«Ավանի թիվ 1 ընտրատարածքը տալիս ենք Տարոնին, սա սվոյեյ կոմպաշկոյ»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ իրենց կուսակցության պլենումը որոշում է կայացրել, որ իր՝ նշված ընտրատարածքում առաջադրվելը նպատակահարմար չէ: Մեկնաբանելով որոշումը՝ պարոն Հակոբյանը նշեց. «Սա ողջամիտ որոշում էր, քանի որ ԱԺ-ի ընտրությունները, հատկապես մեծամասնական ընտրակարգով, թողնում ենք քաղաքական չարչիներին ու քաղաքական գործամոլներին: Ժողովուրդը իշխանություն է վաճառում, քաղաքական գործամոլները իշխանություն են առնում»:
Այնուհետև Դ. Հակոբյանն անդրադարձավ Էդ. Շարմազանովի օրեր առաջ հնչեցրած հայտարարությանը, թե ՀՀ նախագահական ընտրություններում պայքար է գնալու միայն երկրորդ պատվավոր տեղի համար: Պարոն Հակոբյանը նշեց. «Անդրադառնամ արքունի թութակներից մեկի հայտարարությանը, թե Սերժ Ազատիչը պարտադիր կվերարտադրվի, գահի վրա վիկինգների դինաստիան կմնա, և պայքար է գնալու երկրորդ պատվավոր տեղի համար: Արքունի թութակին հորդորեմ, որ Աստծուց առաջ չընկնի, քանի որ Աստված երբեմն հանդուգններին չարաչար պատիժներ է շնորհում: Հիշեցնեմ արքունի թութակին, որ նախագահական մարաթոնը՝ դա սպորտային մրցասպարեզ չէ, որ առաջին-երկրորդ տեղը բաշխեն: Նախագահական մարաթոնը մի ստեղծագործական պրոցես է, որտեղ մասնակիցները պետք է ցույց տան իրենց ողջ կարողությունները»:
Դ. Հակոբյանն անդրադառնալով Վ. Օսկանյանի գործի կապակցությամբ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը՝ այն որակեց որպես «բարոյահոգեբանական տրիլլեր»: Հետո էլ մանրամասնեց. «ԱՄՆ-ն տասը տարի շարունակ նախապատրաստում է իր ագենտ 007-ին, Ջեյմս Բոնդին, իսկ մենք գլխի չենք ընկել: Մեղքը բարդում ենք մարդու վրա, փողերի լվացում և այլն, բայց ամենամեծ հանցագործը երկրի երկրորդ նախագահն էր՝ Ռոբին Հուդը և նրա արդարադատության նախարարը: Սա նշանակում է ԱԳ նախարարի վերբովկա, և թող նրանք պատասխան տան: Օսկանյան Վարդանը որպես դեսանտ ԲՀԿ-ում, Ռոբին Հուդը նրան պաշտպանական ճառ ասելու փոխարեն, դամբանական ճառ է արտասանում: Ափսոսում է, բայց ափսոսում են միայն նահատակվածներին, ափսոսանք է հայտնում և փուռն է տալիս ու փախչում: Տեսանք, քո տղամարդկությունը: Փաստորեն ԱՄՆ-ն նախապատրաստում է իր թեկնածուին, Ռուսաստանը քնած է էշի ականջում, չի նախապատրաստում ռուսամետ թեկնածուին: Հորդորում եմ բոլոր ռուսամետ քաղաքական, ձախ ուժերին նախապատրաստել իրենց ռուսամետ թեկնածուին»:
Հարցին՝ Վ. Օսկանյանը կառաջադրվի՞ ՀՀ նախագահական ընտրություններում, պարոն Հակոբյանը պատասխանեց, թե « ինչքան էլ հարգում է իր քաղաքական համեստությունը, քաղաքական գաղափարական կարողությունների առումով, այդ մարդը չի կարող լինել գահի հավակնորդ: Գահի համար նա պիտանի չէ»:
Կարդացեք նաև
Դ. Հակոբյանը նշեց, որ իրենք չեն սատարելու ոչ ոքի, քանի որ գաղափարական առումով դաշտում տորիչելյան դատարկություն է: Ըստ պարոն Հակոբյանի՝ իր մասնակցությունը նախագահական մրցապայքարին ուղղակի անհրաժեշտություն է: Նա նաև նկատեց, որ «մարդիկ գահի վրա ուզում են տեսնել այն մարդուն, ում պորտը կտրվել է մայր Հայաստանում»:
Քաղաքական համերաշխություն ապահովելու համար Դ. Հակոբյանը հետևյալ բանաձևն է առաջարկում. «Խնդրել Լևոն Տեր Պետրոսյանին ղեկավարել ԱԺ-ն, իսկ Գագիկ Ծառուկյանին չփչացնել: Գագիկին տվեք վարչապետի պաշտոնը և քաղաքական ներքին կայունություն ապահովելով գնացեք նախագահական ընտրության: Ոչ թե երկու ձեռքով իշխանության երեք գլուխները գրկենք ասելով՝ լոխ մունք ենք, լոխ մերն է, այդ դեպքում, կներեք, Օսկանյան Վարդանը գնաց գահը»:
Իրեն քաղաքականության և սիրո մեջ ռոմանտիկ համարող Դավիթ Հակոբյանը պաշտում է կանանց և վստահ է, որ նախագահական ընտրություններում իրեն ձայն են տալու հենց կանայք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ