Երգչուհի Ռիփփին մուտք գործեց հայկական շոու բիզնես բավական համարձակ կերպարով ու իր գրավիչ հանդերձանքով գրավեց շատերի ուշադրությունը, շարժեց նաեւ ոմանց նախանձը։ Երգից բացի, Ռիփփին նկարահանվում էր «Կարգին սերիալ»-ում՝ մարմնավորելով Մոնիկայի կերպարը: Ի դեպ, Ռիփփին դերասանական կրթություն ունի, ավարտել է թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։
– Համարձակ կերպարով սկսեցիք Ձեր ուղին, այդ ամենը կանխավ մտածվա՞ծ էր։
– Ոչինչ մտածված չէր, ուղղակի ես արեցի այն, ինչ սիրում եմ, ինչ բեմական է ու գեղեցիկ։ Իմ արածը չեմ էլ համարել համարձակ։ Մինչ կողքից ինչ–որ բաներ լսելը, ինձ համար դա նորմալ բեմական կերպար էր։ Սակայն մի քիչ այլ կերպ ընդունվեց, ինչը հասկանալի է, քանի որ Հայաստանում ենք։
– Ուզում եք ասել որ հայ հասարակությունը ստանդարտ արտիստների՞ է սովոր:
– Ուղղակի էստեղ մարդկանց աչքն ու ականջը սովոր չէ այս տեսակ բեմականացման։ Բայց վերջերս նկատել եմ, որ արդեն կան երգչուհիներ, որոնք բեմական են հագնվում, ու դա միայն գովելի է։
– Ձեր առաջին տեսահոլովակում էլ երեւում էին Ձեր մարմնի որոշ բաց հատվածներ, ինչը կրկին խոսակցությունների առիթ տվեց։ Հասարակության նման ընդունելությունը չվախեցրե՞ց։
– Ես շատ գնահատում եմ հայկական մաքուր ժողովրդական երգն ու երաժշտությունը, բայց իմ ոճը R&B-ն է, սեւական երաժշտությունը։ Դրա համար էլ արեցի այն, հնչի մեջ ինձ լավ եմ զգում։ Չեմ վախեցել, ուղղակի տհաճ խոսակցություններ եղան, բայց ո՛չ ես, ո՛չ ինձ մոտ գտնվող մարդիկ դրանք լուրջ չընդունեցինք։
– Ինչպիսի՞ խոսակցություններ էին, չփորձեցի՞ք պատասխան պահանջել։
– Շատ տհաճ խոսակցություններ եղան։ Այդ տեսակ խոսակցություններ տարածում են այն մարդիկ, որոնք պարապ են, գործ չունեն, ինքնահաստատվելու կարիք ունեն։ Իսկ նրանցից պատասխան պահանջելը լրիվ անիմաստ է։
– Ի դեպ, Ձեր ծնողներն ինչպե՞ս են ընդունում ձեր գործունեությունը։
– Շատ լավ, չնայած դա այն չէ, ինչ ինձանից սպասում էին։ Ես ընտրեցի այս ուղին, ու իմ որոշումը հարգեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Իմ ծնողներն են ինձ հարգում, իմ նշանածը, իրեն դուր է գալիս էն, ինչ ես եմ անում, շատ հարցերում ինքն ինձ օգնում է։
– Ձեր կերպարին նայելով՝ իհարկե չես ասի, որ Դուք հայ ավանդական աղջկա մարմնացում եք։
– Ես ինձ երբեւէ չեմ քննարկում, չեմ էլ կարող ասել՝ ինչպիսին եմ, բայց շատ հարցերում ես նույնիսկ շատ ավելի պահպանողական եմ, քան այլ այսպես կոչված ավանդական աղջիկներ։ Բայց կան նաեւ հարցեր, որոնց ազատ եմ նայում, պատեր ու սահմաններ չեմ դնում։ Ես ժամանակակից աղջիկ եմ, ու կապ չունի՝ տաբատս ինչքան կարճ է։ Շատ կանայք կան, որ կարող են փակ հագնվել, բայց սեքսուալ լինել, իսկ կան այնպիսիները, որ բարեմասնությունները ցուցադրում են, բայց սեքսուալ չեն։ Դա կնոջ ներքին հոգեվիճակից է։
– Ձեր նշանածը չի՞ խանդում, որ Դուք այդչափ գայթակղիչ տեսք ունեք։
– Որքանով ես գիտեմ՝ չէ, որովհետեւ ես շատ–շատ եմ սիրում իրեն, ու ամբողջ ուշադրությունս իր վրա է։ Մեր հարաբերությունները մեզ համար շատ թանկ են, փորձում ենք պահպանել ու մեր մասին շատ բան չխոսել։
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Ժողովուրդ»