Ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեղադրանքներով ձերբակալվել է Բանգլադեշի մի քաղաքացի
Նյու Յորքում ձերբակալվել է Բանգլադեշի մի քաղաքացի, որը մեղադրվում է ԱՄՆ-ի դաշնային պահուստի շենքի մոտակայքում հուժկու պայթյուն իրականացնելու դավադրություն մշակելու մեջ:
Դաշնային մարմինները ձերբակալել են 21-ամյա Քազի Մոհամմադ Ռեզվանուլ Ահսան Նաֆիսին Նյու Յորքի Մահնեթեն թաղամասի կենտրոնում: Ըստ դաշնային իշխանությունների, ահաբեկչական ինքնասպան առաքելություն իրականացնելու նպատակով Նաֆիսը նախատեսում էր պայթուցիկ նյութերով բեռնված միկրոավտոբուս պայթեցնել:
Պաշտոնյաների համաձայն, կասկածյալը ձերբակալվել է դաշնային մարմինների գործակալների ներթափանցման միջոցով իրականացված գործողության արդյունքում, և հանրությանը որևէ վտանգ չէր ներկայացնում:
Կարդացեք նաև
Նյու Յորքի ոստիկանապետ Ռեյ Քելին հայտնել է լրագրողներին, որ Նաֆիսը Միացյալ Նահանգներ է ժամանել հունվար ամսին՝ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակում իրականացնելու հստակ նպատակով: Ոստիկանապետի համաձայն, կասկածյալը ոգեշնչված էր «ալ-Քաիդա»-ի կողմից և Միացյալ Նահանգներ ժամանելուն պես փորձել էր հանցակիցներ գտնել:
Նաֆիսի խնդրանքով, դաշնային գաղտնի գործակալները տրամադրել են իրեն 20 պարկ, որոնք, կասկածյալի համոզմամբ, լցված էին պայթուցիկ նյութով: Պարկերի պարունակությունից Նաֆիսը հավաքել է 450 կիլոգրամանոց մի ռումբ, որից հետո, երեկ կանգնեցնելով միկրոավտոբուսը ԱՄՆ-ի դաշնային պահուստի շենքի մոտակայքում, փորձել է պայթեցնել մեքենայում գտնվող «ռումբը»:
Պաշտոնյաների համաձայն, Նաֆիսի գործողությունները մշտապես վերահսկվում էին և վերջինս հանրության համար վտանգ չէր ներկայացնում:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հայտարարության համաձայն, Նաֆիսին կներկայացվեն զանգվածային ոչնչացման զենք կիրառելու և «ալ-Քաիդա»-ին նյութական աջակցություն տրամադրելու մեղադրանքներ:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»