Մանվելն ու Արինան շատերի համար օրինակելի զույգ էին. Արինայի խոսքով՝ բոլորն ասում էին իսկական ներդաշնակ զույգը հենց այսպիսին է լինում: Պատահաբար են ծանոթացել, պատահականությունն էլ ճակատագրական հետք է թողել. «Ես պարի էի գնում, իսկ Մանվելը պարբերաբար գալիս էր մեր պարի կետրոն՝ իր քրոջը տուն տանելու: Մի օր էլ, երբ հերթական անգամ Մանվելը եկել էր, տեսել էր, որ քույրն այնտեղ չի. անհանգստացած սկսել էր փնտրել նրան: Այդ պահին հանկարծ ինձ է տեսնում ու հարցնում, թե արդյոք ճանաչու՞մ եմ իր քրոջը, և որտե՞ղ է նա: Իսկ ես զարմացած նայեցի նրան ու ասացի՝ ոչ, այսինքն՝ այո, մի խոսքով՝ չգիտեմ», – ժպտում է Արինան: Այս խառը պատասխանի պատճառն այն էր, որ Արինան շփոթել էր Մանվելի քրոջը մեկ այլ աղջկա հետ. «Բայց այդ արտահայտությունը հումոր դարձավ ու ամեն անգամ հիշում էինք ու ծիծաղում», – նշում է Արինան: Պարզվեց, որ Մանվելի քույրը ոչ թե դուրս էր եկել կենտրոնից, այլ պարզապես պարի սենյակն էր փոխվել:
«Այդ օրվանից հետո ամեն անգամ տեսնում էինք իրար ու ժպիտով բարևում, մինչև այն օրը, երբ ամեն ինչ փոխվեց: Հասկացանք, որ միայն բարևելը մեզ համար քիչ է, կարծես օրն անավարտ էր մնում, ու ժամանակի ընթացքում սկսեցինք շփվել նախ՝ համացանցում, հետո նաև իրական կյանքում», – պատմում է Արինան: «Այնքան լավ էինք իրար հասկանում, որ իմ մտքով երբեք չէր անցնի, թե օրերից մի օր կարող ենք բաժանվել, բայց ի զարմանս ինձ՝ այդ օրը եկավ: Ես այնքան էի սիրում նրան, որ չէի էլ զգում, թե որքան է հեռվացել ինձանից, նա արդեն ուրիշ մարդ էր, իսկ ես իմ երազներում էի ապրում: Փորձեցի իրավիճակը փոխել, հասկանալ նրան, բայց ոչ… նա իմ հանդեպ էլ ոչինչ չէր զգում ու հարց է՝ երբևէ զգացե՞լ է արդյոք»: Այս ամենը Արինայի առողջությանը լուրջ վտանգ էր հասցրել: Նրա խոսքով՝ նորմալ չէր սնվում, սենյակից դուրս չէր գալիս, քիչ էր շփվում ընկերների ու նույնիսկ տան անդամների հետ, ասում է՝ ինքնագնահատականս շատ էր ընկել, ինձ չէի սիրում: Այսպես տևեց շուրջ երկու ամիս. «Հետո հոգեբանական կուրսերի գնացի ու հասկացա, թե որքան կարճ է կյանքը, ու ես որքան շատ ժամանակ եմ ծախսել ավելորդությունների վրա: Եվ նորից սկսեցի ինքս ինձ սիրել ու ամեն ինչ նորովի սկսել», – ասում է Արինան:
Այս դեպքից արդեն երկու տարի է անցել. հիմա Արինան ամուսնացած է, շուտով բալիկ կունենա, բայց նրա խոսքով՝ միևնույն է՝ ամեն անգամ հիշելով Մանվելին ու իր ապրումները՝ սիրտը սկսում է արագ աշխատել:
Տիգրանուհի Թասլակյան