայությունից խուսափած քաղաքացիներին վերաբերող օրենքի գործողության ժամկետը

Հոկտեմբեր 19,2012 13:05

Կառավարությունն առաջարկում է հերթական անգամ երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը: Ըստ այդմ, նախատեսվում է օրենքի գործողությունը տարածել 1992 թ.-ի աշնանային զորակոչից մինչև 2012թ.-ի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա:

Օրենքում փոփոխություն կատարելու մասին այս օրինագիծը ներառված է Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստի օրակարգում: Հանձնաժողովը պետք է Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնի` հոկտեմբերի 22-25-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվող այս օրինագծի վերաբերյալ:

2011թ.-ի հունիսի 23-ին օրենքում կատարված փոփոխության համաձայն, ներկայումս օրենքը տարածվում է մինչև 2011 թ.-ի մայիսի 1-ը 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա:

2004թ.-ի մարտի 1-ից գործող այս օրենքը հնարավորություն է ընձեռնում զինծառայությունից խուսափած քաղաքացիներին օրենքով սահմանված որոշակի գումար վճարելու դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում:

Նշենք, որ 18-ից մինչև 27 տարեկան բոլոր զորահավաքներից խուսափելու համար վճարի առավելագույն գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: Առանձին կատեգորիաների համար նախատեսված են նաև զեղչեր, մասնավորապես, եթե այդ ընթացքում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին սովորել է բուհում, կամ  երկու երեխա է ունեցել, կամ ծնողներից մեկը հաշմանդամի կարգ ունի և այլն:

Օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարները մուտքագրվում են Հայաստանի պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին և ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031