Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ամաչում, որ քրիստոնյա չեմ ու հպարտ եմ, որ հեթանոս եմ». Գեւորգ Ղազարյան

Հոկտեմբեր 19,2012 12:59

 

Գեւորգ Ղազարյանը բլոգոսֆերայում իր առաջին քայլը կատարել է 2009 թվականին: Այդ ժամանակ Llivejournal-ում բացել է «Initiaty» անվանումն ունեցող բլոգը, որտեղ հայերեն լեզվով գրել է ամեն ինչի մասին: Անվանումը ծագում է «Initiate» բառից: Գեւորգն այդ բառը դարձրել է մակբայ` «Initiaty»: Իմաստային առումով նշանակում է` «լուսավորյալ»:  «Եթե կոպիտ ձևակերպեմ, ապա նման բառ անգելերենում նախկինում չի եղել: Դրա փոխարեն օգտագործվել է «illuminati» բառը: Այն նաև գաղտնի կազմակերպություններից մեկի անունն է, միաժամանակ դա շատ «զռացող» ու անբարեխիղճ կլիներ, եթե օգտագործեի: Դրա համար մի քիչ ավելի մեղմ տարբերակը ինքս հորինեցի ու այն դարձավ իմ հարազատ nickname-ը»:
Բլոգում տեղ գտած թեմաներն ընտրել է ելնելով հետաքրքրությունների շրջանակից: Արձանագրել է իր հետ պատահած ամեն կարևոր կամ արժեք ներկայացնող իրադարձությունը. «Գրում էի քաղաքական, սոցիալական ու քաղաքացիական ակտիվությունների վերաբերյալ: Շատ հաճախ եկեղեցուն էի քննադատում»,- ասում է նա:
2011 թվականից անցել է WordPress հարթակ ու մինչ այսօր այդ նույն տիրույթում է: Initiaty. wordpress.com-ում նրա նյութերի մեծ մասը ռուսերենով են: Գեւորգի խոսքով, այդպես է որոշել, քանի որ հայկական շրջանակը նախ բավականին փոքր է, եւ հետո, եթե որևէ հայ ցանկանա հասկանալ այն, ինչ գրել է ինքը` հաստատ կարող է կարդալ նաև ռուսերեն. «Միաժամանակ, ես նման տարբերակով փորձել եմ լուծել մեկ այլ խնդիր. գրում էի ռուսերեն, որը թույլ էր տալիս գրավոր ռուսերենը չմոռանալ, դեռ ավելին` զարգացանել»,- ասում է Գեւորգը:
Նոր բլոգում եկեղեցու քննադատությունը ավելի զիջել է. Գեւորգը ցանկացել է հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում արդի եկեղեցին. «Գրումի էի ֆիլմերի` կարճ ռեցենզիաների մասին: Դրանով հնարավորություն էր տրվում մարդկանց կարճ ու ընդգրկուն հասկանալ, թե ինչի մասին է ֆիլմը: Թեմաների մեջ գրում եմ նաև արդեն իմ անձնական գործունեության ու ուսումնասիրությունների մասին, ամեն հնարավոր թեմայով ՝ դա լինի որևէ ֆիլմի պրեմիերա, նամակ Վատիկանից, թե ֆուտբոլ: Հաճախ տեղադրում եմ նաև իմ արած ֆոտոշարքերը»,- պատմում է նա:
ժամանակին Գեւորգը բլոգում նյութեր էր տեղադրում հստակ մշակված օրակարգով, ինչպես լրատվական կայքը: Ընթացքում, երբ սկսել է աշխատել, այն էլ միանգամից երկու տեղում, դա դարձալ է անհնարին. «Այժմ էլ բավական մեծ պարբերականությամբ եմ գրում, իսկ հիմնական կարճ գրառումներս անում եմ բլոգիս նույնանուն ֆեյսբուքյան fan page-ում, որը բավականին հաջողված է ու լուրջ տարածում ունի: Շնորհիվ բլոգային պորտալների, որոնք վերցնում են իմ գրառումները, իմ գրածները հասնում են լայն հասարակությանը»,- ասում է նա:
Բլոգերը հիշում է լուրջ տարածում գտած իր առաջին նյութը. հրապարակախոսի է ծաղրել, ում գաղափարների հետ Գեւորգը համաձայն չի եղել. «Կարդացել էր գրառումս: Ի զարմանս ինձ, նա բավականին թեթև էր նայել, որն էլ ինձ ուրախացրել էր, այսինքն մարդիկ հասկանում են, որ կարող են քննադատվել, սակայն դա ծանր չեն տանում։ Իհարկե լինում են նաև այլ դեպքեր, երբ բլոգերը բավական ծանր քննադատություններ է անում, միաժամանակ որոշակիորեն վիրավորական ու արդյունքում հնչում են փոխադարձ վիրավորքներ: Նման դեպքերի մեջ ընկնելուց փորձում եմ այժմ հեռու մնալ»,- ասում է բլոգերը:
Համոզված է՝ առանց խորհուրդների, տեղ գնալ չես կարող, սակայն մարդկանց հետ շփման ընթացքում իր համար մեծ դեր է ունեցել անձնական՝ շատ հաճախ ոչ այդքան դրական փորձն ու տհաճ միջադեպերը:
Գեւորգին ճանաչողները տեղյակ են, որ նա հեթանոս է, այլ ոչ թե քրիստոնյա: Ֆեյսբուքում նույնիսկ, իր անվան տեղում նշված է` Գեւորգ հեթանոս Ղազարեան: Նա «Առավոտ երիտասարդականին» պատմեց, թե երբ եւ ինչպես պատահեց, որ ինքը փոխեց իր կրոնը. «Եղել եմ վառ արտահայտված քրիստոնյա մինչև 2002 թվականը: Աղոթել եմ ամեն օր, չեմ խաբում: 1999 -ին, երբ դեռ շատ փոքր էի, կարդացել եմ ամբողջ Աստվածաշունչը, սակայն ժամանակի ընթացքում, ես տաբեր գտնվեցի , սկսեցի հարցեր տալ ու իմացա, որ քրիստոնեության քննադատներ էլ կան: Սկսեցի իրենց կարդալ ու մեկ էլ հասկացա, որ ըստ էությա,ն այն նորություն չի ասում ու դեռ ավելին, շատ տեղերում կան հստակ թյուրըմբռնումներ: Ծագումով Գողթանից եմ, որը հայտնի է, որպես անհավատների երկիր: Մի անգամ պապիս այդ մասին ասեց, այդ ժամանակ արդեն իսկ հեռացել էի բավականին քրիստոնեությունից, սակայն ես աշխարհի արարչային ստեղծման կողմնակիցն եմ ու փորձում էի նոր բացատրություններ գտնել: Իմացա, որ անհավատ էին ասում գողթնեցիներին, քանի որ շատերը հեթանոս էին մնացել: Ուսումնասիրեցի հեթանոսկան ճյուղերը ու դրանցից մեկը դարձավ իմ կյանքի ուսմունքը: Դարձա զրադաշտական: Այն, ինչ ինձ հարազատ էր այնտեղ, վերցրեցի որպես ի գիտություն ու բոլորին ասեցի, որ չեմ ամաչում, որ քրիստոնեա չեմ ու հպարտ եմ, որ հեթանոս եմ»,- ասում է Գեւորգը:
Հիշում է, որ մի անգամ իրենց բակում ծնողներից մեկն իր երեխային արգելել է շփվել իր հետ, ասել է ` «սատանային եմ պաշտում»: Միջադեպը ստիպել է Գեւորգին՝ հասարակությունից «զզվել». կարծում է, որ նման դեպքերն էին պատճառը, որ ինքն ամեն հնարավոր առիթ փնտրում էր, որ հարձակվեր ու Նիցշեի պես քննադատեր եկեղեցին: Ժամանակի ընթացքում նման քննադատությունները կրճատվեցին ու դեռ ավելին` հոգևոր դասում բավականին շատ նոր ընկերներներ է ձեռք բերել ու հպարտ է, որ ճանաչում է նրանց. «Ըստ էության, իմ մեջ նաև փիլիսոփայությունը փոխվեց կրոնների հանդեպ, որը նույնպես զրադաշտության շնորհիվ էր: Այնտեղ նշվում է, որ կրոնների նպատակը միայն մարդու մեջ Աստվածայինի պահպանությունն է ու ոչ թե այն, թե որքան մարդ է հավատում այս կամ այն կրոնին: Կարճ ասած՝ պետք է փորձել հասկանալ ու ընդունել միմյանց»,- ասում է նա:
Գեւորգը Ղազարյանը այժմ Էլեկտրոնային կայքերից մեկում է աշխատում, որպես լրագրող: Լուսաբանում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերվող լուրերն ու իրադարձությունները: Միաժամամանակ ուսումնասիրում է լրագրողական մեկ այլ ուղղություն` ֆոտոլրագրությունը:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031