Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի համար Օսկանյանը եկվոր է ու ԲՀԿ-ի հետ կապ չունի

Հոկտեմբեր 18,2012 16:17

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ չի կապում: «Օսկանյանը եկվոր է, ու նրա դիրքորոշումը դեռ չի նշանակում , որ ԲՀԿ-ի դիրքորոշումն է: Եթե Օսկանյանը ԲՀԿ-ից լիներ, այն ժամանակ, երբ իշխանական շերեփը ձեռքին որոնումների մեջ էր, ԲՀԿ-ն հենց այդ ժամանակ ստեղծվեց, կարող էր այնտեղ լինել: Այդ ժամանակ ինքը ուրիշ տեղ էր»,- Aravot.am-ին ասաց պարոն Սահակյանը:

Թե ինչու է ԲՀԿ-ում հիմա հայտնվել, պարոն Սահակյանը բացատրեց. «Նպատակահարմար է գտել հիմա: Տա Աստված, որ բոլոր քաղաքական ուժերը կարողանան ավելի շատ իրենց դիրքորոշումները պարզ ու թափանցիկ արտահայտեն, սա է խնդիրը: Օսկանյանի թեման այսօր Օսկանյանի թեման է: Չի կարելի կապել ԲՀԿ-ի հետ»:

Պարոն Սահակյանը լավ է հիշում, որ ԲՀԿ-ն 2011-ին արդեն հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀԿ թեկնածու ՝ գործող նախագահին, իսկ թե ինչու դեռ չի վերահաստատում, պարոն Սահակյանը պարզաբանեց. «Այդ էլ իրենց ռազմավարությունն է: Ճիշտ ժամանակին իրենց դիրքորոշումը կարտահայտեն»: Մեր հարցին, թե կասկածներ չունե՞ն, որ ԲՀԿ-ն չի վերահաստատի, պարոն Սահակյանն ասաց. «Այդքան խորը չենք վերլուծում, որովհետեւ այն կապիտալը, որ մեր թեկնածուն ունի, ոչ մեզանից , ոչ ՝ԲՀԿ-ից, ոչ էլ այլ քաղաքական ուժից է կախված: Ինքն իրենով, հաստատուն քայլերով ապացուցելի է դարձրել, որ ինքը լուրջ, ազգային, քաղաքական գործիչ է: Վերահաստատել- չվերահաստատելն էլ ավելի շատ իրենց խնդիրն է, իրենց մոտեցումներից է գալիս»:

Պարոն Սահակյանը մեկնաբանեց նաեւ երեկ պարոն Օսկանյանի` facebook-յան գրառումները՝ «Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից այս ճահճից, հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները, մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետեւ դրանք վտանգելու են նրանց քաղաքական, տնտեսական մենաշնորհները»: «Վիճակն այնպիսին է, որ ստացվում է՝ Օսկանյանն էլ է հայհոյում, բայց բարեկիրթ ձեւով: Երբ չինովնիկ էր, ընդհանրապես քաղաքական դաշտի հետ հայացքներ չուներ: Մտածում եմ, արդյոք եթե այդ ճահճի մեջ լինեի, Հայաստանը ճահիճ կհամարեի՞: Օսկանյանին հանդուրժողաբար պետք է մոտենալ, որովհետեւ վիճակը վիճակ չէ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Պարոն Օսկանյանի այն դիտարկմանը , թե այս տարի Բրյուսելում նախատեսված Եվրոպական միության դոնորների համաժողովը , որը նախատեսում էր ԵՄ անդամների կողմից մինչեւ 1 միլիարդ դոլարի դրամաշնորհային խոստումներ Հայաստանին, հետաձգվեց խորհրդարանական ընտրությունները վատ անցկացնելու ու բարեփոխումների հարցում հետ մնալու համար, պարոն Սահակյանը հակադարձեց. «Նորանկախ Հայաստանի բացառիկ չինովնիկ է: 20 տարի բոլոր ծրագրերը կային ու լավն էին, էսօր արդեն վատացա՞ն: Լավ է՝ Օսկանյանը չի ասել՝ իմ նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, դրա համար նման ծրագրերն էլ Հայաստան չեն գալիս: Նման ծրագիր, որպես այդպիսին, շեշտված չի եղել: Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական գործիչները ժողովրդի մեջ այնպիսի վիճակ չպետք է ստեղծեն, որ այսօրվա Հայաստանը մուրացող պետություն է եւ դրամաշնորհների վրա է հիմնված: Մեզ դրամաշնորհներ տալիս են մեր նորմալ խոսվածքի, բնութագրերի , ժողովրդավարական չափորոշիչներին համընթաց: Չպետք է շրջանառության մեջ դնել նման տեսակետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031