Ես Վարդան Օսկանյանի գաղափարակիցը չեմ: Ավելին՝ երբ նա, սկբունքորեն՝ արդարացիորեն, քննադատում է ներկա իշխանություններին՝ ժողովրդավարության պակասի համար, ես չեմ կարող չհիշել, որ նա աշխատում էր մի վարչակազմում, որի ժամանակ ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը ավելի շատ էին ճնշվում, քան հիմա: Օրինակ՝ հարցազրույցներից մեկում պարոն Օսկանյանը դժգոհում էր, որ որոշ հեռուստաընկերություններ միակողմանի են լուսաբանում իր խնդիրը: Իսկ նա կարո՞ղ է հիշել մի դեպք, երբ Քոչարյանի իշխանության օրոք որեւէ հեռուստաընկերություն համանման դեպքում ներկայացներ իշխանության կողմից հետապնդվողի եւ նրա կողմնակիցների տեսակետը, ինչն այսօր շատերը ազատորեն անում են:
Այսքանով հանդերձ՝ ես ցավ զգացի, երբ հանրապետականներից մեկը նախկին արտգործնախարարին «եկվոր» անվանեց: Ինձ թվում է՝ դա սխալ է. 20 տարի Վարդան Օսկանյանը, Հրանտ Մարգարյանը, Հակոբ Ավետիքյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ շատ-շատ այլ հայտնի եւ անհայտ նախկին սփյուռքահայեր մեր կողքին են: Մեզ կարող է դուր չգալ նրանց գործունեությունը, բայց պետք է խոսել հենց այդ գործունեությունից, ոչ թե նրանց աչքը կոխել իրենց «եկվոր» լինելը: Ինչ-ինչ, բայց օտար չլինելու իրավունքը նրանք վաստակել են: Բացի այդ՝ եթե խորը մտածենք, մեզանից շատերն են եկվոր: Իմ ծնողներն, օրինակ, Խորհրդային Հայաստանի տարածքում չեն ծնվել: Ուրեմն ես է՞լ եմ ծագումով եկվոր:
Այսօր փողոցներում հաճախ տհաճ խոսակցություններ եմ լսում սիրիահայերի մասին: Որտեղի՞ց, ե՞րբ է առաջացել այդ հիմար մտայնությունը: Հակառակը՝ պետք է ուրախանալ, որ մեր երկիրը որոշ հանգամանքների բերումով գրավիչ է մարդկանց համար, որ ոչ միայն այստեղից են մարդիկ փախչում, այլեւ գալիս են Հայաստան: Այդ մարդկանց պետք է ընդունել բաց սրտով: Որովհետեւ ի տարբերություն նյութական արժեքների՝ սերը, կիսվելով, չի բաժանվում՝ այն բազմապատկվում է: Դրա մասին է, որքան հասկանում եմ, հինգ հազար հոգուն կերակրելու մասին աստվածաշնչյան առակը:
Ինձ համար, օրինակ, շատ ավելի օտար են այն մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով այստեղից գնացել են (դա դեռ ոչինչ՝ ես նրանց դատավորը չեմ) եւ հիմա հեռվից մեզ՝ այստեղ ապրողներիս բացատրում են, թե որքան վատն է Հայաստանում կյանքը: Հայրենիքում իրենց բացակայությունն արդարացնելու համար նրանք միտումնավոր մեծագույն հաճույքով կլանում են բացասական լրատվությունը Հայաստանից (որը, ցավոք, օբյեկտիվորեն շատ է), ավելացնում են, մոգոնում են իրենց սեփականը եւ լսել չեն ուզում որեւէ դրական երեւույթի մասին (որոնք թեեւ քիչ են, բայց կան): Բայց եթե այդ մարդիկ վերադառնան Հայաստան, նրանք ինձ համար երբեք «եկվոր» չեն լինի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ