ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հատարարության հետ կապված հորդորեց Հմայակ Հովհաննիսյանին բացատրություններ տալ, թե ի՞նչ հիմքեր ունի. «Թող փաստերով խոսի: Դա անլուրջ է, ծիծաղելի է: Կոնգրեսը եթե նպատակահարմար գտնի, հանդես կգա հայտարարությամբ, իսկ ես անլուրջ եմ համարում այդ հայտարարությունը»:
Մենք Հմայակ Հովհաննիսյանին խնդրեցինք ներկայացնել կոնկրետ փաստեր, թե ինչպես է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փող տվել՝ միասնական շտաբի համար՝ բանկո՞վ է փոխանցել, թե՞ կանխիկ է տվել: Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք հիշում եք, չէ՞, որ միասնական շտաբում հացը, նախաճաշը, ճաշը անվճար էր: Օժանդակությունը եղել է տեխնիկայի տեսքով: Օրինակ՝ կոֆեվառկա են տրամադրել: Չնայած էդ կոֆեվառկան մենք չենք օգտագործում, որովհետեւ գազով կոֆե եփելը շատ ավելի հեշտ է: Գրասենյակային ծախսերը, տրանսպորտի ծախսերը, վառելիքի ծախսերը: Դա միասնական շտաբ էր: Մարդիկ հեռավոր շրջաններից գալիս էին, մեզ տեղեկություններ էին տրամադրում: Մարդը գալիս է Գյումրիից, մենք պիտի՞ իրեն կերակրենք: Դա աջակցություն է, միասնական շտաբի գործունեության ապահովում է: Միասնական շտաբը հազարումի խնդիրներ է ունեցել, գրենական պիտույքներ, ինտերնետ կապի ուժեղացման անհրաժեշտություն, մեքենա է, ունենայինք: Այդ վառելիքի, բանի ծախսերը ես ներկայացրել եմ յուրաքանչյուր ամսի 8-ին: Այդ ծախսերը ինքը փակել է, որովհետեւ մենք բիզնես չունենք, որեւէ ֆինանսավորման աղբյուրներ չունենք, որպեսզի շտաբի թեկուզ նվազագույն ընթացիկ ծախսերը հոգայինք: Ինքը այդ ծախսերը հոգացել է: Տվել է տեխնիկական միջոցներ՝ պատճենահանման ապարատ, ջրի ապարատ եւ այդ կարգի բաներ: Բնականաբար, կոմունիզմի դարում չենք ապրում, այդ ամեն ինչը գին ունի, եւ այդ ծախսերը լուծվել են»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ այդ ծախսերը չեն փակել հավասարապես Արմեն Ռուստամյանը եւ Լեւոն Զուրաբյանը, չէ՞ որ իրենք էլ են եղել շտաբի անդամներ՝ Հմայակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Արմեն Ռուստամյաննիրեն առաջարկել է՝ ինքը թույլ չի տվել՝ ասելով, որ բոլոր ծախսերն արդեն հոգացել է Գագիկ Ծառուկյանը. «Ասեց եթե բան պետք լինի՝ ասեք: Հաց, ջուր, բուտերբրոդ, սուրճը եղել է անվճար: Գրենական պիտույքներ, վառելիք: Հարյուրավոր մարդիկ են այստեղ եկել, նրանց կերակրել են, երբեմն եղել է, որ այստեղ օրերով մնացել են, այդ մարդկանց պետք էր կերակրել, ծախսեր տալ, բա շտաբ է: Այդ ծախսերը հոգացել է Գագիկ Ծառուկյանը՝ ի պատիվ իրեն: Բայց քանի որ դրանք եղել են չնչին միջոցներ, չարժեր, որ երեք կուսակցություններ միանային ու դա անեին»:
Հմայակ Հովհաննիսյանին բորբոքել էր այն, որ ԶԼՄ-ները իր ասածի մեջ սենսացիա են տեսել: Ըստ նրա, այն, որ Գագիկ Ծառուկյանը փող է տվել միասնական շտաբի համար, հրապարակային հայտարարել է նաեւ Վարդան Օսկանյանը. «Միասնական շտաբի գործունեության համար Օսկանյանն ինքը, երբ դիմում էր Ռուբեն Հակոբյանին, ասում էր՝ Ռուբի՛կ, դու գիտես ինչքան միջոցներ է պատրաստ ներդնել Գագիկ Ծառուկյանը՝ հանրային վերահսկողությունը արդյունավետ դարձնելու համար: Այսինքն՝ շտաբը պետք է այդ աջակցության կենտրոնում լիներ»:
Կարդացեք նաև
Հմայակ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ միասնական շտաբին Գագիկ Ծառուկյանի տված «Hyundai» մակնիշի ավտոմեքենան ընտրություններից հետո հետ է ուղարկել նրան:
Ի դեպ, մենք փորձեցինք նաեւ ՀՅԴ-ի տեսակետն իմանալ այն մասին, որ միասնական շտաբին փող է տվել Գագիկ Ծառուկյանը: ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշեց. «Ավելի ճիշտ կլինի դիմեք կամ Արմեն Ռուստամյանին կամ Սպարտակ Սեյրանյանին, իրենք են մեր կուսակցությունից շտաբի աշխատանքներին մասնակցել, ես շատ մոտ կանգնած չեմ եղել»: Սպարտակ Սեյրանյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանություններ տալ, իսկ Արմեն Ռուստամյանի հետ չհաջողվեց կապվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ