Երեկ Վարդան Օսկանյանի գործով Ազգային անվտանգության ծառայություն էին հրավիրել ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանին, ով նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Այսօր Aravot.am-ը պարոն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե 4 ժամ տեւած հարցաքննության ընթացքում ի՞նչ հարցեր են իրեն տվել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն տարածեց այն մասին, որ իրենք տեղյակ են Հանթսմանի` Վարդան Օսկանյանի հաշվին փոխանցված գումարից: «ԱԱԾ-ում հենց այդ մասին էին հարցնում , և ասեմ, որ այնտեղ ոչ մի կոնկրետ, լուրջ հարց չքննարկվեց, պարզապես , ըստ իս, եղան մի քանի անլուրջ հարցեր, որոնք և արժանացան նույն բովանդակությամբ պատասխանների: Այսինքն, երբ փորձում են ինչ-որ գործ սարքել, ես չեմ սխալվում «սարքել» բառը օգտագործելով, այս կամ այն ուղղությամբ նույն հարցերն էին տալիս, որպեսզի ինչ-որ բաներ գտնեին, բայց քանի որ քննելու բան չկա, դրա համար, իմ կարծիքով, շատ անբովանդակ խոսակցություն ստացվեց: Մեր իրավապահ մարմինները փորձում են առաջ տանել այն գիծը, իբրև թե Վարդան Օսկանյանն ինչ ուզել, արել է ` առանց խորհրդի կազմի հետ հաշվի նստելու , դրա համար էլ մենք տարածել էինք այդ հայտարարությունը, որպեսզի գլխավոր դատախազը տեղեկանա, որ «Սիվիլիթաս» հիմնադրամում որոշումներ միայն կայացնում է խորհուրդը, և որպեսզի գլխավոր դատախազը չփորձի պաշտպանել «Սիվիլիթաս» հիմնադրամը Վարդան Օսկանյանից»,- ասաց մեր զրուցակիցը:
4 ժամվա ընթացքում գոնե մեկ հարց չհնչե՞ց, որը ձեզ լուրջ թվար , մեր այս դիտարկմանը, պարոն Խաչատրյանն ասաց. «Պատկերացրեք` ոչ, ես պատրաստ էի ևս 4 ժամ մնալու, բայց վերջում արդեն իրենք էլ հասկացան, որ չարժե: Սա էլ է մի իմիտացիոն բնույթ` այս հարցաքննությունները, այս տանել-բերելը, ոչ մի լուրջ հիմք չկա սրա տակ:Պարզապես փորձում են հոգեբանական ճնշում գործադրել աշխատակազմի , խորհրդի անդամների վրա , ես մոտավորապես ասացի, որ ես ճնշվողներից չեմ, չեմ հանդուրժում ճնշում իմ վրա որևիցե մեկի կողմից»: Մեր այն հարցին էլ, թե հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ հիվանդ Հանթսմանը հարկադրված որոշի գալ Հայաստան ու անձամբ հայտարարություն անի , Վահան Խաչատրյանն ասաց. « Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը լինի, և իշխանությունները և գործ սարքողները` բոլոր- բոլորը համոզված են, ոչ միայն համոզված են, այլ փաստաթղթերից էլ երևում է, որ այնտեղ լրջություն չկա: Իշխանությունները այս գործով փորձում են այնպես անել, որպեսզի ճնշում գործադրեն Վարդան Օսկանյանի քաղաքական գործունեության վրա»:
Վահան Խաչատրյանի կարծիքով` նախկին արտգործնախարարին ճնշում են, որպեսզի նա չառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, բացի այդ, ըստ մեր զրուցակցի, իշխանություններին դուր չի գալիս պարոն Օսկանյանի լուրջ ու ծանրակշիռ քննադատությունը իրենց հասցեին, հետևաբար և «Սիվիլիթասի» հնարովի պատմությունը այս ամենը կասեցնելուն է ուղված: «Մեր իշխանությունները չեն կարող լուրջ մոտենալ իրենց պարտականություններին, ցավն այն է , որ նրանք չունեն պետական մտածելակերպ. 20 տարի լինելով շատ լուրջ պաշտոնների`մեր երկրի առաջին դեմքը այդպես էլ ձեռք չի բերել պետական մտածելակերպ, այլապես հրահանգ չէր տա նման գործ սարքելու: Լրջագույն պաշտոններ է զբաղեցրել Սերժ Սարգսյանը, բայց ինչ-որ մի փուլում իր անձնական շահերի համար կարող է խաղալ երկրի վարկանիշի հետ, վերջը սա աղմկահարույց է. 10 տարվա արտգործնախարարի, մեր երկիրը աշխարհին ներկայացնող պաշտոնյայի հետ այսպես վարվելը պատվաբեր չէ»,- ասում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը :
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ