ԱՄՆ-ի կառավարությունը ամենեւին էլ չի նախանձում, որ ռուսական ներդրումների եւ առեւտրաշրջանառության ծավալներն ավելին են, քան ամերիկյանը: Այսօր հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը: Նրա խոսքերով` զարմանալի չէ, որ Ռուսաստանի հետ առեւտրի ծավալներն ավելի մեծ են եւ դրա հիմնական պատճառը` աշխարհագրական դիրքն է, պատմությունը եւ Ռուսաստանի`Հայաստանի մոտ գործընկեր լինելու հանգամանքը:
Ըստ պարոն Ռուբինի. «Մենք ցանկանում ենք Հայաստանին աջակցել ոչ միայն առեւտրի ծավալները մեծացնելու ուղղությամբ, այլեւ առեւտուրը դիվերսիֆիկացնելու հարցում, որպեսզի մուտք գործի այլ շուկաներ եւ տնտեսությունը զարգանա»:
Հարցին էլ, թե ինչպես կարող է անդադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա այն հանգամանքը, որ Նյու Յորքի արբիտրաժային դատարանի վճիռը հօգուտ «Գլոբալ գոլդի», Հայաստանում, ըստ էության, չի իրականացվում, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալն ասաց. «Կարծում եմ տեղին կլինի ասել, որ մեզ համար ընդունելի չէ անդրադառնալ դատական համակարգի առանձին գործերին, սակայն կարեւոր է նշել արդար եւ թափանցիկ դատական համակարգի դերը ոչ միայն հասարակության, նաեւ տնտեսության համար: Հայաստանի գործընկերության 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ն աշխատել է դատական համակարգի կարողությունների զարգացման եւ աշխատանքերի բարելավման ուղղությամբ, եւ այս ամենը բխել է մեր այն ընդհանուր նպատակից, որ լինի ոչ միայն թափանցիկ համակարգ, այլ նաեւ ապահովվի օրենքի գերակայությունը` որպես առնացքային հիմանաքար»:
Պարոն Ռուբինի ներկայացմամբ, հայ-ամերիկյան հանձնաժողովի այս հերթական քննարկման նպատակն է` խթանել առեւտուրն ու ամերիկյան ուղղակի ներդրումները Հայաստանում:
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօրվա հայ-ամերիկյան հանդիպման շրջանակներում նաեւ 2 կառավարությունների միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի բնագավառում համագործակցելու վերաբերյալ, եւ ինչպես Էկոնոմիկայի նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց` այն թույլ կտա օգտագործել ամերիկյան տեխնոլոգիաները էներգետիկայի ոլորտում. «Մասնավորպես նոր ատոմակայանի շինարարության ժամանակ, նաեւ հարակից այլ պրոյեկտներում: Հուշագիրը հեշտացնելու է ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը էներգետիյաի բանգավառում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ