Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիկոս. Թուրքերը Չուխաճյանին որպես թուրք են ներկայացնում

Հոկտեմբեր 19,2012 12:05

Այս պահին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում ընթանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կողմից կազմակերպված Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը:

Բացման խոսքում ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանն ասաց, որ նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո` երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում. «Նստաշրջանը նվիրված է կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին, բայց հնչելու են նաեւ արվեստի այլ ներկայացուցիչներին նվիրված զեկուցումներ: Նախորդ գիտաժողովների համեմատ` շատ են երիտասարդ մասնակիցները` արվեստի բոլոր բնագավառներն ընդգրկող թվով 40 զեկույցով: Եռօրյա նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու են ինչպես Արվեստի ինստիտուտի, այնպես էլ այլ գիտամշակութային հաստատությունների երիտասարդ գիտնականները, նաեւ` հյուրեր Իրանի Իսլամական Հանրապետությունից, Գերմանիայից, Մոսկվայից, այսինքն` գիտաժողովն աստիճանաբար ձեռք է բերում միջազգային բնույթ»:

ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը փաստեց, որ գիտաժողովը համախմբում է արվեստի խնդիրներով զբաղվող բոլոր կառույցներին, այդ թվում` Երեւանի պետական համալսարանի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին. «Հատկանշական է, որ մենք քիչ ենք կատարում եւ անդրադառնում Չուխաճյանի գործերին, ինչը թուրքերին առիթ է տալիս մեր կոմպոզիտորին ներկայացնել որպես թուրք: Մեր հարեւաններն ակտիվանում են այն ժամանակ, երբ մենք ինչ-ինչ բացեր են թողնում: Տարիներ առաջ ադրբեջանցիներն էին փորձում իրենց վերագրել Կոմիտասի եւ Առնո Բաբաջանյանի գործերը: Այս առումով հայ արվեստագետները պետք է աչալուրջ լինեն, որպեսզի օտարները չյուրացնեն հայկական մշակութային ժառանգությունը»:

Սուվարյանը նկատեց, որ գիտաժողովում ընդգրկված է մեկ զեկույց կինոարվեստից եւ ոչ մեկը` թատերարվեստից. «Կարծում եմ` հաջորդ նստաշրջանը կընդգրկի նաեւ հայ թատերարվեստը, քանի որ այն մեծ նվաճումներ ունի: Ներկայումս թատերագիտությունը պասիվ դիրքում է, մինչդեռ պետք է ուղղորդող դեր կատարեր»:

Պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի խոսքով` հայագիտության ոլորտում համապատասխան սեմինարներ չեն կազմակերպվում. «ԽՍՀՄ տարիներին լավ ավանդույթ կար` քննարկում էին հրատարակված գիտական աշխատանքները, իսկ հիմա դա վերածվել է գրքի շնորհանդեսի եւ գովազդի: Կարեւոր է այն հանգամանքը, որ նստաշրջանին մասնակցում են ավագ գիտաշխատողներ, որոնց զեկուցումներն ուղղություն ցույց կտան երիտասարդ մասնակիցներին: Նրանք մեծ փորձ են ձեռք բերում գիտաժողովներում եւ հետագայում առավել հեշտ աշխատում դիսերտացիայի պատրաստման վրա»:

Հավելենք, որ նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի մինչ հոկտեմբերի 21-ը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031