Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո տեսնելով, որ ցուցակից շատ փոքր թվով մարդիկ են ԱԺ անցնում, ցուցակի բոլոր անդամներից ինքնաբացարկի դիմում է պահանջել՝ խորհրդարանական փոքրիկ ֆրակցիան իր ուզածով ձեւավորելու հնարավորություն ունենալու համար։ ԱԴ անդամները հիմնականում կտրականապես հրաժարվել են նման դիմումներ ներկայացնել։ Դիմում ներկայացնողներ, սակայն, եղել են։ Երեկ մեր այդ տեղեկությունն իր մասով հաստատեց «Ժառանգության» ցուցակի 18-րդ համարը զբաղեցնող անկուսակցական Կարապետ Ռուբինյանը։
– Պարոն Ռուբինյան, մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակի անդամներից ինքնաբացարկի դիմումներ է պահանջել, եւ բազմաթիվ անդամներ գրել են, կհաստատե՞ք դա, դուք անձամբ գրե՞լ եք։
– Իմ մասով կհաստատեմ, մնացածի մասով տեղեկություններ չունեմ։ Անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ չի խնդրել, նրա անունից են խնդրել եւ ասել են, որ խորհրդարանական խմբակցություն ձեւավորելու խնդիր են փորձում լուծել, ես էլ տվել եմ իմ դիմումը։
Կարդացեք նաև
– Իսկ ավելի կոնկրետ կասե՞ք, թե ինչպես պետք է լուծեին։
– Այնտեղ տարբեր խոսակցություններ էին գնում, որ առաջին համարներն ինքնաբացարկ հայտարարեն, հաջորդները գան խորհրդարան, բայց ինչքան գիտեմ՝ այդ քննարկումներն այդպես էլ որեւէ արդյունք չտվեցին։
– Բայց նորմա՞լ եք համարում այդ դիմումները հավաքելը, որովհետև այդպես սովորաբար մինչեւ հիմա արել են եւ անում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը։ Երբ ընդդիմադիր, դեմոկրատ կուսակցության առաջնորդն է նման բան անում, տարօրինակ չէ՞։
– Դե, գիտեք, տարբեր խնդիրներ կարող են լուծվել։ Հիմա առաջինը, որ մտքիս գալիս է, իհարկե, այն է, որ լծակ են ձեռք բերում մարդկանց նկատմամբ, բայց այս դեպքը դա չէր անշուշտ, այլապես ես կընդվզեի, որովհետեւ, նախ, այդ ընտրություններին մասնակցում էի եւ ցուցակի մեջ մտել էի ոչ այն հույսով, որ
խորհրդարան կանցնեմ։ Այսինքն, ինձ վրա այդպիսի լծակ ունենալու անհրաժեշտություն չկար, երկրորդը՝ այդ խոսակցությունները, որ կային, ես մտածեցի՝ ինչ–որ քննարկումներ կլինեն, ըստ դրա կորոշեն։
– Բայց կողքից տպավորությունն այնպիսին է, որ այդ կերպ ցանկացել է պատրաստ լինել անհրաժեշտ պահի «Ազատ դեմոկրատներից» ազատվելու, համամիտ չե՞ք այդ տպավորությանը։
– Չէ, հիմա այս բարդությունները, որ ծագել են, դրա համար է ձեզ այդպես թվում, այն ժամանակ այդպիսի հակասություններ չկային, եւ չեմ կարծում, որ այդպիսի հեռագնա նպատակներ ունեին։
– Այդ դեպքում ինչո՞ւ էին սկզբում ուզում, որ առաջին երեք անդամները դիմում գրեն։
– Չգիտեմ, ինձ ասացին, որ բոլորին են այդպիսի խնդրանքով դիմել, հիմա ովքեր են գրել, ես չգիտեմ։ Ինչքան հասկացա, ասել էին, որ բոլորը թող գրեն, որ ազատ քննարկումներ գնան, որ որոշեն, թե ինչ կոնֆիգուրացիա են
ընտրելու։
– Իսկ դա կոնկրետ ո՞ր փուլում էր, ընտրություններից առա՞ջ, թե հետո։
– Անմիջապես հետո։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»