Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ, որի հիմնադիր անդամները ներկայացրին կազմակերպության հիմնադրման նպատակները, գործունեության ոլորտները, խնդիրներն ու իրականացման միջոցները:
Ըստ կազմակերպության խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ իրենց կազմակերպության հիմնադրման հիմնական պատճառը ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական եւ քաղաքացիական իրադարձություններին մասնակցություն ունենալն է. «Հիմք ընդունելով նաեւ լեզվաբանական համալսարանում հանուն արդարության պայքարող ուսանողների եւ նրանց աջակցություն հայտնած բազմաթիվ անհատների եւ կազմակերպությունների հորդորները «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության խորհուրդը որոշեց որպես կառուցվածքային մարմին հիմնադրել ուսանողական միության կարգավիճակ ունեցող ազատ ուսանողական ֆորումը, որին անդամակցում են բազմաթիվ ուսանողներ տարբեր կրթական հաստատություններից»,-նշեց նա:
Անդրադառնալով կազմակերպության նպատակներին՝ ասաց. «Մեր նպատակն է ներկայացնել եւ պաշտպանել երիտասարդության եւ ուսանողության իրավունքներն ու շահերը, նպաստել ՀՀ տարածքում քաղաքացիների իրավական եւ քաղաքացիական գիտակցության բարձրացմանը եւ այլն: Նշեմ նաեւ, որ կազմակերպության խորհրդի անդամները տարբեր ժամանակահատվածներում քաղաքական ակտիվություն ցուցաբերած անհատներ են, տարբեր ոլորտներից, ինչպես նաեւ շոու- բիզնեսի ներկայացուցիչներ»:
Կարդացեք նաև
Ըստ Սամսոնյանի՝ «Քաղաքացիական գիտակցությունը» չի ստեղծվել որեւէ քաղաքական կազմակերպության ուղղորդմամբ եւ, բնականաբար, իր գործունեության հետ անհամատեղելի է համարում որեւէ քաղաքական ուժի շահերի սպասարկումը:
Տեղեկացանք նաեւ, որ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ-ին անդամակցում է 600-ից ավելի մարդ, որոնց 90 տոկոսը ուսանողներ են. «Մենք չենք ուղղորդվում եւ չենք ուղղորդվելու ոչ մեկի կողմից: Արատավոր երեւույթների դեմ ենք գործելու, բայց երեւույթները պայմանավորված են անձերով, անձը դրա կատարողն է, մենք դուրս չենք գա անձի դեմ, քանի որ գոյություն ունի համակարգ: Ի վերջո մենք պետք է ապացուցենք, որ ոչ ամերիկացի երիտասարդներից ենք պակաս, ոչ էլ հնդիկներից»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ