Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահին. «Չնչին մի գումար գանձելուց բացի՝ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն այլ պատժի չենթարկվեց»

Հոկտեմբեր 18,2012 16:30

Հարգելի պրն. Նախագահ

Ես` Գառնիկ Սահակյանս, 1993թ.-ից ՀՀ դեղերի շուկայում գործող մի ընկերության` «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն եմ: 2009-10թթ. ընթացքում տարբեր ատյաններին ուղղված դիմումներով, բողոքներով (նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների աջակցությամբ) մեզ հաջողվեց հասնել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից առողջապահության ոլորտում պետական գնումների լայնամասշտաբ ուսումնասիրության, ինչի արդյունքում բացահայտվեցին պետբյուջեից ապշեցուցիչ ֆինանսական յուրացումներ:

Մասնավորապես պարզվեց. 2009-11թթ. ընթացքում ՀՀ-ում գործող 134 բուժհաստատություններից 109-ը դեղերի գնման մրցույթներ չեն հայտարարել: Մրցութային գործընթացների խափանումը դրսևորվել է երեք ուղղություններով` դեղի ինքնարժեքից ցածր գնային առաջարկի ներկայացում, դեղի նվիրատվության կարգով տրամադրում բուժհաստատությանը, մրցույթ հայտարարած բուժհաստատության կողմից օրինական պարտավորությունների չկատարում: Արդյունքում 109 բուժհաստատությունների կողմից արտամրցութային կարգով  դեղերի ձեռքբերման վրա ծախսվել է շուրջ 9,4 մլրդ ՀՀ դրամ, որից 3,45 մլրդ-ը ՏՄՊՀՀ-ի կողմից գնահատվեց որպես »պետական բյուջեից ոչ արդյունավետ ծախսված միջոցներ»:

Պետբյուջեի հանցավոր վատնում լինելուց զատ, դեղերի շուկայի նման խեղումը սնանկացման եզրին է հասցրել փոքր ընկերություններին: Մասնավորապես, ՏՄՊՀՀ-ի կողմից արձանագրվեց, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն չհիմնավորված ցածր գին կիրառելու ճանապարհով երկու բուժհիմնարկների հայտարարած դեղի (ցեֆտրիաքսոն) գնման մրցույթներում պարտության է մատնել «Սզնի» ՍՊԸ-ին: Կուտակված ապրանքային պաշարներն իրացնել չկարողանալու արդյունքում «Սզնին» կանգնել է սնանկացման առջեւ: Դա այն դեպքում, երբ «Նատալի ֆարմը» նույն դեղը 2009-11թթ. ողջ ընթացքում իրացրել է 2,5-4 անգամ ավելի բարձր գնով, քան մենք: Երեք այլ մրցույթներում «Նատալի ֆարմը» նվիրատվություն է կատարել բուժհաստատություններին, ինչի արդյունքում մրցույթներում հաղթելուց հետո մեզ հետ պայմանագրեր չեն կնքվել:

Փաստերի ուսումնասիրությունից ՀՀ ՏՄՊՀՀ եզրակացրել է. »Նատալի ֆարմ» ՍՊԸ գործողությունները միտված են չհիմնավորված գներ կիրառելու և մրցակցի վաճառքի հնարավորությունները սահմանափակելու միջոցով «Սզնի» ՍՊԸին շուկայից դուրս մղելուն»: ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ  «Նատալի ֆարմ»  ընկերության կողմից 2009-10 թթ. ընթացքում «Սզնի»  ընկերության դեմ կիրառված գործողությունները որակվել են »գերիշխող դիրքի չարաշահում» եւ նշանակվել է տուգանք քսան միլիոն դրամի չափով:

Փաստացի, չնչին մի գումար գանձելուց բացի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն այլ պատժի չենթարկվեց միտումնավոր եւ հետեւողական կերպով ՀՀ դեղերի շուկան խեղելու, մենաշնորհելու եւ ՀՀ պետբյուջեին միլիարդավոր դրամների վնաս հասցնելու համար: Նման մեղմությունը չունի արդարացում, եւ այժմ, երբ ինչ-ինչ նկատառումներով դեղերի շուկայում տիրող բացարձակ օրինազանցության վիճակը հայտնվել է Ձեր, դրա արդյունքում նաեւ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, ճիշտ ժամանակն է խոսքերից անցնելու քայլերի:

Իբրեւ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հակաօրինական գործությունների արդյունքում  սնանկացման հասցված եւ շուկայից դուրս մղվող կողմ, ես` «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Գառնիկ Սահակյանս պահանջում եմ, որ «Նատալի ֆարմը» փոխհատուցի ՀՀ պետբյուջեին եւ ինձ հասցված վնասները ողջ ծավալով եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի սահմանած կարգով, առավելագույն` երեք տարի  ժամանակով զրկվի դեղերի շուկայում պետգնումների մասնակցելու իրավունքից: Նման հակազդեցությունը թույլ կտա մտածել, որ  դեղերի շուկայով Ձեր մտահոգությունը նախընտրական ակցիա չէ, այլ ոլորտը կարգավորելու եւ հետագա ապօրինությունները կանխելու հանձնառություն:

 

Գառնիկ Սահակյան

«Սզնի» ՍՊԸ տնօրեն, Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031