Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ փորձագետ. Չեմ հասկանում՝ դժվա՞ր է ընդունել ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել

Հոկտեմբեր 18,2012 15:23

Ինչպես հաղորդել էինք, այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ԵՄ փորձագետ, քաղաքագետ Նիլս Թգրսենը դասախոսություն կարդաց՝ «Եվրոպան և աշխարհը` եվրոպամերձ տարածքների շեշտադրմամբ» թեմայով:

Քաղաքագետի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու համար կարող է դիմել ցանկացած պետություն՝ համապատասխան պահանջները եւ կանոնները հաստատելու պայմանով, միաժամանակ՝ ձեռք բերելով բազմաթիվ իրավունքներ. «Ներկա պահին շարունակվում են բանակցությունները Իսլանդիայի եւ Թուրքիայի հետ. վերջինս դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Նախատեսում ենք բանակցել Կոսովոյի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ալբանիայի հետ»:

Հայաստանի անդամակցության վերաբերյալ դասախոսն ասաց. «Կան մի շարք պայմաններ, որոնց իրականացումն անհրաժեշտ է առաջնահերթ Հայաստանին, ոչ թե զուտ մեզ գոհացնելու համար: Հայաստանը, ինչպես եւ դիմող յուրաքանչյուր պետություն, պետք է ընդունի ԵՄ-ի տարածաշրջանի համար ընդունված բոլոր համաձայնագրերը: Բացի այդ՝ ունենա ժողովրդավարություն, իշխանության հստակ բաժանում, անկախ դատարան, ներքին հզոր պաշտպանություն, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանվածություն եւ կնոջ ու տղամարդու իրավունքների հավասարություն՝ բոլոր հարթություններում: Նաեւ պետք է ապահովի ազատ տեղաշարժման հնարավորություն եւ «հանի սահմանները»: Միաժամանակ ասեմ, որ անդամ-երկրների ոչ բոլոր քայլերն են ընկնում ԵՄ-ի մանդատի տակ. օրինակ՝ կրթությունը, մշակույթը, լեզուն ազգային հարցեր են եւ այստեղ ԵՄ-ն անելիք չունի: Մեր կարգախոսն է՝ միասնականություն բազմազանության մեջ»:

Նիլս Թգրսենը հավելեց, որ վերոհիշյալ նախապայմանների հիշատակումը չի նշանակում, թե Հայաստանը չի բավարարում դրանց. «Մենք ուրախ կլինենք Հայաստանի հետ համագործակցել, բայց միասին դեռ ճանապարհ ունենք անցնելու»:

Ֆրանսիական համալսարանի ուսանողները հետաքրքրվեցին, թե 1963թ.-ից անդամակցելու հայտ ներկայացրած Թուրքիան ինչու մինչ օրս չի դարձել ԵՄ անդամ: Ի պատասխան՝ Նիլս Թգրսենը նշեց, որ որոշ փորձագետներ երբեմն կատակում են՝ ասելով, թե Թուրքիայի միայն եվրոպական հատվածը կարող է ԵՄ-ին միանալ. «Իրականում փաստ է, որ Թուրքիան ԵՄ-ի տարածաշրջանում է գտնվում, բայց անդամակցելու համար պետք է բավարարի համապատասխան չափանիշներին: Այս տարիների ընթացքում թուրքական բոլոր կառավարությունները նպաստել են բանակցությունների խորացմանը, սակայն կան քաղաքական խոչընդոտներ: Օրինակ՝ Թուրքիան խնդիրներ ունի կապված ժողովրդավարության, ազգային-կրոնական փոքրամասնությունների (հատկապես՝ քրդերի) իրավունքների պաշտպանության, դատարանների անկախության ապահովման հետ: Մյուս խնդիրը Թուրքիայի կողմից գրավված Կիպրոսի հյուսիսային մասն է»:

Անդրադառնալով ցեղասպանության ճանաչման խնդրին՝ փորձագետը հայտնեց, որ ԵՄ-ի կողմից այն չի դիտվում որպես պահանջ. «Անդամակցության պարագայում մյուս երկրները պետք է «այո» ասեն: Այստեղ Թուրքիայի համար կարող է խնդիր առաջացնել Ֆրանսիան, որն ընդունել է Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Մինչեւ Թուրքիան չընդունի ցեղասպանությունը, Ֆրանսիան «այո» չի ասի: Ճիշտ է, զոհերին կենդանացնել հնարավոր չէ, բայց Թուրքիան պետք է լուծի խնդիրը եւ գիտակցի, որ դա խոչընդոտում է իր զարգացմանը: Չեմ հասկանում՝ դժվա՞ր է ընդունել ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031