Երեկ ուշ երեկոյան Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում հրդեհ էր բռնկվել, որի պատճառով ամբողջությամբ այրվել է մանկապարտեզի հարակից հատվածում տեղակայված անասունների ձմռան խոտի հսկայական պաշար: Բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ընթանում էին ողջ գիշեր, դեպքի վայր էր ժամանել 2 մարտական հաշվարկ եւ գյուղացիների հետ համատեղ ուժերով կրակը հաջողվեց մարել միայն առավոտյան ժամը 9-ի սահմաններում:
Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանի փոխանցմամբ` անհայտ պատճառներով բռնկված հրդեհի արդյունքում 6500 տուկ խոտ է կրակի բաժին դարձել, վնասվել է հրդեհի հարեւանությամբ գտնվող գյուղի մանկապարտեզի երեք պատուհանը: «Մարդկային տուժածներ չկան, այժմ քայլեր են ձեռնարկվում նորոգելու մանկապարտեզի պատուհանները, տեղական միջոցներով դրանք կանենք, ինչպես նաեւ գյուղացիները պատրաստակամություն են հայտնել աջակցելու իրենց համագյուղացիներ Արթուր Իսրայելյանին եւ Գեւորգ Խուտոֆյանին, որոնց պատկանում էր կրակի բաժին դարձած 1500 եւ 5000 տուկ խոտի պաշարը: Ով ինչքան կկարողանա իր հավաքած խոտի պաշարից կտրամադրի նրանց եւ այդ հարցը հնարավորինս արագ կլուծվի», – նշեց Սառնակունքի գյուղապետը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ