Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր գործիչը՝ նախագահի խոստման մասին. «Եթե անգամ դա անկեղծ ու ազնիվ է ասվել, ապա դրանք միայն բարի ցանկություններ են»

Հոկտեմբեր 18,2012 16:04

«Հայաստանի մեկուսացումը մեծ խնդիր է, շատ լուրջ խնդիր է եւ կախվածությունը մի պետությունից, այնպիսին Ռուսաստանն է, ազգային անվտանգության խնդիր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով նախօրեին Բուխարեստում՝ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը: «Մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի արդյունավետ կառավարման համակարգ։ Այդ նպատակներն իրականացնելու համար Հայաստանը կարիք ունի շոշափելի աջակցության. հենց այդ նպատակով ենք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստում դոնորների համաժողով Հայաստանի համար»,- ասել էր նախագահ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն արդեն մեկ տարի է անդամակցում է ԵԺԿ-ին:

«Ակնհայտ է, որ Հայաստանը ֆինանսական խնդիրներ ունի եւ միանշանակ է, որ միջազգային հանրության օգնության կարիքն ունի»,- ասում է Արտակ Զեյնալյանը՝ լրջագույն եւ մեծագույն խնդիր համարելով այդ ֆինանսական միջոցների արդյունավետ բաշխումը եւ օգտագործումը: «Իհարկե, եթե պետք է գումար խնդրել, պետք է խնդրել միջազգային կառույցներից, եվրոպական կառույցներից, ՌԴ-ից տարբերվող երկրից, բայց տարակուսանք են հարուցում դրանց օգտագործման, ծախսման արդարությունն ու օրինականությունը»,- ասում է մեր զրուցակիցը:

Այն, որ նախագահ Սարգսյանը գումարներ է ակնկալում Եվրոպայից, կարելի՞ է դա դիտարկել ՌԴ-ից մի փոքր կտրվելու փորձ՝ մեր հարցին, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Լավ կլինի, որ դա լինի փորձ՝ ՌԴ-ից մի փոքր անկախանալու: Մենք այսօր ՌԴ-ի ֆորպոստի եւ վասալի կարգավիճակում ենք: Հայաստանն անկախ պետություն չի: Մենք պետք է ձգտենք անկախության: Պիտի ամեն ինչ անենք՝ Հայաստանն անկախացնելու համար: Այդ պատճառով, այդ քայլն այդ մասով, գուցե ճիշտ արված քայլ է: Կամ էլ՝ ՌԴ-ն ուղղակի մերժել է գումարներ տրամադրել»:

Նախագահ Սարգսյանը նաեւ ասել էր. «Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնը՝ անկախության հռչակումից ի վեր։ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ։ Այդ նպատակով ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացություններն ու առաջարկները»: Այս հայտարարությունը մեր զրուցակիցն այսպես է որակում. «Եթե անգամ դա անկեղծ ու ազնիվ է ասվել, ապա դրանք միայն բարի ցանկություններ են: Ես խորապես կասկածում եմ, որ նախագահական ընտրությունները լինելու են օրինական եւ արդար»:

Հարցին՝ ինչո՞ւ եք ի սկզբանե թերահավատորեն մոտենում, միգուցե իսկապես անկեղծ մղում կա՞ նման ընտրություններ կազմակերպելու, Արտակ Զեյնալյանը հակադարձեց. «Որովհետեւ, արդեն իսկ դրա նախադրյալները չկան: Ազատության վիճակը Հայաստանում այնպիսին չի, որ նպաստի կամքի ազատ ձեւավորմանը: Դրա համար անհրաժեշտ նախապայմանները բացակայում են: Խոսքի ազատության վիճակը Հայաստանում շատ վատ է. դրա վերաբերյալ կան զեկույցներ, Հայաստանը ոչ ազատ երկրների շարքում է՝ մամուլի ազատության մասով: Հայաստանում դեռեւս քաղաքական հետապնդումներով դատավարություններ են ընթանում, հետապնդումներ են իրականացվում: Այս պայմաններում հնարավոր չի անցկացնել արդար եւ ազատ ընտրություններ, հնարավոր չի որ մարդկանց մոտ կամքն ազատորեն ձեւավորվի»,- ասում է մեր զրուցակիցը՝ մի կողմ թողնելով այն, թե ի՞նչ դրսեւորում կունենա այդ կամքն՝ ազատ դրսեւորման պարագայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031