Վերջերս Նոյեմբերյան քաղաքում հայտնվել է ադվենտիստների մի խումբ, որը սահմանամերձ քաղաքում տնից տուն անցնելով` բաժանում է կրոնական այդ ուղղության գրականություն` մի քանի գրքույկներ եւ այդ հոսանքի մարգարեուհի համարվող Է. Ուայթի «Մեծ պայքար» գիրքը: Խումբը բաղկացած է 4 հոգուց` մոտ քառասուն տարեկան երեւանցի կին, նույնպես երեւանաբնակ 18-ամյա տղա , միջին տարիքի սիսիանցի մի տղամարդ, մոտ 30 տարեկան հրազդանցի աղջիկ: Նրանք «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ Նոյեմբերյան քաղաքում բնակվում են վանաձորցի ադվենտիստ ամուսիններ եւ իրենք նրանց տանն են գիշերում:
Նշենք, որ նոյեմբերյանցի ոչ բոլոր ընտանիքներն են ադվենտիստների առաջ հյուրընկալ բացում իրենց դռները: 19 բնակավայրից բաղկացած Նոյեմբերյանի տարածաշրջանում այժմ գործում է Հայ առաքելական եկեղեցու մեկ սպասավոր` Տեր Հրայր քահանա Բեջանյանը: Նա հիմնականում արարողություներ է կատարում Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Տեր Հրայրն ասաց, որ եկեղեցական գլխավոր տոներին ինքը շրջում եւ հոգեւոր արարողություններ է կատարում նաեւ Բարեկամավանի, Կոթիի, Ոսկեվանի եւ Բագրատաշենի եկեղեցիներում: Նոյեմբերյանի տարածաշրջանի «գլխավոր»` Սուրբ Սարգիս եկեղեցու հետ կապված բազում չլուծված խնդիրներ կան: Սուրբ Սարգիս եկեղեցին որմնանկարներով զարդարելու գործը կիսատ է մնացել: Տարիներով չի լուծվում այդ եկեղեցու մոտ գտնվող էլեկտրական ենթակայանի տեղափոխման խնդիրը, փողոցից եկեղեցի տանող աստիճանների կառուցումը կիսատ է մնացել , եկեղեցուն կից հովվատան պատերը խոնավությունից բորբոսնել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ