Գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը՝ Աշոտ Սուքիասյանը, Աֆրիկայի Սիեռա Լեոնեի Հանրապետությունում ձերբակալվել է եւ մոտ 10 ժամ հարցաքննվել տեղի ոստիկանությունում։ Հիշեցնենք, որ նա եւ գործարար Փայլակ Հայրապետյանը կոնֆլիկտ ունեն։ Ամիսներ առաջ Հայրապետյանը գրավադրել էր գրեթե ողջ ունեցվածքը, որի դիմաց Սուքիասյանը բանկից 12 միլիոն դոլար գումար էր վերցրել՝ իբր Սիեռա Լեոնեում գտնվող իր ալմաստի հանքերը շահագործելու եւ այդ հումքը Հայաստան բերելու համար։
Փայլակ Հայրապետյանը, ով նույնպես այս պահին Աֆրիկայում է, մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ Ավելին, նա ասաց, որ Սուքիասյանը ձերբակալվել է իր՝ Սիեռա Լեոնեի Հանրապետության դատախազությանը գրած դիմումի հիման վրա։ «Պարզապես այդ գումարները, որ «Ամերիա» բանկից ստացել է Աշոտ Սուքիասյանը, ըստ բոլոր փաստաթղթերի, բիզնես-պլանի, այդ փողեը պետք է ներդրվեին Սիեռա Լեոնեում։ Ես դիմում եմ գրել տեղի դատախազությանը, ոստիկանությանը, որպեսզի նրանք պարզեն, թե ուր են գնացել այդ փողերը, որոնք պետք է ներդրվեին իրենց հանրապետությունում։ Հիմա ոստիկանությունն ուզում է պարզել, թե այդ գումարները ուր են գնացել եւ ինչի վրա են ծախսվել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Հայրապետյանը։ Նրա խոսքով, այդ գումարներով Սիեռա Լեոնեում մոտ հազար աշխատատեղ պետք է բացվեր։
Հիշեցնենք, որ մեր ոստիկանությունը եւս զբաղվում էր Աշոտ Սուքիասյանով։ Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով բաժնում հուլիս ամսին քրեական գործ է հարուցվել Քրօր. 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն։ Գործի հարուցումից հետո Սուքիասյանն ընդամենը մեկ անգամ էր ներկայացել հարցաքննության, որից հետո ընդհատակ էր անցել, ապա մեկնել Աֆրիկա՝ կարգի բերելու իր գործերը։ Սուքիասյանին, սակայն, մեր ոստիկանությունում այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց։
Կարդացեք նաև
Երեկ ոստիկանությունից պարզեցինք, որ իրենք տեղյակ չեն Սուքիասյանի ձերբակալությունից։ Իսկ Հայաստանում քննվող գործի մասին ընդամենը տեղեկացանք, որ նախաքննությունը շարունակվում է։ «Մեր երկրում մեր իրավապահները չուզեցին օգնել ինձ, իսկ հիմա օտար երկրում հարցը կարծես թե լուծում է ստանում, գոնե առաջընթաց կա»,- դժգոհեց գործարարը:
Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
«Հրապարակ»