Այս տարվա սեպտեմբերի 13-ին Աբովյան քաղաքում դաժան ծեծի ենթարկվեց «MA PLAZA» ժամանցային կենտրոնի տնօրեն, հայտնի գործարար, 57-ամյա Մերուժան (Մկրտիչ) Խաչատրյանը: Սեպտեմբերի 27-ին նա մահացավ:
Ծեծից անմիջապես հետո Մ.Խաչատրյանը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ուր ենթարկվեց գլխի կրկնակի վիրահատության, սակայն նրա կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց:
Ձերբակալվեց զինծառայող, կռվի մասնակից Ալբերտ Ռոստոմի Քարհանյանը, այդ իսկ պատճառով հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնվեց ՊՆ քննչական վարչությանը:
Կարդացեք նաև
Ծեծկռտուքի շարժառիթը, նախնական տեղեկությունների համաձայն, եղել է խուլիգաններին ընդամենը սաստելը: Մ.Խաչատրյանն իր ժամանցային կենտրոնի մոտ տեսնում է 5 անձանց բարձրաձայն վիճելիս, փորձում է նրանց կարգի հրավիրել: Սակայն ոհմակը հարձակվում է նրա վրա, տապալում գետնին ու սկսում ծեծը:
Երբ հիվանդանոց են տեղափոխում Մ.Խաչատրյանին, հարազատներն ասում են, որ նրա ականջից, քթից արյուն էր հոսում:
Մեր տեղեկություններով, մինչ վերջերս ազատ էին հանցագործության ակտիվ մասնակիցներից երկուսը՝ Վահան եւ Վարդան Գրիգորյանները, որոնք երեկ ձերբակալվել են:
Մ.Խաչատրյանի հարազատները մտահոգություն ունեն, թե ազատության մեջ գտնված հանցագործները հետքերը թաքցրած կլինեն:
Առաժմ նախաքննական մարմինը լռում է: