Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» խոսնակ. «Եթե նկատի ունեն, որ մարդկանց չծեծեցին, չսպանեցին՝ այո»

Հոկտեմբեր 18,2012 18:32

Նախօրեին, ԵԺԿ համագումարում հնչեցրած խոսքում, նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր փետրվարին ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել: Այդ խոստումը հավատ ներշնչո՞ւմ է՝ Aravot.am-ի հարցին «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Նայած՝ ազատ-արդար ասելով ի՞նչ նկատի ունենք: Եթե նկատի ունենք այն, ինչը որ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսինքն, որ մարդկանց չծեծեցին, չսպանեցին, լցոնումներ չեղան, քվեատուփը չգողացան, չվառեցին՝ հա, միգուցե՝ ազատ: Եթե նկատի ունենանք, որ վերջապես հեռուստատեսություններով շատ թե քիչ հավասար պայմաններ ստեղծվեցին կուսակցությունների եւ թեկնածուների համար, ապա՝ այո: Բայց մենք՝ ազատ-արդար ասելով նկատի ունենք ողջ համալիրը: Դրա կարեւորագույն կետն օրինականությունն է: Եթե ընտրակաշառքներ պետք է բաժանվեն նորից, ընտրացուցակներով մանիպուլյացիաներ լինեն, եթե արհեստական գրանցումներ պիտի լինեն, լրացուցիչ քվեարկությունների լրացուցիչ ցուցակներ որոշ մարդկանց համար, ապա՝ դա որեւէ աղերս չունի ազատ եւ արդար ընտրության հետ»:

Արդյոք իշխանությունը քաղաքական ռեսուրս ունի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու: Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ, դա արդեն կախված է նրանից, թե իշխանությունը կունենա իրակա՞ն մրցակից, թե՞ կառավարվող: «Առաջին դեպքում, ուզի թե՝ ոչ, նորից գնալու է իշխանության պահպանմանը, որովհետեւ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ կա մի սահման, որից ավելի իշխանությունները երբեք իրենց թույլ չեն տալիս գնալ՝ ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու հարցում: Այդ սահմանն այն է, որ իրենք պետք է դոմինանտ ուժ մնան եւ խորհրդարանում, եւ նախագահի աթոռը իրենց պետք է պատկանի: Եթե այդ շրջանակում հնարավոր է ինչ-որ չափով ազատ եւ արդար ընտրություն ապահովել, իրենք դա անում են: Հենց իրենց պաշտոններին վտանգ է սպառնում՝ մոռանում են ցանկացած ազատ ու արդարի մասին՝ մտածելով իրենց պլանավորած նշաձողերը պահպանելու մասին»:

Այն որ նախագահը գումար էր խնդրել եվրոպական ընտանիքից՝ Հայաստանում իրականացվող «լրջագույն բարեփոխումները» ավարտին հասցնելու համար, նման չէ՞ր մուրացկանության՝ Aravot.am-ի հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում նման բառեր կիրառել, որովհետեւ, ցանկացած երկրի ղեկավար, ուզի՝ թե ոչ, հրապարակայնորեն կամ ծպտյալ բանակցությունների ընթացքում պետք է փորձի փող հայթայթել: Ամեն դեպքում, մեր երկրին փող անհրաժեշտ է: Եվ ոչ միայն փող, այլեւ արտաքին ներդրումներ եւ այլն: Ուրիշ հարց է, որ երբ դու երկրի ներսում ունես հսկայական ռեսուրսներ ու դրանք չես օգտագործում, երբ ստվերը ամենատարբեր հաշվարկներով 30-40 տոկոս է, ինչն արդեն պետբյուջեին միլիարդի չափով գումար կապահովեր, եթե իբրեւ պետություն, կարողանայիր ոչ կոռուպցիոն համակարգ ապահովել: Դու ցույց չես տալիս քո բարեփոխումների միջոցով, որ այդ ռեսուրսը կարող ես օգտագործել, դա թողնում ես քո օլիգարխներին եւ զուգահեռ ասում ես՝ մեզ լրացուցիչ փող տվեք, արդեն անընկալելի է դառնում նաեւ եվրոպական գործընկերների կողմից»:

Իսկ այն գործընթացները, որ այժմ գնում են Հայաստանում՝ մի քանի կոռուպցիոն սկանդալներ եւ ընդամենը մեկ-երկու ձերբակալված, մեր զրուցակցի համոզմամբ, առայժմ հույս եւ հավատ չեն ներշնչում. «Երբ տեսնենք, որ դա արդյունքի է բերում, որ ոչ միայն հնչեցվում են գլխավոր կոռուպցիոներների անունները, այլ նաեւ պատժվում են: Ընդ որում՝ ոչ ընտրովի, մեկ կուսակցությունից, այլ անկախ  կուսակցական պատկանելիությունից բոլոր չինովնիկները բերվում են օրենքի դաշտ, օլիգարխները զրկվում են մոնոպոլիաներից, վճարում են իրենց հասանելիք հարկերը՝ ողջ ծավալով, այդ ժամանակ կարելի է նաեւ լրացուցիչ միջոցներ խնդրել, ոչ մի խնդիր չկա»: Նրա կարծիքով միայն այդ պայմանների ապահովումից հետո կարելի է ակնկալել, որ Հայաստանին կտրվեն այդ գումարները, որովհետեւ. «Եվրոպայում էլ հիմարներ չեն նստած: Իրենք  փողը շատ լավ հաշվել գիտեն, շատ լավ էլ պատկերացնում են եւ տեղյակ են թե Հայաստանում ի՞նչ է կատարվում»::

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031